Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան, Կանադան ճանաչեցին Պաղեստինը, և ահա՝ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 157-ը (ավելի քան 80 տոկոսը), որոնց թվում է նաև Հայաստանը, ճանաչում են այն որպես պետություն։
Բայց այս ճանաչումներն ունեն ավելի շուտ դեկլարատիվ դիվանագիտական բնույթ, զուտ սիմվոլիկ նշանակություն։ Պաղեստինը ճանաչող երկրները փորձում են «փրկել» հակամարտության լուծման «երկու պետություն ձևաչափը», որի իրագործումը այլևս անհնարին է թվում, և լուծել որոշ ներքաղաքական հարցեր։ Եվրոպական երկրներում բազմամարդ պրոպաղեստինական ցույցեր են կազմակերպվում, բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են դադարեցնել օգնությունը Իսրայելին՝ մոտ երկու տարի տևող իսրայելական պատերազմը համարելով Գազայում ապրող պաղեստինցիների ցեղասպանություն։ Պաղեստինի սիմվոլիկ ճանաչումը այս կոնտեքստում ներկայացվում է որպես ցուցարարների պահանջների բավարարում։
ԱՄՆ-ն անվերապահորեն աջակցում է Իսրայելին և բացասական գնահատում ՄԱԿ-ի անդամ մյուս երկրների կողմից Պաղեստին պետության ճանաչումը։ «Իրականում սա նրանց արձագանքն է իրենց ներքին քաղաքական վիճակին՝ ցուցարարներ փողոցներում և այլն, և այլն», — վերջին ելույթներից մեկում ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միջին Արևելքում աճող սարսափին դեմ հանդիման մենք փորձում ենք կենդանի պահել խաղաղության և երկու պետություն լուծման հնարավորությունը։ Այսինքն՝ ունենալ ապահով և պաշտպանված Իսրայել՝ կենսունակ Պաղեստին պետության հետ մեկտեղ։ Այս պահին չունենք ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը», — արդարացել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արևմտյան դաշնակիցների այս նախաձեռնությանը ի պատասխան կրկնել է, որ ամեն գնով կանխելու և երբեք թույլ չի տալու Պաղեստին պետության ստեղծումը. «Նման բան չի լինելո՛ւ։ Հորդանան գետից դեպի արևմուտք պաղեստինական պետություն չի լինելո՛ւ»։
ճանաչված և ավելորդ
Ի՞նչ է Պաղեստինի պարագայում նշանակում լինել/դառնալ պետություն։ Մեկ հստակ սահմանում չկա։ Միջազգային իրավունքի համապատասխան տեքստերում պետությունը սահմանելիս հղվում են 1933 թվականի Մոնտեվիդեոյի կոնվենցիային։ Ըստ այդ կոնվենցիայի, պետությունը պարտավոր էլ չէ լինել ճանաչված այլ պետությունների կողմից, բայց այն պետք է ունենա հստակ սահմաններով տարածք, կառավարություն, մշտական բնակչություն և այլ պետությունների հետ հարաբերվելու հնարավորություն։
Շատ երկրներ Պաղեստինը ճանաչել են առանց հստակ սահմաններ նշելու։ Մեծամասնությունը, սակայն, հղվել է մինչև 1967 թվականի իսրայելական ներխուժումը առկա սահմաններին, որոնք ներառում էին Գազայի հատվածը (գրեթե ամբողջությամբ ավիրվել է իսրյալեկան բանակի կողմից), Արևմտյան ափը (մեծամասամբ բռնազավթված է իսրայելական վերաբնակների և նրանց պաշտպանող բանակի կողմից) և Արևելյան Երուսաղեմը (վերահսկվում է Իսրայելի կողմից)։
Ինչ վերաբերում է մշտական բնակչությանը՝ նույնիսկ Իսրայելի վերջին տասնամյակների քաղաքականության (էթնիկ զտումներ, բռնի տեղահանություններ և այլն) պայմաններում Արևմտյան ափի, Գազայի և Արևելյան Երուսաղեմի տարածքում միլիոնավոր պաղեստինցիներ են ապրում։
1990-ականներին Պաղեստինի և Իսրայելի միջև կնքված Օսլոյի համաձայնագրերը պետք է սկիզբ դնեին Պաղեստին պետության ձևավորմանը։ Դրանց շրջանակներում հիմնադրվել էր Պաղեստինյան ինքնավարությունը (ՊԻ, Palestinian Authority), որը ներկայացնում է Պաղեստինը միջազգային կառույցներում, դիվանագիտական հարաբերություններ է պահում այլ երկրների հետ, ունի դեսպանատներ, հյուպատոսություններ և այլն։ Թեև ՊԻ-ն կատարում է որոշակի կառավարական գործողություններ, միջազգային կառույցները բազմիցս հարցականի տակ են դրել այդ մարմնի կարողությունները։ Օրինակ, ՄԱԿ-ի քարտուղարությունը 2011-ին և Միջազգային Քրեական դատարանը 2020-ին նշել են, որ Պաղեստինը բավարարում է Մոնտեվիդեոյի Կոնվենցիայով սահմանված բոլոր պայմաններին՝ բացի սեփական կառավարություն ունենալու պահանջից. Իսրայելի ռազմական ներկայությունը և վերահսկողությունը մի շարք կարևոր ենթակառուցվածքների վրա կասկածի տակ են դնում ՊԻ-ի իրավասությունները։
Սրան գումարվում է նաև Գազայի պարագան։ Պաշարված անկլավում 2007 թվից — դե յուրե և դե ֆակտո — իշխում է ՀԱՄԱՍ-ը, որն Իսրայելի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու պատրվակով իսրայելական բանակը միայն վերջին երկու տարում, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, ավելի քան 66 հազար խաղաղ բնակիչ է սպանել, մոտ երկու միլիոն մարդ (սա Գազայի գրեթե ողջ բնակչությունն է) տնազրկել և ոչնչացրել ամբողջական քաղաքներ։ Թեև Գազայի բլոկադան այս պատերազմով չի սկսվել՝ 2023-ի ռազմական ներխուժումից հետո անկլավը զրկվել է սննդի մատակարարման գրեթե բոլոր ուղիներից, մնալով իսրայելական բանակի թույլատրած հումանիտար օգնության հույսին․ ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայում մասսայական սով է, բնակչության մեծամասնությունը կանգնած է սովամահ լինելու եզրին, ԶԼՄ-ները պարբերաբար հաղորդում են, որ իսրայելական բանակը կրակ է բացում նաև հումանիտար օգնության համար հերթ կանգնած մարդկանց վրա (վերջին չորս ամսում սննդի հերթերում մոտ հազար հինգ հարյուր մարդ է սպանվել՝ ահազանգում են ՄԱԿ-ի առաքելությունները)։
Ինչ վերաբերում է Արևմտյան ափին՝ 1967-ի պատերազմից հետո այնտեղ «հիմնվել է» իսրայելցի վերաբնակների առաջին ավանը՝ Կֆար Էցիոնը։ Դրանից հետո Իսրայելի իշխանությունները պաղեստինական տարածքներում և օկուպացված Արևելյան Երուսաղեմում ավելի քան 160 նման ավան են կառուցել, որոնցում ապրում է շուրջ 700.000 իսրայելցի։ Նրանց «պաշտպանելու» քողի տակ իսրայելցի զինյալները Արևմտյան ափում պարբերաբար գրոհներ են կազմակերպում, պաղեստինցիներին ձերբակալում և ազատազրկում են առանց դատուդատաստանի։
Գազայում ռազմական գործողություններին զուգահեռ իսրայելական ավանների շինարարությունը վերջին տարիներին նոր թափ է ստացել։ Իսրայելի կառավարությունը նոր ծրագիր է հաստատել․ նախատեսվում է Արևմտյան ափով մեկ իսրայելցի նոր վերաբնակների համար կառուցել 3400 տներ՝ միացնելով վերաբնակների արդեն գոյություն ունեցող ավանները մի ճանապարհով, որը նախատեսված կլինի միայն իսրայելցիների համար։
Վերաբնակեցված (և փաստացի օկուպացված) տարածքներում նաև արդյունաբերական կառույցներ ու նոր ենթակառուցվածքներ են ստեղծվում, օրինակ՝ Բարկանի արդյունաբերական պարկը։ Ավանների տնտեսության զարգացմանը խթանելու համար իսրայելական և արտասահմանյան ընկերություններին առաջարկում են հատուկ կառավարական սուբսիդիաներ, վարձույթի ցածր գներ, ձեռնտու հարկային դրույքաչափեր և նույնիսկ էժան պաղեստինական աշխատուժ։ Amnesty International-ի տվյալներով, այդ ավաններում ներդրում ունեցած ձեռնարկությունների շարքում են, օրինակ, Airbnb-ն, Expedia-ն և JCB-ն։
Միջազգային իրավունքի տեսանկյունից բոլոր այս վերաբնակեցման ավաններն անօրինական են։ Բայց 1948 թվականից ի վեր, երբ շուրջ 750.000 պաղեստինցիների վտարեցին իրենց տներից, Իսրայելը հաշվի չի նստում միջազգային կառույցների որոշումների և միջազգային օրենքի այս պահանջի հետ։
ՄԱԿ-ում, ի դեպ, Պաղեստինն ունի «մշտական դիտորդ պետության» կարգավիճակ, ինչը թույլ է տալիս մասնակցել ընթացող պրոցեսներին՝ առանց քվեարկության հնարավորության։
ուտոպիան ընդդեմ ուտոպիայի
Երկու պետության պարադիգմը տասնամյակների կյանք ունի։ Նախքան վերջին պատերազմը (Իսրայելի շարունակական ընդարձակման, պաղեստինյան բնակավայրերի փաստացի շրջափակման և պաղեստինցիների նկատմամբ մեծածավալ ռեպրեսիաների ֆոնին) արևմտյան երկրները և նրանց արաբական դաշնակիցները, այդ թվում սաուդցիներն ու քաթարցիները, հակամարտության «կայուն կարգավորումը» տեսնում էին հենց «երկու պետություն» բանաձևի մեջ՝ տեսական մի մոդել, որում «Պաղեստին պետությունը կապրեր Իսրայելի հետ կողքի կողքի՝ խաղաղության մեջ»։
Մի կողմ թողնելով, որ Իսրայելը և պաղեստինյան առաջնորդներից շատերը դեմ էին այս կարգավորմանը, պետք է արձանագրել՝ միջնորդներից ոչ մեկը հստակ տեսլական չէր ներկայացնում, թե ինչպես պիտի գոյատևի հատվածավորված և մեկուսացված (ընդ որում՝ մեկուսացված ոչ միայն արտաքին աշխարհից, այլև սեփական տարբեր տարածքներից), ապառազմականացված, փաստացի օկուպացված և էթնիկ զտման ենթարկված այդ «քվազի-պետությունը»։
Երկպետականության քննադատներն այդ բանաձևը համարում էին իսրայելական «ապարտեիդի ռեժիմի դիվանագիտական պաշտոնականացման վրա հիմնված վտանգավոր ֆանտազիա» և, որպես այլընտրանք, առաջարկում մեկ պետության գաղափարը։ Մեկ (իսրայելա-պաղեստինյան աշխարհիկ) պետության բանաձևն առաջին անգամ պաշտոնապես առաջ էր քաշվել Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի կողմից՝ Նակսայից (1967-ի վեցօրյա պատերազմից հետո 280-ից 325 հազար պաղեստինցիների բռնի արտաքսումը) անմիջապես հետո: Այնուհետև այն ընդունվել էր Արաֆաթի և Աբու Իյադի կողմից որպես Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) պաշտոնական գիծ:
Օսլոյի համաձայնագրերի հետո՝ 1990-ականներին, պաղեստինցի մտավորականները (Էդվարդ Սաիդը, Գադա Կարմին, Լամա Աբու-Օդեհը, Ջոզեֆ Մասադը, Ալի Աբունիմահը, Ջորջ Բիշարատը և Յուսեֆ Մունայերը) ի թիվս այլոց վերադարձան այս տարբերակին: Իսրայելը, իհարկե, կտրականապես դեմ էր և դեմ է մեկ պետության մոդելին, դրան դեմ են նաև պաղեստինյան այն խմբերը, որոնք Պաղեստին պետություն են պահանջում՝ պաղեստինցի փախստականների լիակատար վերադարձով և իսրայելցի վերաբնակների հեռացմամբ։ Արևմտյան մամուլում մեկ-պետությունը հիմնականում ներկայացվում է որպես ուտոպիստական լուծում։ «Այն իսկապես կարող է ուտոպիստական թվալ, — 2002 թվականին քննադատությանը հակադարձում էր Գադա Կարմին․ — Բայց սա ավելի ուտոպիստական չէ, քան ուրիշի երկրում հրեական պետություն կառուցելու սիոնիստական ձեռնարկությունը»։ Անցած տասնամյակների փորձը վկայում է, որ երկու պետության լուծումը պակաս ուտոպիստական չէր, թեև շարունակվում է շրջանառվել դիվանագիտական բոլոր հարթակներում։
Հիմա՝ Գազայի փաստացի ոչնչացման, հարյուր հազարավոր մարդկանց սովամահության և անվերջանալի պատերազմի ֆոնին, բոլոր այս քննարկումները տեսական բանավեճ են։ Միջազգային քրեական դատարանի և միջազգային այլ կառույցների որոշումները անտեսում է ոչ միայն Իսրայելը, այլ նրա ամենաազդեցիկ դաշնակիցներից Միացյալ Նահանգները։ Իսրայելական բանակը շարունակում է ռազմաֆինանսական օգնություն ստանալ արտասահմանից, պատժամիջոցներ չկան։
Բրիտանական «Պաղեստինի համերաշխության արշավը» սրան արձագանքելու տարբերակ էր առաջարկել դեռ ամիսներ առաջ՝ հրաժարվել մեկ-պետություն, երկու-պետություն, ոչ-մի-պետություն բանավեճերում մասնակցելուց, և առաջնահերթ կենտրոնանալ քաղաքական մոբիլիզացիայի և ճշնում գորածադրելու վրա՝ կտրելու համար այն թելերը, որոնցից կախված է իսրյալեկան ագրեսիան։ Արևմտյան մայրաքաղաքներում շարունակվող պրոպաղեստինյան ցույցերից շատերն այս տրամաբանությամբ են առաջնորդվում։
Սեպտեմբերի 22-ին, օրինակ, Իտալիայում համընդհանուր գործադուլ էր հայտարարվել ի սոլիդարություն Պաղեստինի ժողովրդի։ Մեկօրյա գործադուլը կազմակերպվել էր տեղական արհմիությունների կողմից, կաթվածահար էր արվել տրանսպորտը, դադարեցվել էին բեռնափոխադրումները։ Գործադուլին զուգահեռ իտալական խոշոր քաղաքներում բազմամարդ հանրահավաքներ էին անցկացվել, տեղ-տեղ դրանք վերաճել էին բախումների։
«Սա սոլիդարության քայլ է Գազայի խաղաղ բնակիչների, միջազգային հումանիտար առաքելությունների, պաշարված անկլավին օգնություն տանող Global Sumud նավատորմի նկատմամբ։ Ծովային և ցամաքային տրանսպորտը, լոգիստիկան, կրթությունը՝ բոլոր այս ոլորտները ներգրավված են համընդհանուր գործադուլի մեջ», – գրել էր Euronews-ը։ Գործադուլի պահանջն է՝ Իտալիայի կառավարությունը պետք է խզի իր դիվանագիտական կապերը Իսրայելի հետ, պատժամիջոցներ սահմանի Իսրայելի դեմ, դադարեցնի զենք վաճառել Իսրայելին, միանշանակ դատապարտի ռազմական գործողությունները Գազայում։ Հնչում էին նաև Պաղեստին պետության ճանաչման պահանջներ, և լրատվամիջոցներից շատերը հենց դրանք էին հանել վերնագրեր։