Մեծ Բրիտանիայում գրանցված Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը Հայաստանի դատախազությունից պահանջում է քրեական հետապնդում սկսել հայաստանցի գործարար Դավիթ Փափազյանի նկատմամբ։ Նրան մեղադրում են Գազայում ռազմական հանցագործություններին մեղսակցելու մեջ։
Հիշեցնենք, որ Դավիթ Փափազյանը 2019-2024-ը ղեկավարել է կառավարության ստեղծած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը», որը առավել հայտնի է ԱՆԻՖ (ANIF-Armenian National interests Fund) անգլերեն հապավմամբ: Ֆոնդը փակվել է 2024 թվականին՝ հանրային ռեսուրսները մսխելուց հետո։ ԱՆԻՖ-ին էր պատկանում նաև Fly Arna հայկական ավեաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը․ ավիաընկերությունը միլիոնավոր դոլարների ներդրումներ է վատնել և լուծարվել 2024-ին։
Փափազյանը սրանից հետո փոխել է իր բնակության վայրը (տեղափոխվել է Մեծ Բրիտանիա) և գործունեության ոլորտը։ Նա մեկն է ընդամենը երեք հայտնի անուններից, որ ղեկավարում են վերջերս ստեղծված «Գազայի մարդասիրական հիմնադրամ» (Gaza Humanitarian Foundation -GHF) կոչվող ամերիկյան կազմակերպությունը։ Մայիսին՝ երկու ամիս տոտալ բլոկադայից հետո, Իսրայելն այս ստարտափին արտոնել է մտնել Գազա և սնունդ բաժանել պաղեստինյան անկլավում պաշարված մարդկանց։
Մայիսի 27-ից մինչև հիմա, ուտելիքի բաժանման այս կենտրոններում սպանվել է առնվազն 1373 պաղեստինցի, հայտնում է ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների հանձնակատարի հրապարակած։ Հերթերի մեջ կանգնած մարդիկ սպանվել են իսրայելական բանակի կրակոցներից։
Քանի որ Իսրայելն արգելել է նույնիսկ ձկնորսությունը, իսկ գյուղատնտեսական հիմնարկները և սննդի պահեստները ամբողջությամբ ոչնչացվել են իսրայելական բանակի կողմից, Գազայում ապրող պաղեստինցիների համար սննդի միակ աղբյուրը դրսից բերվող օգնությունն է։ Իսրայելական բանակի պատճառով հումանիտար բեռները որպես կանոն տեղ չեն հասնում․ Գազայում մասսակայան սով է։ Ըստ Al Jazeera-ի՝ անկլավում սովից 263 մարդ է մահացել, այդ թվում՝ 112 երեխա։
Երկու տարվա պատերազմի ընթացքում Գազայում ավելի քան 63 հազար մարդ է մահացել, մեծ մասը՝ կանայք, երեխաներ։ Քաղաքների և ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացված են։
Իրավապաշտպանները GHF-ն համարում են հումանիտար օգնության «լվացման» և «ռազմականացման» ցցուն օրինակ։ «Այն ղեկավարում են զինվորականները՝ ԱՄՆ նախկին հետախույզներ, անվտանգության աշխատողներ։ Սա ռազմական կառույց է, որը աշխատում է հակամարտության միայն մի կողմի՝ Իսրայելի զինված ուժերի հետ։ Չի կարող հակամարտության կողմը որոշել՝ ով, որտեղ և ինչպես պիտի ստանա մարդասիրական օգնությունը», – BBC-ին ասել է Նորվեգիայի փախստականների խորհրդի նախագահ Ջեյն Իգլանդը։
GHF-ի սննդի բաշխման կենտրոնները Գազայի հարավում են միայն։ Գազայի հյուսիսից մարդիկ ստիպված գնում են հարավ։ GHF-ն այսպիսով օգնում է Իսրայելին Գազայի բնակչությանը բռնի տեղահանելու հարցում ևս։