Լուծարված Fly Arna-ի բաժնետեր Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ հայտնում է Global Arbitration Review-ն։ Թե որքան գումար է պահանջում արաբական ընկերությունը Հայաստանից, դեռ հայտնի չէ։
«Հայկական ազգային ավիաուղիները»՝ Fly Arnan-ն բյուջետային (լոուքոսթեր) ավիաընկերություն էր, որը հիմնադրվել էր 2021-ի դեկտեմբերին: Բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում էին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» պետական ՓԲԸ-ին։ Մյուս 49 տոկոսը Air Arabia-ի հետ փոխկապակցված՝ International Business Company ընկերությանն էր։ 2 տոկոսը պատկանում էր լիբանանահայ գործարար, Հայաստանի քաղաքացի Վարուժան Ներգիզյանին։
Fly Arna-ն սկսել է չվերթներ իրականացնել 2022-ի հուլիսից։ 1,5 տարի անց այն ֆինանասակազմակերչական խնդիրների է բախվել և կասեցրել աշխատանքը: Վերջին չվերթը հունվարի 16-ին էր՝ Երևան-Թեհրան-Երևան:
Նախորդ ամռանը Fly Arna-ի բաժնետեր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» հայտնվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Հանձնաժողովը հայտարարել էր՝ ողջամիտ կասկածներ ունի, որ 2019-2023 թվականների ընթացքում (երբ ընկերության տնօրենների խորհրդում նախագահում էր նախկին փոխվարչապետ, Երևանի ներկա քաղաքապետ Տիգրան Ավինյանը) չարաշահումներ են արվել։ Նյութերը փոխանցվել էին Դատախազությանը և Հակակոռուպցիոն կոմիտեին։ Վերջինս քրեական գործ էր հարուցել մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով:
Պետական վերահսկողության ծառայության տնօրեն Ռոմանոս Պետրոսյանն էլ հայտարարել էր, որ ֆոնիդ գումարները անարդյունավետ են ծախսվել, մասնավորապես՝ «ղեկավար կազմի որոշ պաշտոնատար անձինք զգալի պարգևավճարներ են ստացել»։
2022-ի նոյեմբերի վերջին հայկական ավիափոխադրողի երկու Airbus A320 օդանավերից մեկը հանվել էր հայկական ռեգիստրից, հետագայում այն անցել էր Air Arabia-ին: Հայկական օպերատորին մնացել էր միայն մեկ օդանավ: Չվերթները շուտով դադարեցվել էին։
Հիմնադրումից 2․5 տարի անց հայկական ավիաընկերությունը փաստացի լուծարման եզրին էր կանգնել։
Ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով դեկտեմբերին՝ մեկ ամիս անց, 2 միլիարդ դրամով ավելացվել էր Fly Arna-ի կանոնադրական կապիտալը՝ 4․8 միլիարդից հասնելով 6․8 միլիարդի։ Դեկտեմբեր-հունվար ամիսներին էկոնոմիկայի նախարարության միջնորդությամբ նաև ցրկվել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» տնօրենների խորհուրդը։ Խորհրդի նոր նախագահ էր ընտրվել էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։ Ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը պաշտոնանկ էր արվել, նրան որպես ժամանակավոր պաշտոնակատար փոխարինել էր Տիգրան Ղազարյանը:
Նախարար Վահան Քերոբյանն արդարացել էր՝ փոփոխությունների նպատակն այն էր, որ ընկերությունը «բյուրեղյա մաքրությամբ և թափանցիկությամբ» լինի։ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ IMF-ը, և Պետական վերահսկողական ծառայությունից էլ հաղորդել էին, թե «ընկերությունում հայտնաբերվել են պետությունից ստացված ֆինանսական միջոցները անարդյունավետ ծախսելու բազմաթիվ դրվագներ»։
Հայկական նոր ավիափոխադրողին փրկել, սակայն, չէր հաջողվել։ Ընդամենը մեկ ամիս անց՝ հունվարի 30-ին, ընկերության խորհրդի նորանշանակ նախագակ, էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն պաշտոնանկ էր արվել և ձերբակալվել։ Փետրվարի 14-ին պաշտոնից հեռացվել և ձերբակալվել էր նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ենթադրություններ կային, որ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները կապված են հայկական պետական ավիաընկերության վարչարարության ձախողման և կոռուպցիայի հետ։ Հետագայում պարզվեց, որ նրանք բոլորովին այլ քրեական գործով են անցնում։
Իսպիրյանի պաշտոնանկությունից հետո ֆոնդի խորհրդի անդամների թիվը յոթից չորս էր դարձել։
Air Arabia-ն արբիտրաժային հայցի մասին ավելի վաղ տեղեկացրել էր նաև «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»։ Մինչ այժմ այլ մանրամասներ հայտնի չեն։
Հայաստանի դեմ մեկ այլ արբիտրաժային հայց է ներկայացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր Walnort Finance Limited ընկերությունը։ Այն Հայաստանից պահանջում է 1,2 մլրդ․ դոլար։ Հայցը վերաբերում է այն գործարքներին, որոնցով պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր է դարձել նաև Հայաստանի կառավարությունը: Ըստ ընկերության՝ Կռավարությունը խաթարել է իրենց ներդրումային հնարավորությունները։
Մինչև 2018 թվականը Walnort Finance Limited-ի բաժնեմասերը կապվում էին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մերձավորների հետ, 2018-ից հետո դրանք անցան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիների հետ կապված ընկերությանը: 2020-ին բաժնեմասերը գնեց Վանեցյանների բիզնես գործընկեր, Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար, Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովը: 2023-ին Զուրաբովն իր բաժնեմասերը փոխանցեց շվեյցարական Bell Capital իրավաբանական ընկերությանը, որը մասնագիտացած է հենց արբիտրաժային գործերում։