Հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը իսրայելական ավիացիան հարվածել է Գազայի հատվածի հյուսիսում տեղակայված հինգհարկանի բնակելի շինությանը։ Պաղեստինական աղբյուրների փոխանցմամբ, 93 զոհ և անհետ կորած կա։
Շենքը գտնվում էր Բեյթ-Լախիա բնակավայրում։ Ավիահարվածի հետևանքով ստեղծված ավերակների տակ դեռ մարդիկ կան։
Տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել 150 խաղաղ բնակիչներ։ Բեյթ-Լախիայի հիվանդանոցի տնօրեն Աբու Սաֆիան հայտարարել է, որ բուժհաստատությունն ի վիճակի չէ օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին՝ դեղորայքի և բուժաշխատողների պակասի պատճառով։ Հրատապ օգնության համար անհրաժեշտ միջոցները բավարարում են միայն տուժած երեխաներին բուժելու համար։
«Հիվանդանոցում ոչինչ չի մնացել, բացի առաջին բուժօգնության միջոցներից։ Շատ բժիշկներ ու բուժքույրեր ձերբակալվել են զինվորականների կողմից», – ասել է Սաֆիան։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ անցյալ շաբաթ ռեյդ են արել հիվանդանոցում։ Պնդում են, որ այն պատկանում է Համասին և օգտագործվում է որպես շտաբ։ Իսրայելական հրամանատարությունը հայտարարել է, որ վերջին շաբաթներին Գազայում իրականացվող օպերացիայի նպատակն է կանխել Համասի վերախմբավորումը։
Իսրայելի ցեղասպան պատերազմի պատճառով Գազայում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Հարյուր հազարավոր մարդիկ ապրում են սարսափելի պայմաններում։
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսար Ֆոլկեր Թյուրքը հայտարարել է, որ իսրայելական զինվորականների ռմբակոծությունների և պաշարումների հետևանքով Գազայի սեկտորի ողջ բնակչությունը սովի վտանգի առաջ է։
Հոկտեմբերի 28-ին Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, ձայերի մեծամասնությամբ երկու նոր օրենք է ընդունել, որոնց համաձայն ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններին արգելվում է աջակցություն ցուցաբերել պաղեստինցիներին և ցանկացած տեսակի գործունեություն ծավալել Իսրայելի և դրա վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Որպես արդարացում նշում են, որ հումանիտար օգնության աշխատակցիները համագործակցում են պաղեստինական ռադիկալ խմբավորումների ներկայացուցիչների հետ։ Իսրայելական հետախուզությունը պնդում է, որ գործակալության առնվազն 12 աշխատակիցներ կապ ունեն Համասի հոկտեմբերի 7-ի հարձակման հետ։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլեր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված են քաղաքացիական անձանց սպանություններով. «Սա սարսափելի միջադեպ է՝ սարսափելի հետևանքներով։ Այս վերջին հարվածի պատճառով քաղաքացիների վճարած ողբերգական գինը ևս մեկ հիշեցում է, որ այս պատերազմին պետք է վերջ դնել»։
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչներն ասել են, որ ստուգում են քաղաքացիական զոհերի մասին տեղեկատվությունը։ Վերջին երկու շաբաթների ընթացքում իսրայելական զինված ուժերը լայնամաստաբ ռազմական գործողություններ են իրականացնում Գազայի հյուսիսում, մասնավորապես՝ Ջաբալիայում, Բեյթ-Խանունում և Բեյթ-Լախիայում։