հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / 558 լիբանանցիների սպանելուց առաջ Իսրայելը զգուշացրել է 

558 լիբանանցիների սպանելուց առաջ Իսրայելը զգուշացրել է 

Երկուշաբթի առավոտյան 6.30 Իսրայելի բանակը հարձակվել է Լիբանանի տասնյակ քաղաքներում շուրջ 1600 բնակելի շենքերի վրա։ Հրթիռային հարվածներից, ըստ վերջին տվյալների, սպանվել է 558 մարդ, 1835-ը վիրավորվել է, մեծ մասը՝ իրենց տներում քնած։ Այս մասին հայտարարել է Լիբանանի Առողջապահության նախարարը՝ հորդորելով հիվանդանոցներին դադարեցնել հետաձգելի վիրահատությունները և ընդունել միայն վիրավորներին։ 

Լիբանանցիները սկսել են լքել երկրի հարավային շրջանները։ Բեյրութ և ավելի հյուսիս տանող ճանապարհներին խցանումներ են։ 

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ Իսրայելի թիրախում (իրանական պրոքսի) Հեզբոլլահ խմբավորման հրամանատար Ալի Կարակիին էր, նրան հաջողվել է տեղափոխվել ապահով վայր։ 

Իսրայելը քաղաքացիականների սպանդում իրեն մեղավոր չի ճանաչում. իսրայելցի պաշտոնյաները հայտարարում են, թե նախօրոք հաղորդագրություններ են ուղարկել և հորդորել մարդկանց շտապ էվակուացվել։

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսանյութ է հրապարակել. «Ես մեսիջ ունեմ լիբանանցիներին։ Մեր պատերազմը ձեր դեմ չէ, մեր պատերազմը Հեզբոլլահի դեմ է։ Հեզբոլլահը իր ռազմամթերքը պահում է ձեր հյուրասենյակներում և ավտոտնակներում։ Խնդրում եմ՝ հեռացեք վտանգից։ Երբ մեր օպերացիան ավարտվի, դուք կկարողանաք վերադառնալ ձեր տներ»։ 

Հաարեթս թերթի սյունակագիր Գիդեոն Լեվին գրում է, որ նոր լայնամասշտաբ պատերազմ չէր սկսվի, եթե Իսրայելը համաձայներ Գազայում զինադադարի. Հեզբոլլահը մինչ այդ հայտարարել էր, որ չի դադարի աջակցել պաղեստինական ՀԱՄԱՍ-ի դիմադրությանը, մինչև զինադադար չկնքվի Գազայում։ Մեկ տարի տևող պատերազմի հետևանքով պաղեստինյան անկլավը, որը շրջափակված է բոլոր կողմերից, գրեթե գետնին է հավասարեցվել․ պաղեստինյան կողմը 41 հազար զոհ, տասնյակ հազարավոր վիրավորներ, միլիոնից ավել տեղահանվածներ ունի։

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին ուղևորվել է Նյու Յորք, թեև մինչ այս հարձակումը հայտարարել էր, որ չի մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի գագաթնաժողովին։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը CNN-ին ասել է՝ վախենում է, որ «Լիբանանը հնարավոր է դառնա երկրորդ Գազա»։ 

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան թարմացրել են իրենց քաղաքացիներին ուղղված հորդորները՝ լքել Լիբանանը, քանի դեռ կան թռիչքներ։ 

Պենտագոնը հայտարարել է, որ ևս մեկ՝ «փոքր» զորք է ուղարկելու Միջին Արևելք։

Սեպտեմբերի 17-ին Իսրայելի հատուկ ծառայությունները փեյջերների միաժամանակյա պայթյուններ են առաջացրել Բեյրութում։ Առնվազն 37 մարդ է զոհվել, մոտ 470-ը՝ վիրավորվել։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ավելի վաղ հայտարարել է՝ երկիրը «պատերազմի նոր էտապ է սկսել» և «ծանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս»։ Հեզբոլլահի և Իսրայելի առճակատման հետևանքով Իսրայելի հյուսիսից մոտ 60 000 մարդ է տարհանվել, Իսրայելի կառավարությունը վերաձևակերպել է Գազայի դեմ պատերազմի առաջադրանքները՝ տարհանվածների վերադարձը դարձնելով առաջնային նպատակ։