հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Ռուս արվեստագետին դատում են գողականով և մեջբերում ֆրանսիացի փիլիսոփային

Ռուս արվեստագետին դատում են գողականով և մեջբերում ֆրանսիացի փիլիսոփային

Ռուսաստանում մեկ տարվա հարկադիր աշխատանքների են դատապարտել արվեստագետ Վասիլիյ Սլոնովին՝ բանտային դաջվածքներով խաղալիքի համար։ «Նևալյաշկա-տաժանավոր» գործը դատարանը ծայրահեղական է ճանաչել խաղալիքի վրա պատկերված ութանկյուն աստղերի պատճառով։ 

Արվեստագետն անցնում է «էքստեմիստական կազմակերպության խորհրդանիշների հրապարակային և բազմակի ցուցադրության» հոդվածով։ Փետրվարից տնային կալանքի տակ էր պահվում, հիմա աշխատելու է ուղղիչ կենտրոնում՝ մշտական հսկողության ներքո։ Ռուսաստանում գործող կարգավորումների համաձայն Քրեակատարողական ծառայությունն ինքն է ընտրում ուղղիչ աշխատանքային կենտրոնը։ Մեծ է հավանականությունը, որ նրան «կգործուղեն» մշտական բնակության վայրից հեռու աշխատանքային «ճամբար»։

nevalyashka
Նևալյաշկա-տաժանավոր

Ի սկզբանե՝ 2023-ի աշնանը, Սլոնովի նկատմամբ վարչական գործ էին հարուցել՝ հազար ռուբլի տուգանք։ Մեղադրող կողմը պնդում էր, որ տաժանավոր խաղալիքի վրա պատկերված բանտային դաջվածքներից մեկը՝ սպիտակ և կապույտ շողերով ութանկյուն աստղը, «Կալանավորի կենսաձևը մեկն է» (АУЕ) շարժման խորհրդանիշն է։ Ռուսական դատարանն այդ շարժումը ճանաչել է էքստրեմիստական և արգելել։ Գործը ցուցադրվել է Կրասնոյարսկի Novotel հյուրանոցում՝ Gulag Toys ցուցահանդեսի շրջանակներում։

Փետրվարին Սլոնովին ձերբակալել են արդեն քրեական գործի շրջանակներում։ Քանի որ գործի լուսանկարը հրապարակվել է ВКонтакте սոցիալական ցանցում, քննիչները եզրակացրել էին՝ էքստրեմիստական խորհրդանիշը կրկնակի անգամ է ցուցադրվել։ Արվեստագետին տնային կալանքի տակ են առել։

Անցած ուրբաթ նրան հնարավորություն էր տրվել հանդես գալ վերջին խոսքով։

«Ութանկյուն աստղի ցուցադրությունը հանցագործություն է՝ ուղղված պետականության հիմնասյուների դեմ։ Այս ամենը ֆենթըզի-մագիա է հիշեցնում, «Գահերի խաղ»։ Բավական է գրպանից հանել ութանկյուն աստղը և ուղղել այն դեպի Սահմանադրությունը, և Սահմանադրությունը կսկսի խարխլվել։ Կատարյալ խայտառակություն», – ասել է Սլոնովը։ 

Դատական նիստերի ժամանակ նա պարբերաբար նշել է՝ ութանկյուն աստղի ցուցադրությունը Ռուսաստանում արգելված չէ, չկա որևէ իրավական ակտ, որ կարգելեր դա։ Եթե նման արգելք լիներ, նախկին կալանավորների մի ստվար մասին կդատեին․ հարյուրավոր մարդիկ քայլում են փողոցներում նման դաջվածքներով՝ ինքնաբերաբար ցուցադրելով դրանք։

Հուլիսին, սակայն, դատարան է բերվել փորձագետ Միխայիլ Շիբաևը․ մեղադրական վճիռը հենց նրա եզրակացության վրա է հիմնվում։ Շիբաևը հայտարարել է, թե նևալյաշկայի վրա պատկերված մյուս դաջվածքների կոնտեքստում ութանկյուն աստղը անշուշտ ընկալվում է որպես գողական նշան։ Փորձագետը հավելել է՝ իր եզրակացությունը հիմնվում է АУЕ փաստաթղթերի, գողական դրվածքի և քսիվների ուսումնասիրության վրա։ 

«Դուք ծանո՞թ եք հեղինակի կոնցեպտի, հեղինակի մտահղացման հետ։ Համարում եք, որ կարելի է փորձագիտական եզրակացություն տալ [գործի] իմաստի, բովանդակության և ձևի մասին՝ առանց հեղինակի կոնցեպտին ծանոթանալո՞ւ», – Շիբաևին հարցրել է Սլոնովը։

Դատական էքսպերտը՝ հղվել ֆրանսիացի փիլիսոփա Ռոլան Բարտի «Հեղինակի մահը» աշխատության վրա, դրական պատասխան է տվել։

«Եթե դատարանը մեղադրական վճիռ կայացնի՝ հիմնվելով փորձագետ Միխայիլ Շիբաևի վրա, ապա ինչո՞վ է խորհրդակցությունների սենյակը տարբերվելու գողական հավաքից։ Սա նախադեպ է դառնալու, երբ ռուսաստանյան դատարանի որոշումը հիմնվելու է ոչ թե Ռուսաստանի Դաշնության օրենքների, այլ գողական քսիվների վրա», – արձագանքել է արվեստագետը։

«Նևալյաշկա-տաժանավորը» Սլոնովի՝ «Տոտալ նևալյաշկա» նախագծի մի մաս է։ Շարքի վրա նա սկսել է աշխատել 2021 թվականին, կալանավոր խաղալիքից բացի՝ նևալյաշկաներ կան նաև Հոմեր Սիմփսոն, Ջոկերի, Բեթմենի, Դրակուլայի, հասիդ-հրեայի կերպարնով։ 2022-ին նևալյաշկաները ցուցադրվել են Cosmoscow ժամանակակից արվեստի տոնավաճառի շրջանակներում, արվեստագետի կինը պատմել է՝ դրանք գրեթե միանգամից վաճառվել են։ Գնորդների շարքում է եղել նաև ռուսաստանցի հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը, որը Սլոնովի համար դատարան երաշխագիր ուղարկած մարդկանցից մեկն էր։

9002c4470fb642deb0a89c5d2cc62955
Վասիլի Սլոնովը և նրա նևալյաշկան՝ վճռի հրապարակման ժամանակ, Ալեքսեյ Տարասով/ Նովայա Գազետա

«Ես մեղք չունեմ, խիղճս մաքուր է։ Իմ անմեղությունը հիմնավորում եմ հետևյալով․ ես արվեստագետ եմ, – ասել է արվեստագետը։ Տաժանավոր նևալյաշկան, ըստ նրա, ընդամենը հավաքական կերպար է՝ վիզուալ նշաններով, որոնք բնորոշ են կալանավորներին։