Ասանժն ազատ է, իսկ մե՞նք
ՎիքիԼիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ Միացյալ Թագավորությունում բանտարկությանը հաջորդած հինգ տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է հարվածների, որոնք կասկածի տակ են դնում մեր հավաքական ապագան՝ համավարակներ, նոր պատերազմներ, ուժգնացող կլիմայական աղետներ։ Արդյո՞ք լուրեր սպառող հասարակությունը գնահատում է մեր անախորժ վիճակի սարսափելի բնույթը։ Սա լրիվ այլ հարց է։
Ես տարիներով պայքարել եմ Ջուլիան Ասանժի հետ և համար։ Բայց երբ լսեցի, որ նա վերգտել է իր ազատությունը, առաջինը մտածեցի` նա վերադառնում է աշխարհ, որը ավելի վատն է երևում և կա, քան այն, որը թողել էր։ Համավարակները, պատերազմներն ու համատարած էկոլոգիական ավիրածությունները ստիպում են տալ մեծ հարցը. ի՞նչ իմաստով ենք ազատ մենք, որ շնչում ենք մաքուր օդը բանտերից դուրս։
Նույնիսկ մեր գեղարվեստական հաշիվներն են գնալով վատանում։ Նոր մանկական ֆիլմը՝ Գլուխկոտրուկ 2, պատմում է 13-ամյա Ռայլիի մասին, որը սեռահասունության սկզբում է։ Նրա անձնականացված էմոցիաները` Խինդը, Թախիծը, Վախը, Զայրութը, Զզվանքը, նրա մտքում նոր բաժին են հիմնել` «Ես-ի զգացում»։ Հետո չորս նոր էմոցիաներ են գալիս` Անհանգստությունը, Նախանձը, Ամոթը, Կարոտը։ Առաջանում է հակամարտություն։ Խինդը կարծում է, որ Ռայլին պետք է կենտրոնանա ճամբարում զվարճանալու վրա, մինչ Անհանգստությունն ուզում է, որ Ռայլին գրավի իր տեղը թիմում ու նոր ընկերներ ձեռք բերի։ Վերջում առաջին և երկրորդ սերունդների էմոցիաները սովորում են աշխատել միասին` պաշտպանելու համար Ռայլիի անընդհատ փոփոխվող Ես-ի զգացումը, թողնելով հեռուստադիտողներին մարդկային հոգեկանի բացարձակ խարդախ պատկերի հետ։
Իրական աշխարհում ներքին հոգեկան լարումները շատ հաճախ սրվում են և հասնում խելագարության կետի։ Ավելի լավ ֆիլմը կներկայացներ Գազայի ավերակներում ապրող պաղեստինցի տղայի, ոչ թե Լոս Անջելեսի հարուստ արվարձանից աղջկա էմոցիաները։ Կայուն Ես-ի ձևավորման համար հակամարտող էմոցիաները, միասին աշխատելու փոխարեն, նրան կդրդեին հոգեկան խանգարման ու բռնության սուիցիդալ ակտի։ Հիշենք Գ. Կ. Չեսթերտոնի հիանալի նկարագրությունը․
«Թշնամիներով շրջապատված զինվորը, եթե պատրաստվում է ելք գտնել, պետք է միավորի ապրելու ուժեղ ցանկությունը և մեռնելու նկատմամբ տարօրինակ անհոգությունը։ Նա չպետք է զուտ կառչի կյանքից, քանի որ այդ դեպքում կվախվորի և կփախչի։ Նա պետք է փնտրի իր կյանքը դրա նկատմամբ կատաղի անտարբերության ոգու մեջ, նա պետք է փափագի կյանքն ինչպես ջուր, բայց խմի մահն ինչպես գինի»։
Օլեգ Սենցովի վերջին ֆիլմը` Իրական-ը, հակադրությունների այս համադրությունը կատարյալ է մատուցում։ Մի քանի տարի Ռուսաստանում որպես քաղբանտարկյալ անցկացնելուց հետո Սենցովը գնում է առաջնագիծ՝ ուկրաինական բանակի կողմից կռվելու։ Ֆիլմը բաղկացած է ԳոՊրոյով նկարահանված 90 րոպեանոց տեսանյութից, որն արվել է, երբ նա չգիտեր, որ տեսախցիկը միացված է։ Ներկայացված առանց մոնտաժի՝ այն պատկերում է սարսափի ու ձանձրույթի տարօրինակ խառնուրդը, որը ձևակերպում է կյանքն առաջին գծում։
Այս երկակիությունը ձգվում է ֆիլմով մեկ։ Իրականի բանալ դաժանությունը շեշտադրված է կախարդական պահերով մի բանի, որը լավագույնս կարելի է նկարագրել որպես անիմաստ իմաստ։ Սենցովը հիշում է պահը՝ Իրականի տեսագրությունից հենց առաջ. «Զինվոր կար, ածականը` Ջոնի, աֆղանական պատերազմի վետերան էր։ Գնում էր, որ տարհանի վիրավորներին, բայց խփեցին։ Նա կարողացավ անել իր վերջին ռադիո հաղորդումը, որը սկսվում էր այսպես․ «Սա Ջոնին է, ես մեռա»»։ Դա իսկական մետաֆիզիկական անհեթեթության պահ է։
Շատ գրախոսներ հավատում են, որ Իրականը ցույց է տալիս պատերազմն այնպիսին, ինչպիսին այն կա։ Եթե դա էր Սենցովի ուղերձը, նրա ֆիլմը կլինի ևս մեկ պացիֆիստական ձոն պատերազմի անիմաստ անհեթեթությանը։ Բայց չնայած Սենցովը հասկանում է իրավիճակի դաժան անիմաստությունը, նա ի վերջո հավատում է, որ արդար նպատակի համար պայքարը պետք է շարունակվի։
Մերկացնելով մարտադաշտի հերոսության ռոմանտիզմը, Իրականը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում խիզախությունը՝ ընդունել ռազմական պայքարի թշվառությունը և չաղավաղել այն պաթետիկ ֆանտազիաներով։
Սա է այն ուղերձը, որի կարիքը մենք ունենք հենց հիմա։ Ուկրաինայի դեպքում պացիֆիզմն օգտագործվել է Ռուսաստանի ռազմական ագրեսիան արդարացնելու համար։ Ուկրաինային արևմտյան աջակցությանն ընդդիմացողների մեսիջը հետևյալն է. «Դուք չպետք է դիմադրեք օկուպանտին, քանի որ այդ դեպքում կդառնաք նույնը»։ Սուրբ Հողում ուղերձը նույնն է, բայց մեյնսթրիմ մեդիաների կողմից իրադարձությունների լուսաբանումը շատ տարբեր է։ Հետևողական ջանքեր են գործադրվում տեղի ունեցողի մեր ընկալումը ձևավորելու և մանիպուլացնելու ուղղությամբ` սահմանափակելու համար դրա էմոցիոնալ ազդեցությունը։ Մինչ իսրայելցիները սպանվում են «ջարդերի» արդյունքում, պաղեստինցիները պարզապես «մեռած են հայտնաբերվում»։ «Փափուկ» գրաքննության այս ձևերը թափանցում են հանրային դիսկուրս։
Գիտեի՞ք, որ իսրայելցի հրեա մտավորականների մի մեծ խումբ վերջերս կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին, Միացյալ Թագավորությանը և մյուսներին ճանաչել Պաղեստինի պետությունը։ Այս խիզախ գործողությունը հազիվ թե լուսաբանվել է Արևմտյան մամուլում։ Կարևոր իրադարձությունները, որոնք կարող են խաթարել Արևմտյան հասարակության զգայությունները, կա՛մ չեն հիշատակվում, կա՛մ լուսաբանվում են որպես փոքր գրառում էջի ներքևում։
Քանի՞ հոգի է նկատել, որ 2024 թվականի հունիսի 20-ին Իսրայելը գործի է դրել այն, ինչը Արևմտյան ափի անեքսիա է համարվում` Իսրայելի պաշտպանության ուժերի լիազորությունները փոխանցելով «պրո-վերաբնակ քաղաքացիական ծառայողներին»: Այս քայլի հեգնանքը պաղեստինցիների կողմից աննկատ չի մնա: Թեև ռազմական օկուպացիան որոշակի հեռավորություն է ենթադրում Իսրայելից, այս նոր բաշխումը նշանակում է, որ նրանք [Արևմտյան ափի պաղեստինցիները] ինտեգրվում են Իսրայելի քաղաքացիական կարգում, չնայած որ այնտեղ գերակշռում են շովինիստները, որոնք ձգտում են բացառել նրանց:
Այս օրինակները ցույց են տալիս, թե ինչու մենք ունենք Ասանժի նման հերոսների կարիք։ Նա արել է այն, ինչ պետք էր անել, և բարձր գին է վճարել։ Ժամանակն է, որ ուրիշները շարունակեն նրա սկսած գործը։ «Գործ» ասելով ես նկատի ունեմ ոչ թե ուղղակի աշխատանքը, այլև արձակուրդը՝ մի բան, որ դու կոչված ես անելու միշտ։ Ասանժը չի ընտրել թողարկել ՎիքիԼիքսը և բացահայտել պետական գաղտնիքները` իր կյանքը համեմելու համար։ Նա արել է դա, քանի որ այլ կերպ չէր կարող։ Դրա համար էլ կասկածներ ունեմ, որ նա երջանիկ մարդ է, չնայած բոլոր տառապանքներին, որոնց դիմացել է։
Սլավոյ Ժիժեկ
անգլերեն բնագիրը՝ Project Syndicate
թարգմանությունը՝ Մարուսյա Սեփխանյան