Home / Հայաստան / Ադրբեջանական ռեժիմը դարձել է համաշխարհային բռնության մաս

Ադրբեջանական ռեժիմը դարձել է համաշխարհային բռնության մաս

ադրբեջանական Feminist Peace Collective-ի հայտարարությունը

2024 թվականի մայիսի 14-ին «Filistin İçün Bin Genç» (Հազարավոր երիտասարդներ հանուն Պաղեստինի) խումբը բողոքի ակցիա է արել SOCAR-ի (Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերություն) ստամբուլյան գրասենյակի դիմաց։ Շենքի վրա ներկ է լցվել, որը խորհրդանշում էր արյունը։ Ցուցարարները դեմ էին Իսրայելին ադրբեջանական նավթ վաճառելուն․ մատակարարումն իրականացվում է Թուրքիայով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով և ուղղակիորեն վառելիք է ապահովում զենքերի համար, որոնցով ցեղասպանություն է իրականացվում Գազայում։

Հունիսի 2-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ռեյդեր է արել 16 ցուցարարների տներում ու կալանավորել նրանց։

https://twitter.com/filistinicinbin/status/1796542228938301706

2021-ին Իսրայելն իր նավթի 65 տոկոսը ներմուծել է Ադրբեջանից, որը հիմնական մատակարարն է մնում նաև այսօր։ Փոխարենը, ըստ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի, Ադրբեջանը 2017-2020 թվականներին իր զինամթերքի ավելի քան 60 տոկոսը գնել է Իսրայելից։ Ադրբեջանն Իսրայելից միայն զենք չի ներմուծում, այլև Pegasus լրտեսական ծրագիրը` ակտիվ քաղաքացիներին վերահսկելու և հետապնդելու համար։

Էներգետիկ և ռազմական փոխգործակցությունը ոչ միայն չափազանց շահավետ է եղել երկու կողմերի համար, այլև հնարավոր է դարձրել նրանց դաժան պատերազմները։ Մի կողմից, դա ապահովել է Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի դեմ 2020 թվականին մեկնարկած պատերզմում և թույլ է տվել վերահսկել ու ճնշել քաղաքացիական հասարակությանը, այդ թվում՝ պատերազմին ընդդիմացողներին։ Մյուս կողմից, ամիսներ շարունակ նյութական օժանդակություն է ցուցաբերվել Իսրայելին՝ Գազան ռմբակոծելու և պաղեստինցիներին ցեղասպանելու համար։

Ադրբեջանական նավթը և համաշխարհային կապիտալիզմը

Ադրբեջանը գլոբալ կապիտալից ուժեղ կախվածություն ունեցող բռնապետություն է։ Բնական ռեսուրսները՝ նավթն ու գազը, չեն պատկանում ժողովրդին և դուրս են նրա վերահսկողությունից։ Դրանք նույնիսկ Ադրբեջանի տեղական իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ չեն։ British Petroleum-ի պես գաղութատիրական հաստատությունները մնում են նավթահանքերի շահագործման հիմնական շահառուները։ Օրինակ, 2023 թվականին SOCAR-ը Իսրայելի Լևիաթան հանքավայրը շահագործելու և նավթի ու գազի հետազոտություններ իրականացնելու լիցենզիա է ստացել։ Կասկածելի է, թե այդ լիցենզիան որքանով է պատկանում անմիջականորեն SOCAR-ին։

Կասկածների համար շատ պատճառներ կան։ Նախ, SOCAR-ը մրցույթին մասնակցել է British Petroleum-ի հետ, որը տիրապետում է Ադրբեջանի նավթային արդյունաբերության հիմնական (30.37%` ամենամեծ բաժնետերը) մասին։ Երկրորդ, SOCAR-ի անկախ գործողությունների նկատմամբ թերահավատություն է բորբոքում Ադրբեջանի նավթագազային սեկտորի (որը գործում է նեոլիբերալ և նոր էքստրակտիվիստական կապիտալիստական սկզբունքներով) ընդհանուր կառավարումը։ Նոր էքստրակտիվիզմի համաձայն, գլոբալ կապիտալի համար ավելի հարմար և վերադաս են ազգային պետության ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունները` առանց այնպիսի խոչընդոտների, ինչպիսիք են ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, բնապահպանները կամ այլ ակտիվիստները։ Գլոբալ կապիտալը ոչ միայն ընդունում է, այլև շահագրգռված է Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի հարատևմամբ։

1990-ականներից սկսած, երբ SOCAR-ի, British Petroleum-ի և արտասահմանյան նավթային այլ ընկերությունների միջև Արտադրության Համօգտագործման Համաձայնագիր ստորագրվեց 30 տարի ժամկետով, իսկ 2017-ին՝ երկարաձգվեց մինչև դարի կեսեր, Ադրբեջանի նավթի և գազի տնտեսկան սեկտորն ամբողջությամբ առաջնորդվում է նեոլիբերալ կանոններով։

Օտարերկրյա ներդրողներն անսահմանափակ հասանելիություն ունեն տնտեսության այս հատվածին, ավելին՝ այս սեկտորում կնքված պայմանագրերն ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան օրենքները և անգամ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունը։ Ադրբեջանի սովորական քաղաքացին առանձնապես ոչ մի օգուտ չի ստանում այս արտադրությունից, սոցիալական անհավասարության ցուցանիշներով Ադրբեջանը շատ ցածր է համաշխարհային միջինից։ Հանածոների հետ կապ չունեցող տնտեսական ոլորտներն ամբողջությամբ մենաշնորհված են տեղական բռնապետ Ալիևի ընտանիքին փոխկապակցված մարդկանց կողմից։

Միջազգային համերաշխության կոչ

Քաղաքական պրոտեստները հազիվ թե հնարավոր են Ադրբեջանում։ Վերջին տարիները վճռական էին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մնացորդների ոչնչացման համար։ Շահագրգռված ադրբեջանական նավթով՝ արևմտյան հաստատություններն աչք են փակում ավտորիտար քաղաքականության, բռնաճնշումների, պատերազմ հրահրելու վրա և օգնում են ճերմակացնել Ադրբեջանին` COP29-ի պես միջոցառումներ անց կացնելով։ Մենք դիմում ենք Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի բոլոր ակտիվիստական խմբերին, որոնք ընդդիմանում են և փորձում են կանգնեցնել այս ցեղասպանությունը։ Ադրբեջանի նավթն է, որ հնարավոր է դարձնում Իսրայելի ռազմական գերակայությունը։ Մենք պետք է կանգնեցնենք դրա հոսքը։

Ադրբեջանական ավտորիտարիզմն անցել է իր ժողովրդին ճնշելուց անդին և դարձել համաշխարհային բռնության մաս։ Սա հնարավոր է կանխել միայն միջազգային համերաշխության և ստորին ինքնակազմակերպման միջոցով:

https://twitter.com/filistinicinbin/status/1797290872494502356

հուլիսի 2, 2024
ադրբեջաներեն բնագիրը՝ հղումով, անգլերեն թարգմանությունը՝ հղումով