Գլոբալ պատերազմի ռեժիմ
Մենք կարծես թե մտել ենք անվերջանալի պատերազմի շրջան, որը տարածվում է աշխարհով մեկ և ցնցում նույնիսկ համաշխարհային համակարգի կենտրոնական հանգույցները: Յուրաքանչյուր ժամանակակից հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը և խաղադրույքները, բայց արժի մի քայլ հետ գնալ և դնել դրանք ավելի լայն շրջանակում: Մեր հիպոթեզն այն է, որ ձևավորվում է գլոբալ պատերազմի ռեժիմ, որտեղ կառավարումը և ռազմական վարչակազմը սերտորեն փոխկապակցված են կապիտալիստական կառույցների հետ: Առանձին պատերազմների դինամիկան հասկանալու և դիմադրության համարժեք նախագիծ ձևակերպելու համար անհրաժեշտ է հասկանալ այս ռեժիմի ուրվագծերը։
Գլոբալ պատերազմի թե՛ հռետորաբանությունը և թե՛ գործողությունները կտրուկ փոխվել են 2000-ականներից, երբ «խարդախ պետությունը» և «ձախողված պետությունը» բանալի գաղափարախոսական հասկացություններն էին, որոնք հորինվել էին՝ բացատրելու ռազմական հակամարտությունների բռնկումը, որոնք, ըստ սահմանման, մնում էին պերիֆերիկ: Սա ենթադրում էր կայուն և արդյունավետ կառավարման միջազգային համակարգ՝ գերիշխող ազգային պետությունների և համաշխարհային ինստիտուտների առաջնորդությամբ: Այսօր այդ համակարգը ճգնաժամի մեջ է եւ անկարող է կարգուկանոն պահպանել։
Զինված հակամարտությունները, ինչպես Ուկրաինայում և Գազայում, ներքաշում են միջազգային խաղաբեմի ամենահզոր դերակատարներին՝ կանչելով միջուկային էսկալացիայի ուրվականը: Համաշխարհային համակարգերի մոտեցումը, որպես կանոն, դիտարկում է նման խափանումները որպես հեգեմոնիկ անցման նշաններ, ինչպես 20-րդ դարի համաշխարհային պատերազմները նշանավորեցին անցումը բրիտանականից դեպի ԱՄՆ գլոբալ հեգեմոնիա: Բայց այսօրվա համատեքստում խափանումը իշխանության ոչ մի փոխանցում էլ չի կանխագուշակում. ԱՄՆ հեգեմոնիայի անկումը սկիզբ է դնում մի ժամանակաշրջանի, երբ ճգնաժամը դարձել է նորմ:
Մենք առաջարկում ենք «պատերազմական ռեժիմ» հայեցակարգը՝ հասկանալու այս ժամանակաշրջանի բնույթը: Այն առաջին հերթին երևում է տնտեսական կյանքի ռազմականացման և «ազգային անվտանգության» պահանջների հետ դրա աճող համապատասխանեցման մեջ։ Ո՛չ միայն ավելի շատ պետական ծախսեր են նախատեսվում սպառազինության համար, տնտեսական զարգացումն ամբողջությամբ, ինչպես գրում է Ռաուլ Սանչես Սեդիլոն, ավելի ու ավելի է ձևավորվում ռազմական և անվտանգային տրամաբանությամբ։
Արհեստական ինտելեկտի արտասովոր առաջընթացը մեծ մասամբ պայմանավորված է ռազմական շահերով և պատերազմում կիրառելի տեխնոլոգիաներով: Լոգիստիկ շղթաները և ենթակառուցվածքները նմանապես հարմարվում են զինված հակամարտություններին և գործողություններին: Տնտեսականի և ռազմականի միջև սահմաններն էլ ավելի են լղոզվում: Տնտեսական որոշ ոլորտներում դրանք անտարբերելի են։
Պատերազմական ռեժիմն ակներև է նաև սոցիալական դաշտի ռազմականացման մեջ։ Երբեմն դա այլախոհությունը ճնշելու և դրոշի շուրջ համախմբվելու անթաքույց ձև է ընդունում: Բայց այն նաև դրսևորվում է բազմաթիվ սոցիալական մակարդակներում իշխանության հանդեպ հնազանդությունն ամրապնդելու ավելի ընդհանուր փորձով: Ռազմականացման ֆեմինիստական քննադատություններն արդեն վաղուց ընդգծում են ոչ միայն առնականության թունավոր ձևերը, որոնք այն մոբիլիզացնում է, այլև ռազմական տրամաբանության աղճատող ազդեցությունը բոլոր սոցիալական հարաբերությունների և հակամարտությունների վրա:
Աջակողմյան տարբեր գործիչներ՝ Բոլսոնարոն, Պուտինը, Դուտերտեն, հստակորեն կապում են իրենց միլիտարիստական էթոսը սոցիալական հիերարխիայի պահպանության հետ: Նույնիսկ երբ դա արտաքուստ արտահայտված չէ, մենք կարող ենք տեսնել ռեակցիոն քաղաքական ռեպերտուարի տարածումը, որը մեկտեղում է միլիտարիզմը սոցիալական ռեպրեսիայի հետ. ռասայական և գենդերային հիերարխիայի վերահաստատում, միգրանտների նկատմամբ հարձակումներ և բացառում, աբորտների հասանելիության արգելք կամ սահմանափակում և գեյերի, լեսբիների, տրանսերի իրավունքների խախտում, որոնք հաճախ վկայակոչում են մոտալուտ քաղաքացիական պատերազմի վտանգը:
Ուրվագծվող պատերազմական ռեժիմը տեսանելի է նաև վերջին հեգեմոնիկ պատերազմական արշավների շարունակական ձախողումների շուրջ թվացյալ պարադոքսի մեջ: Արդեն առնվազն կես դար ԱՄՆ-ի բանակը` լինելով մոլորակի ամենաշքեղ ֆինանսավորվող և տեխնոլոգիապես զարգացած մարտական ուժը, չի արել ոչինչ, բացի պատերազմներում պարտվելը՝ Վիետնամից մինչև Աֆղանստան և Իրաք: Նման ձախողման խորհրդանիշը ռազմական ուղղաթիռն է, որը տեղափոխում է վերջին ամերիկյան անձնակազմին` իր հետևից ավերված լանդշաֆտ թողնելով: Ինչո՞ւ է նման հզոր ռազմական մեքենան շարունակում ձախողել:
Ակնհայտ պատասխաններից մեկն այն է, որ Միացյալ Նահանգներն այլևս այն կայսերապաշտ հեգեմոնը չէ, ինչպես ոմանք դեռ հավատում են: Այնուամենայնիվ, ձախողման այս դինամիկան նաև բացահայտում է համընդհանուր գլոբալ ուժային կառուցվածքը, որ նման հակամարտություններն օգնում են պահպանել: Այստեղ արժի հիշել Ֆուկոյի աշխատությունը բանտի` իր հայտարարած նպատակներին հասնելու մշտական ձախողումների մասին: Իր ստեղծման օրվանից, նա նշում է, ուղղիչ համակարգը, որն իբրև նվիրված է հանցավոր վարքագիծը շտկելուն և վերափոխելուն, արել է հակառակը՝ շատացրել է կրկնահանցագործությունները, իրավախախտներին վերածել է հանցագործների և այլն:
«Գուցե, – գրում է նա, – պետք է փոխել խնդիրը և հարց տալ` ինչի՞ն է ծառայում բանտի ձախողումը. . . Թերևս պետք է փնտրել այն, ինչը թաքնված է պատժիչ հիմնարկի ակնհայտ ցինիզմի տակ»: Այս պարագայում և՛ս հարկավոր է շրջել խնդիրը և հարցնել, թե ինչին են ծառայում ռազմական մեքենայի ձախողումները. ինչ է թաքնված դրա տեսանելի նպատակների հետևում։ Այն, ինչ մենք հայտնաբերում ենք խնդիրը շրջելիս, փակ դռների հետևում դավադրություններ կազմակերպող ռազմական և քաղաքական առաջնորդների որոգայթը չէ՛։
Դա ավելի շուտ այն է, ինչ Ֆուկոն կանվաներ կառավարման նախագիծ: Զինված առճակատումների անդադար շքերթը՝ մեծ ու փոքր, ծառայում է ռազմականացված կառավարման կառույցի ամրապնդմանը, որը տարբեր վայրերում տարբեր ձևեր է ընդունում և առաջնորդվում է ուժերի բազմամակարդակ կառուցվածքով` ներառյալ դոմինանտ ազգային պետությունները, վերազգային ինստիտուտները և կապիտալի մրցակցող սեկտորները, որոնք երբեմն համընկնում են, երբեմն` հակասում:
Պատերազմի և կապիտալի շղթաների սերտ հարաբերությունը նորություն չէ։ Ժամանակակից լոգիստիկան ունի ռազմական ծագումնաբանություն, արմատներ գաղութատիրական նկրտումներում ու Ատլանտյան ստրուկների առևտրում: Այնուամենայնիվ, ներկայիս գլոբալ կոնյուկտուրան բնութագրվում է «աշխարհաքաղաքականության» և «աշխարհատնտեսության» աճող միաձուլմամբ՝ պայմաններում, երբ ստեղծվում ու վերաստեղծվում են արժեզրկման և կուտակման տարածքներ, որոնք հատվում են մոլորակով մեկ քաղաքական իշխանության վիճարկվող բաշխման հետ:
Covid-19 համաճարակի լոգիստիկ խնդիրները հող նախապատրաստեցին հաջորդող ռազմական ալեկոծությունների համար: Նավահանգիստներում խրված բեռնարկղերի պատկերներն ազդարարում էին, որ համաշխարհային առևտուրը քարացել է։ Կորպորացիաները կատաղի փորձեր էին անում հաղթահարելու ճգնաժամը` վերամիավորելով հին ուղիները և բացելով նորերը: Հետո եղավ Ուկրաինա ներխուժումը, որպես հետանք՝ լոգիստիկ նոր խափանումները:
Ռուսաստանից Գերմանիա նավթի և գազի առևտուրը պատերազմի գլխավոր զոհերից մեկն էր, հատկապես Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի վրա տպավորիչ դիվերսիոն հարձակումից հետո, որը թարմացրեց խոսակցությունները «nearshoring»-ի (խմբ. տնտեսագիտության մեջ nearshoring է կոչվում բիզնես օպերացիաները մոտ կամ հարևան երկրներ տեղափոխելը` ծախսերը քչացնելու նպատակով) կամ «friendshoring»-ի (խմբ. բիզնես օպերացիաները ընկեր երկրների հետ իրականացնելը) շուրջ՝ որպես արևմտյան տնտեսությունները Մոսկվայի էներգետիկ պաշարներից կտրելու մարտավարություն։ Պատերազմը դադարեցրեց նաև ցորենի, եգիպտացորենի և ձեթի սերմերի հոսքը: Եվրոպայում էլեկտրաէներգիայի գներն աճեցին; Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում պարենային ապրանքները սակավացան; Լեհաստանի, Չեխիայի և Ուկրաինայի միջև լարվածությունը մեծացավ` ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սահմանափակումների չեղարկումից հետո։
Գերմանական տնտեսությունը լճանում է, ԵՄ անդամ մի քանի այլ երկրներ ստիպված վերակազմակերպել են էներգիայի մատակարարումը` գործարքներ կնքելով հյուսիսաֆրիկյան երկրների հետ: Ռուսաստանն իր էներգակիրների արտահանումը ուղղել է դեպի արևելք, հիմնականում՝ Չինաստան և Հնդկաստան: Նոր առևտրային ուղիները, օրինակ` Վրաստանի տարածքով, թույլ են տվել գոնե մասամբ շրջանցել արևմտյան պատժամիջոցները: Ակնհայտ է, որ լոգիստիկ տարածքների այս վերակազմավորումը հակամարտության հիմնական խաղադրույքներից է:
Լոգիստիկ և ենթակառուցվածքային դասավորվածությունները որոշիչ են նաև Գազայում, թեև դրանք հաճախ մթագնում են սպանդի անտանելի տեսարանով: Միացյալ Նահանգները հույս ուներ, որ Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքը, որը Հնդկաստանից մինչև Եվրոպա է ձգվում Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Իսրայելի և Հունաստանի միջով, կամրապնդի իր տարածաշրջանային տնտեսական ազդեցությունը և կհակակշռի Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը:
Սա հենվում էր արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, որը գուցե մահացու խարխլվել է շարունակվող պատերազմի պատճառով: Ավելին՝ Կարմիր ծովում հութիների հարձակումները ստիպել են խոշոր նավագնացային ընկերություններին խուսափել Սուեզի ջրանցքից և գնալ ավելի երկար ու թանկ երթուղիներով: ԱՄՆ զինուժն այժմ նավահանգիստ է կառուցում Գազայի ափերի մոտ՝ իբր օգնություն մատակարարելու համար, թեև պաղեստինյան կազմակերպությունները պնդում են, որ դրա վերջնական նպատակը էթնիկ զտումներին օժանդակումն է։
Ուկրաինայում և Գազայում մարտերը կապիտալի տարածքների համաշխարհային վերափոխման օրինակ են: Շրջանառության կարևոր կետերը վերաձեւավորվում են պատերազմական ռեժիմի ներքո՝ ազգային պետությունների ակտիվ միջամտությամբ: Սա ենթադրում է քաղաքական և տնտեսական տրամաբանության միախառնում. երևույթ, որն էլ ավելի ակնհայտ է «Հնդխաղաղօվկիանոսյան» տարածաշրջանում, որտեղ աճող լարվածությունը Հարավչինական ծովում և ռազմական դաշինքները, ինչպիսին է AUKUS-ը, ազդում են տնտեսական ցանցերի վրա, ինչպիսին Համապարփակ և Առաջադեմ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունն է։ Այս անցումային շրջանում յուրաքանչյուր հակամարտություն կամ մատակարարման շղթայի խախտում կարող է օգուտ բերել այս կամ այն պետությանը կամ կապիտալիստական խաղացողին: Ինչևէ, համակարգը որպես ամբողջություն, սեղմված է աճող տարածական մասնատվածությամբ և անկանխատեսելի աշխարհագրությունների ի հայտ գալով:
Համաշխարհային պատերազմի ռեժիմին հակադրվելիս՝ կարևոր են և՛ հրադադարի, և՛ զենքի էմբարգոյի կոչերը, բայց ներկա պահը պահանջում է նաև համահունչ ինտերնացիոնալիստական քաղաքականություն: Անհրաժեշտ են դասալքության համակարգված գործողություններ, որոնց միջոցով մարդիկ կարող են արմատապես կտրվել ստատուս քվոյից: Գրելու պահին այս նախագիծն առավել հստակորեն ուրվագծվում է Պաղեստինի հետ համերաշխության համաշխարհային շարժման մեջ:
19-րդ և 20-րդ դարերում ինտերնացիոնալիզմը հաճախ ընկալվում էր որպես ազգային նախագծերի միջև համերաշխություն: Սա երբեմն ճիշտ է նաև այսօր, ինչպես Հարավային Աֆրիկայի հայցը Արդարադատության Միջազգային դատարանում: Բայց ազգային ազատագրական կոնցեպտը, որը հիմք է ծառայել հակագաղութային պայքարների համար անցյալում, ավելի ու ավելի անհասանելի է թվում: Մինչ Պաղեստինի ինքնորոշման համար պայքարը շարունակվում է, երկու-պետություն լուծման և ինքնիշխան Պաղեստին պետության հեռանկարները գնալով ավելի անիրատեսական են դառնում:
Ուրեմն ինչպե՞ս կարող ենք կառուցել ազատագրման նախագիծ՝ առանց ազգային ինքնիշխանությունը որպես նպատակ ենթադրելու: Այն, ինչը վերանորոգվելու և ընդլայնվելու կարիք ունի՝ հենվելով մարքսիստական և պանաֆրիկյան որոշակի ավանդույթների վրա, ինտերնացիոնալիզմի ոչ ազգային ձևն է, որը կարող է դիմակայել ժամանակակից կապիտալի գլոբալ շղթաներին:
Ինտերնացիոնալիզմը կոսմոպոլիտիզմ չէ, այսինքն՝ այն ավելի շուտ նյութական, կոնկրետ և տեղական հիմքեր է պահանջում, քան ունիվերսալիզմի վերացական հավակնություններ: Սա չի բացառում ազգային պետությունների լիազորությունները, բայց դնում է դրանք ավելի լայն համատեքստի մեջ: 2020-ականներին հարիր դիմադրության շարժումը պետք է ներառի մի շարք ուժեր, այդ թվում` տեղական և քաղաքային կազմակերպություններ, ազգային կառույցներ և տարածաշրջանային խաղացողներ:
Քրդական ազատագրական պայքարները, օրինակ, տարածվում են ազգային սահմաններից դուրս և սանձում են սոցիալակա՛ն սահմանները Թուրքիայում, Սիրիայում, Իրանում և Իրաքում: Անդերի բնիկ շարժումները նույնպես արհամարհում են նման բաժանումները, իսկ ֆեմինիստական կոալիցիաները Լատինական Ամերիկայում և դրանից դուրս ոչ ազգային ինտերնացիոնալիզմի հզոր մոդել են:
Դասալքությունը, որը [դատից] խուսափելու պրակտիկաներ է ենթադրում, պատերազմին դիմադրելու գերակա մարտավարություններից է: Ոչ միայն զինվորները, այլև հասարակության բոլոր անդամները կարող են դիմադրել՝ պարզապես հանելով իրենց պատերազմի նախագծից: Իսրայելի պաշտպանության ուժերի կամ ռուսական բանակի, կամ ԱՄՆ զինված ուժերի զինվորների համար սա դեռ իմաստալից քաղաքական ակտ է, չնայած գործնականում կարող է չափազանց դժվար տրվել: Սա կարող է ճիշտ լինել նաև ուկրաինացի զինվորների դեպքում, թեև նրանց իրադրությունը բոլորովին այլ է: Բայց Գազայի հատվածում թակարդվածների համար սա հազիվ թե տարբերակ լինի: Ուստի, պատերազմական ռեժիմից դասալքությունը պետք է որոշվի ոչ ավանդական ձևով:
Այս ռեժիմը, ինչպես արդեն նշեցինք, անցնում է ազգային սահմաններն ու կառավարման կառույցները։ ԵՄ-ում կարելի է հակադրվել սեփական ազգային կառավարությանը և նրա ջինգոիստական դիրքորոշումներին, սակայն պետք է նաև պայքարել հենց առևտրային բլոկի վերազգային կառույցների դեմ՝ միաժամանակ գիտակցելով, որ նույնիսկ Եվրոպան որպես ամբողջություն ինքնիշխան դերակատար չէ այս պատերազմներում: ԱՄՆ-ում ռազմական որոշումներ կայացնող կառույցները և մարտական ուժերը նույնպես դուրս են գալիս ազգային սահմաններից և ներառում ազգային և ոչ ազգային խաղացողների լայն ցանց:
Ինչպե՞ս կարելի է [դասա]լքել այդպիսի խայտաբղետ կառույցը։ Տեղական և անհատական ժեստերը քիչ ազդեցություն ունեն: Արդյունավետ պրակտիկայի պայմանները պետք է ներառեն կոլեկտիվ մերժում, որը կազմակերպվում է միջազգային շղթաներում: 2003 թվականի փետրվարի 15-ին աշխարհի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ ԱՄՆ-ի Իրաք ներխուժման ճշմարտացիորեն նույնականացրեցին պատերազմական մեքենայի վերազգային ձևավորումը, խոսվեց նոր ինտերնացիոնալ, հակապատերազմական խաղացողի հնարավորության մասին: Չնայած նրանք չկարողացան կասեցնել գրոհը՝ նախադեպ ստեղծեցին զանգվածային հետքաշման ապագա պրակտիկաների համար: Երկու տասնամյակ անց, Գազայում կոտորածի դեմ մոբիլիզացիաները, որոնք հայտնվում են փողոցներում և համալսարաններում, ազդարարում են «գլոբալ Պաղեստինի» ձևավորումը։
Ազատագրական ինտերնացիոնալիստական այսպիսի քաղաքականության առաջին խոչընդոտներից է ճամբարականությունը՝ գաղափարական մոտեցում, որը քաղաքական դաշտն իջեցնում է երկու հակադիր ճամբարների մակարդակի և հաճախ հանգեցնում եզրակացության, որ մեր թշնամու թշնամին պետք է մեր բարեկամը լինի: Պաղեստինի պաշտպաններից որոշները կփառաբանեն կամ գոնե հեռու կմնան քննադատելուց ցանկացած խաղացողի, որը դիմադրում է իսրայելական օկուպացիային՝ ներառյալ Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցները։
Թեև սա հասկանալի իմպուլս է ներկա կոնյուկտուրայում, երբ Գազայի բնակչությունը գտնվում է սովի շեմին և սարսափելի բռնության է ենթարկվում, ճամբարականության աշխարհաքաղաքականության երկակի տրամաբանությունն, ի վերջո, հանգեցնում է ճնշող ուժերի հետ նույնականացման և վնասում ազատագրմանը: Իրանին կամ նրա դաշնակիցներին, նույնիսկ հռետորականորեն աջակցելու փոխարեն, ինտերնացիոնալիստական նախագիծը պետք է Պաղեստինի համերաշխության պայքարը կապի այնպիսի շարժումների հետ, ինչպիսիք են «կին, կյանք, ազատություն» շարժումները, որոնք մարտահրավեր են նետել Իսլամական Հանրապետությանը: Մի խոսքով, պատերազմական ռեժիմի դեմ պայքարը ոչ միայն պետք է ձգտի ընդհատել պատերազմների ներկայիս համաստեղությունը, այլև իրականացնել ավելի լայն սոցիալական վերափոխում:
Ինտերնացիոնալիզմն, ուրեմն, պետք է առաջանա ներքևից, երբ տեղական և տարածաշրջանային ազատագրական նախագծերը միջոցներ գտնեն միմյանց կողքին պայքարելու համար: Բայց դա նաև հակադարձ գործընթաց է ներառում: Այն պետք է նպատակաուղղվի ստեղծելու ազատագրման լեզու, որը կարող է ճանաչվել, արտացոլվել և մշակվել տարբեր կոնտեքստներում՝ շարունակական թարգմանչական մի մեքենա, որը կարող է ի մի բերել տարասեռ համատեքստերն ու սուբյեկտայնությունները: Նոր ինտերնացիոնալիզմը չպետք է ենթադրի կամ ձգտի որևէ գլոբալ միատարրության, այլ պետք է միավորի արմատապես տարբեր տեղական և տարածաշրջանային փորձերն ու կառույցները:
Հաշվի առնելով գլոբալ համակարգի մասնատումը, կապիտալի կուտակման ռազմավարական տարածքների խաթարումը և աշխարհաքաղաքականության ու աշխարհատնտեսության միահյուսումը (այս ամենը հիմք է դրել պատերազմական ռեժիմի առաջացմանը՝ որպես կառավարման գերակայող ձև) դասալքության նախագիծը պահանջում է ո՛չ պակաս, քան աշխարհը վերաստեղծելու ինտերնացիոնալիստական ռազմավարություն:
Մայքլ Հարդթ
անգլերեն բնագիրը՝ այստեղ
շապիկին` Անհայտ դասալիքի հուշարձանի ցուցատախտակը, Պոտսդամ, Գերմանիա