Home / Դատարան / Սամվել Կարապետյանի աջակիցներն Աստծո հույսին են

Սամվել Կարապետյանի աջակիցներն Աստծո հույսին են

Ազատության հրապարակի աջ անկյունում սեղաններ են դրված` կեպկաներ և դրոշներ են բաժանում, որոնց վրա տպագրված է «Մեր ձևով» հեշթեգը։ Սա ռուսաստանցի (և կիպրոսցի) միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» հոլդինգի հիմնադիր, Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանի նոր քաղաքական ուժի անունն է։ Կարապետյանին կալանավորել են չորս ամիս առաջ․ նրան մեղադրում են տնտեսական հանցագործությունների և իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար։

«Մեր ձևով» շարժումը ստեղծվել է նրա ձերբակալությունից հետո։ Կարապետյանի ազգականները, աշխատակիցները, գործընկերները և համակիրները, որոնց միացել են դաշնակցական և հանրապետական ընդդիմադիրները, նախկին պաշտոնյաները, գործող տերտերները, երգիչներն ու շոումենները, առաջին հանրահավաքն էին հրավիրել Ազատության հրապարակում։ Նրանք ազատություն էին պահանջում քաղբանտարկյալների և հատկապես Սամվել Կարապետյանի համար։

IMG_5460

IMG_5606

Հանրահավաքը սկսվեց երկարատև համերգով։ Հարթակից երգեցին Նունե Եսայանը, Արսեն Գրիգորյանը, Արցախի ձայները և այլն։ «Արարատ, մեր հին սիրուն Արարատ», «Ես եմ, դու ես, ես և մենք՝ բոլորս հայ ենք հավիտյան», «Ուս ուսի տված, առյուծի նման», «հայը ունի մեկ ազգանուն, այն յան-ով է վերջանում», «թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն» և այլն։

IMG_5284

IMG_5142

Ենթադրվում է, որ «Մեր ձևով» շարժումը շուտով կվերածվի կուսակցության և կմասնակցի 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Քանի որ Սամվել Կարապետյանը՝ «Կալուգայի Սամոն», Ռուսաստանի քաղաքացի է, նա վարչապետ դառնալ չի կարող։ Բոլորը քննարկում են, թե ով է գլխավորելու ապագա կուսակցության նախընտրական ցուցակը։ Վերջին շրջանում երևան է եկել Կարապետյանի եղբոր տղան՝ երիտասարդ գործարար Նարեկ Կարապետյանը, որը հարցազրուցներ է տալիս՝ տնտեսական հրաշք խոստանալով դեինդուստրիալիզացված Հայաստանի քաղաքացիներին։ 

IMG_5552

IMG_5295

Նարեկը երկար տարիներ աշխատել է հորեղբոր մոտ, 2017 թվականից եղել է Հայաստանի Էլեկտրական ցանցերի տնօրենների խորհրդում՝ սկզբից փոխնախագահ, իսկ 2024-ից արդեն նախագահ։ Ըստ Ռոմանոս Պետրոսյանի, որին գործադիր իշխանությունը ՀԵՑ-ի կառավարիչ է նշանակել Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ պաշտոնավարման ընթացքում նա շուրջ 400 միլիոն դրամի աշխատավարձ է ստացել միայն Էլցանցերից։ Նարեկը նաև բարեգործությամբ է զբաղվել՝ իր եկամտի մի մասը «նվիրաբերելով» հորեղբորը պատկանող «Տաշիր» հիմնադրամին, որը վերջերս ուսապարկեր էր բաժանում մարզաբնակ դպրոցականներին։

Նարեկ Կարապետյանը հասցրել է խոստանալ, որ վարչապետի թեկնածու չի լինելու։ Իսկ ո՞վ է լինելու։ Կարապետյանները հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանի հետ չեն դաշնակցի, բայց պատրաստ են համագործակցել Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրեսի» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» հետ։ Խոսակցություններ են պտտվում, որ ապագա ցուցակի ֆրոնտմեններից կարող է դառնալ Սերժ Սարգսյանի օրոք վարչապետ Կարեն Կարապետյանի («Ժիլետ Կարեն») որդին՝ գործարար Տիգրան Կարապետյանը։ Կարեն և Սամվել Կարապետյանները բիզնես-պարտնյորներ էին համարվում, և քանի որ Կարենը պետական պաշտոնյա էր, նրա բիզնեսները ժամանակին գրանցվում էին որդու՝ հենց Տիգրանի անունով։

IMG_5537

IMG_5535

Այսօրվա հանրահավաքին Տիգրան Կարապետյանը լրագրողների հարցերին պատասխանել հրաժարվեց։ Մինչ համերգը շարունակվում էր, ընդդիմադիր լրատվամիջոցների թղթակիցները հարցազրույցներ էին վերցնում «ցույցի պատահական մասնակիցներից»։ Նրանցից շատերը անձնական հույզեր և ջերմ հիշողություններ ունեին՝ կապված Սամվել Կարապետյանի ֆիլանտրոպիկ նախաձեռնությունների հետ։

IMG_5410

IMG_5422

«Աշխարհահռչակ բարերար, բարեգործ, բարի մարդ, որ ժողովրդին ամեն ինչով աջակցել է, տվել է լավ օրեր, լավ կյանք», – ասում էր Տաշիրից եկած մի կին։ «Աշխարհում առաջին անգամ դատը մինչև գիշերվա չորսն էր ընթանում, որ տանջեն ժողովրդին, որ հեռու փախնենք պարոն Կարապետյանից։ Ես տեղացի չեմ, Լենինգրադից եմ եկել, որ պայքարեմ։ Մեր Սամվել Կարապետյանին՝ ազատությո՛ւն», – բողոքում էր հանրահավաքի մեկ այլ մասնակից։ «Ես գալիս եմ բոլոր ընդդիմադիր շարժումներին` դիմադրության, հայրենիքի փրկության, սրբազան պայքարին։ Ամեն տարի մի քանի ամիս [գալիս եմ] հայրենիք՝ հասկանալու համար, թե որտեղ են իսկական ազգային ուժերը, ոնց ենք հասնելու մեր ազգային նպատակներին և իղձերին։ Բոլոր ուժերը պետք է ուղղված լինեն օրվա իշխանություններին մեկ օր առաջ հեռացնելուն», – պատմում էր կանադաբնակ ցուցարարը։

IMG_5361

Բարձրախոսներից պարբերաբար հնչում էր «Մեր ձևով» շարժման ջինգլը․ «Մեր ձևով հաղթելու ենք մեր հողում, մեր ձևով հաղթելու ենք թշնամուն, մեր երկրում ապրելու ենք հայերով, հավատքով, սուրբ խաչով, մեր ձևով»։

«Մեր ձևով» անվանումը օդից չի ընկել։ Այն կարևոր նախապատմություն ունի, որը երկու հակադիր ձևով է մեկնաբանվում։

IMG_5529

Սամվել Կարապետյանի աջակիցները վստահ են՝ ՀԷՑ-ի ղեկավարության և անձամբ Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործեր հարուցելով իշխանությունը քաղաքական հաշվեհարդար է տեսել հայտնի միլիարդատերից, որն առաջ քաղաքականությանը ուղիղ չէր միջամտում, բայց որոշել էր «խախտել» լռությունը, քանի որ չէր կարող հանդուրժել Հայ առաքելական եկեղեցու վերնախավի դեմ իշխանական ռեպրեսիվ արշավը։

Իշխանությունը պնդում է, որ գործարար Սամվել Կարապետյանը՝ իմանալով, որ կառավարությունը ՀԷՑ-ի ղեկավարության դեմ գործ է նախապատրաստում և մտադիր է ազգայնացնել ռազմավարական նշանակություն ունեցող այս ընկերությունը, որոշել էր խախտել լռությունը և ընդդիմադիր հայտ ներկայացնել՝ իր գալիք ձերբակալությանը քաղաքական երանգ հաղորդելու նպատակով։

IMG_5736

IMG_5627

IMG_5641

Չոր ժամանակագրությունը հետևյալն է․
— Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ում փետրվարին ստուգումներ են սկսվել, ժամանակ է տրվել բացահայտված խախտումները վերացնելու համար։ Հունիսի 13-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրապարակել է հունիսի 18-ին նշանակված նիստի օրակարգը, որում ներառված էր նաև ՀԷՑ-ին տուգանելու մասին որոշման նախագիծը։
— Ըստ սննդամթերքի տեսչական մարմնի հաղորդագրության՝ Կարապետյանին պատկանող «Տաշիր Պիցցան» այս նույն ընթացքում դիմել է տեսչական մարմին և հենց ինքը խնդրել, որ ստուգումներ կատարվել իր բոլոր 36 սննդի կետերում։
— Հունիսի 17-ին՝ ՀԾԿՀ նիստի հենց նախօրեին, Ռուսաստանից ժամանած Սամվել Կարապետյանին շրջապատել են լրագրողները և սկսել են հարցեր տալ եկեղեցականների և իշխանականների առճակատման մասին։ Կարապետյանը հայտարարել է, թե «միշտ եղել է հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին», հետևաբար «ունենալու է անմիջական մասնակցություն», և եթե «քաղաքական գործիչներին չհաջողվի» հարցին լուծում տալ, մեջբերում․ «ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։
— Նիկոլ Փաշինյանը նույն օրը գրել է ֆեյսբուքում․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա», «Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել», «Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։
— Փաշինյանի գրառումից անմիջապես հետո Սամվել Կարապետյանին ձերբակալել են։
— Տեսչական մարմինը ստուգումներից հետո փակել է «Տաշիր Պիցցայի» մասնաճյուղերից մի քանիսը։
— Հաղորդվել է, որ քրեական գործեր են հարուցվել ոչ միայն Կարապետյանի, այլև նրան պատկանող ՀԷՑ-ի դեմ՝ տնտեսական հանցագործությունների, փողերի լվացման և այլ հոդվածներով։
— Ընդդիմությունը հայտարարել է քաղաքական հետապնդման մասին։
— Կառավարությունը ՀԷՑ-ը ազգայնացնելու պրոցես է սկսել, հեռացրել ՀԷՑ-ի ղեկավար կազմին և ժամանակավոր կառավարիչ նշանակել Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանին։
— Պետրոսյանը սկսել է տարբեր տեղեկություններ հրապարակել՝ փորձելով հիմնավորել քրեական հետապնդման համաչափությունը։
— Կարապետյանները արբիտրաժային հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
— ․․․
— Բոլորը վիճում էին, թե ինչն է եղել ավելի շուտ՝ հավը, թե ձուն։

Նիկոլ Փաշինյանի գրառումները և դրանց հաջորդած ձերբակալությունը Սամվել Կարապետյանի աջակիցները համարում են բավարար ապացույց՝ ուժային կառույցները գործել են գործադիր իշխանության ղեկավարի ուղիղ ցուցումով։

IMG_5346

IMG_5480

IMG_5220

«Մեղսավոր հրահանգը կարող է հնչել ամեն րոպե», – հարթակից ավելի ուշ հայտարարում էր հանրահավաքի բանախոսներից մեկը։ Նա կոչ էր անում կանգնել եկեղեցականների և Սամվել Կարապետյանի կողքին։ 

IMG_5296

IMG_5518

Մինչ այդ հրապարակում տեղադրված մեծ եկրանից պրեզենտացիա էին ցուցադրում՝ նվիրված ազգային բարերարի արժանիքներին։ Հետկադրային ձայնը հաղորդում էր․ «Անգամ Հայաստանից հեռու իրական հայորդիները շարունակում են արարել ու ստեղծել Հայաստանում։ Սամվել Կարապետյանը միշտ գլխավորել է այդպիսի մարդկանց ցուցակը <․․․> հենց Կարապետյանն է ստանձնել Հայաստանի ծանր արդյունաբերության մեջ հիմնական ներդրողի դերը <․․․> հայտնի է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ զանգվածային բողոքներից հետո հենց Սամվել Կարապետյանն է 2015 թվականին գնել վնասաբեր ՀԷՑ-ը, որն այդ պահին ուներ կուտակած խոշոր պարտքեր <․․․> Սեպտեմբերին կրկեսը կբացի իր դռները <․․․>  Արցա՜խ, աննկարագրելի է Սամվել Կարապետյանի դերը Արցախի և արցախահայերի կյանքում <․․․> 2009-2023 թվականներին իր կողմից Արցախում ներդրվել է շուրջ 100 մլն․ դոլար <․․․> Սամվել Կարապետյանը աջակից է եղել նաև հայ սպորտին»։

IMG_5513

IMG_5585

Կարապետյանի եղբորորդի Նարեկը առանձին ելույթով առաջարկում էր հասնել իշխանափոխության երեք պարզ քայլերի միջոցով․

1․ Բոլորը պետք է գնան դեպի ընտրություններ, քանի որ հայ ժողովուրդը ունի հնարավորություն արդար ընտրություններով իշխանությունից հեռացնել այս խմբակին։
2․ Բոլորը պետք է ակտիվ խոսեն իրենց շրջապատի, հարևանների, բարեկամների հետ, բացեն այդ մարդկանց աչքերը։

Երրորդ քայլի բովանդակությունը կրտսեր Կարապետյանը այդպես էլ չբացահայտեց, փոխարենը խոսեց իշխանափոխությանը հաջորդող ապագայի մասին․
— Պետք է պայքարենք ոչ թե մեղավորների դեմ, այլ աղքատության դեմ։
— Հայաստանի բոլոր շրջանները պետք է ունենան զարգացման ծրագրեր՝ մի շրջանը արդյունաբերական, մի շրջանը զբոսաշրջային։ Երևանը պետք է ունենա զարգացման 10-ամյա պլան։

Հաջորդիվ տեքստից մոտավորապես հետևում էր այն, որ Սամվել Կարապետյանը հարստացել է և հարստացրել մարդկանց, իսկ «Հայկական ժամանակի խմբագիրը»՝ ոչ։ 

IMG_5832

IMG_5777

Հետո ամբիոն հրավիրեցին տնտեսագիտության դոցենտ Հայկ Ֆարմանյանին, որը գիտի՝ երկրի զարգացումը հզոր տնտեսություն ունենալու մեջ է, և հույս ունի, որ մեծ բիզնեսը կկանգնի փոքր բիզնեսի կողքին։ 

«Մենք պետք է փառք տանք Աստծուն, որ ունենք Սամվել Կարապետյանի նման ազգային բարերար», – ասում էր դոցենտը։

IMG_5516

Ելույթ ունեցավ նաև «Գիտակից հասարակության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Միքայելյանը․ «Այսօր այստեղ եմ ի պաշտպանություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու, մեր բոլոր քաղաքական բանտարկյալների, հայ բարերար Սամվել Կարապետյանի, Բարձրաշնորհ Միքայել սրբազանի, Բարձրաշնորհ Բագրատ սրբազանի, Գերաշնորհ Մկրտիչ սրբազանի և Արժանապատիվ Տեր Գարեգինի։ Ցավոք նրանց թիվը գնալով շատանում է»։ Նա առաջարկեց դիմել խաղաղ անհնազանդության միջոցների՝ հանուն այն ապագայի, որում «Արարատը արգելված պտուղ չէ, այլ պատմական արժեք», որտեղ «խաղաղությունը արժանապատիվ է ու դրա համար իրական»։

IMG_5183

Հանրահավաքին միացած տերտերներից մեկը՝ Մայր աթոռ սուրբ միաբան հայր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, հիշեցրեց լսարանին՝ դարերից ի վեր մենք գոյատևել ենք ոչ միայն սրով, այլ նախևառաջ հոգու զորությամբ․

«Միթե՞ եկեղեցականները զբաղվում են քաղաքականությամբ։ Այո, զբաղվում են հոգու քաղաքականությամբ։ Զբաղվում են այն քաղաքականությամբ, որ ուղղված է ազգային ոգու արժեքները պահելուն, դրանք վերարծարծելուն։ Աստծո արքայությունը այս երկրի վրա հաստատվում է միայն ազգային ոգու վերարծարծումից և հաստատումից հետո»։

IMG_5695

IMG_5473

Ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանի նախկին փաստաբան, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը, որն արդեն «Մեր ձևով» շարժման անդամ է։ Հղվելով Աստվածաշնչին՝ նա առաջարկեց ջանքեր գործադրել, որպեսզի Կայենը չսպանի Աբելին․ «Այո՛, ես իմ եղբոր պահապանն եմ, այո՛, ես իմ սրբազանների պահապանն եմ, ես իմ ազգային բարերարի պահապանն եմ, ես իմ Մայր աթոռի պահապանն եմ»։

IMG_5786

Վերջում հանրահավաքը քայլերթով շարժվեց դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք։

լուսանկարները՝ Անաստասիա Կարկոցկայայի