Home / Խմբագրի ընտրություն / Երբ դու հայրենասեր ես

Երբ դու հայրենասեր ես

Արդեն 5-րդ օրն է՝ Երևանում «անհնազանդության» ակցիաներ են։

«Հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, բաժանվում ենք 4 մասի և ամբողջ մայրաքաղաքը պարալիզացնում ենք», – ցուցարարներին ավելի վաղ հրահանգում էր դաշնակ Իշխան Սաղաթելյանը։

Կեսօրին Ֆրանսիայի հրապարակում մի քանի հազար մարդ կար։ Բաժանվեցին 4 խմբի, քայլերթ արեցին։ Մայրաքաղաքը, ճիշտ է, չպարալիզացվեց։

DSCF5450

Մաշտոցով շարժվող քայլերթն առաջնորդում էին Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության նախկին ու ներկա անդամները։ Առաջին շարքում էին նախկին նախարար Արմեն Աշոտյանը, նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը և Մարգարիտ Եսայանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախկին հաղորդավար Հայկ Մամիջանյանը, Արցախի նախագահի նախկին օգնական Տիգրան Աբրահամյանը։ Վերջին երեքը «Պատիվ ունեմ»-ի գործող պատգամավորներ են։

— Սա կոչվում է թալանի փրկության շարժում, – ասում էր «Ցիտադելի» մայթին կանգնած կանանցից մեկը։

Ֆոնին վանկարկում էին «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ՝ դավաճան»։

— Գիտե՞ս՝ էս ցույցերի մասին ամենալավ վիդեոն ո՞րն է։ Ոստիկանը մեկին բերման է ենթարկում, էս բերման ենթարկվողը գոռում է՝ զգու՛յշ, իմ շորերը քո մի ամսվա աշխատավարձից թանկ են․․․

DSCF5460

Հաջորդ քայլերթի ֆասադային մասում «Պատիվ ունեմ»-ի ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն էր։ Մայիսի 1-ից նա դադարեցրել է իր նստացույցը և անցել «վճռական» փուլի»։

DSCF5471

Բաղրամյանով և Մաշտոցով շարժվող շարասյունները առաջնորդում էին դաշնակները։ Նրանց հետ էին Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոնը, նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով նախկին ամբաստանյալ Արմեն Գևորգյանը, նույն գործով նախկին ամբաստանյալ, նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դաշնակցական նախկին նախարարներից և պատգամավորներից մի քանիսը և այլն։

— Իշխան Սաղաթելյանն ասում է՝ «ով մեզ հետ չի, ինքը Նիկոլ է»։ Իրենց հետ մի երեք հազար մարդ է։ Լավ, թող երեք հազար չլինի՝ տասը հազար լինի։ Ստացվում է՝ մնացած 2-3 միլիոնը Նիկո՞լ են։ Իշխան Սաղաթելյանը հիմա ո՞ւմ կողմից է խոսում, – ասում էր խցանման մեջ կանգնած տաքսիստը։

DSCF5404

Բարձրախոսներից հնչում էին ազգային-ազատագրական եգեր։ «Խուժան ասկյար զորք է ժողել» և այլն։

DSCF5457

Քայլերթների մասնակիցները կարճ ժամանակով փակեցին Հաղթանակի կամուրջ տանող խաչմերուկը, Բաղրամյանը, Բարեկամության հանգույցը, Աբովյան փողոցը։

Քոչարի փողոցում խցանման մեջ կանգնած տաքսու վարորդը չէր դժգոհում․ «Թող փակեն, թող մի շաբաթ էլ փակեն, կդիմանանք, մեկ ա չի ստացվելու ոչ մի բան»։

Հետևի մեքենայից մի կին էլ ձայնային ազդանշաններ էր արձակում՝ հաջակցություն միտինգավորների։

DSCF5422

Փողոց փակողների շարքում էր նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը։ Շարքային ոստիկանները նրան փորձեցին, բայց բերման չենթարկեցին։

Այստեղ էր նաև Ոստիկանության լրատվական բաժնի նախկին պետ Սայաթ Շիրինյանը, որը երեկ էր բերման ենթարկվել։ Շիրինյանը «Հայաստան» դաշինքի անդամ է, հայտնի է 2020-ի դեկտեմբերին իր դեմ հարուցված քրգործով․ այն ժամանակ նա ընդդիմությանն առաջարկում էր գնալ կոնկրետ քայլերի, քանի որ «պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»։

DSCF5506

Ի՞նչ է պահաջում ընդդիմությունը այսօր։

Պահանջում է «Զարթնիր, լաո», «Նիկոլ, հեռացիր»։ Հնչում են նաև առավել ծրագրային տեքստեր՝ «Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում», «Առանց թուրքի Հայաստան», «Ոչ նորանոր զիջումներին»։

DSCF5487

«Պայքարի ռազմավարությունը» նմանակում է 2018 թվականի հեղափոխությանը՝ քայլել մարզերով, փակել Ֆրանսիայի հրապարակը, հայտարարել անհնազանդության ակցիաներ։ Պարբերաբար նաև կարգախոսներն են կրկնվում․ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի ներկայացուցիչը, օրինակ, վանկարկում է «Վե՛րջ թալանին»։

«Իրենց թվում է՝ եթե իրենք Նիկոլի պես քայլեն, փողոց փակեն ու վանկարկեն, ժողովուրդը իրենց էլ կմիանա», – ասում է 3-րդ մասում գտնվող միրգ-բանջարեղենի խանութի վաճառողուհին:

Ցույցերին միանալու մտադրություն նա չունի․ «Նրանք ուզում են հետ գան, որ միլիարդատերից տրիլիոնատեր դառնան»։

DSCF5501

2018 թվականի ստրատեգիաների մեխանիկական կրկնությունը թրոլինգի տպավորություն է թողնում։ Որպես կողմնակի էֆեկտ՝ ընդգծում է նաև 4 տարի առաջ եղած և այսօրվա իրականությունների տարբերությունը։

Օրինակ․ 2018-ի փողոցային հեղափոխությունը հաջորդում էր հերթական կեղծված ընտրություններին․ ընտրություններով իշխանություն փոխելու փաստացի անհնարինության պայմաններում փողոցներ փակելը ներկայացվում էր որպես ճարահատյալ և այդ իմաստով ծայրահեղ քայլ։

44-օրյա պատերազմից հետո – ուղիղ մեկ տարի առաջ – կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները հայտնի են բոլորին։ Ընդդիմադիրները դրանք վիճարկող ապացույցներ առ այսօր չեն ներկայացրել, փոխարենը ընդունել են իրենց 36 մանդատներն ու փողոցից տեղափոխվել խորհրդարան։ Ֆրանսիայի հրապարակում կառուցված շքեղ բեմից նրանք այժմ հայտարարում են, թե վարչապետի աթոռը «զավթած» անձնավորությունը «չունի մանդատ» և «չունի իշխանություն»՝ կարգախոս, որ անցած չորս տարիների ընթացքում զրկվել է չափելի բովանդակությունից։

2018 թվականի հեղափոխության հիմնական պահանջները ուղղված էին հայաստանյան իշխանություններին․ դրանք, մեծ հաշվով, հստակ էին և հասցեական։ Փողոցում կանգնած ժողովուրդը պահանջում էր վերջ տալ հանրային ունեցվածքի թալանին և քրեաօլիգարխիկ շրջանակներից դուրս գտնվող մեծամասնության կողոպտմանը։ 

Գողացողներն ու կողոպտողներն այսօրվա «հեղափոխության» կազմակերպիչներն ու մասնակիցներն էին՝ Հայաստանի ամենահարուստ քաղաքացիները։

Ի՞նչ են պահանջում նրանք այսօր։ Արցախ, Շուշի, Ոչ նորանոր զիջումներին, Դիմադրություն, Միավորում․․․

Բայց ո՞ւմ են ուղղված այս պահանջները։ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հրապարակային չէ, բանակցային պրոցեսը պատված է առասպելներով, Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, նշաձողերի մասին ոչ ոք ոչինչ չգիտի․ իշխանությունը մի բան է ասում, ընդդիմությունը՝ մեկ այլ բան, ստուգել հնարավոր չէ։ Ուրեմն՝ ինչո՞վ է այսօրվա ընդդիմության արտաքին քաղաքականությունը տարբերվելու գործող իշխանության քաղաքականությունից։

Հիմնական տարբերությունը, ըստ Իշխան Սաղաթելյանի, այն է, որ իշխանությունները «պարտվողական են տրամադրված», իսկ իրենք՝ ոչ։ Այսքանը։

DSCF5517

Կարևոր է նաև պահը։ Երևանում ծավալվող «վճռական» արշավին զուգահեռ՝ Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնում է Վաշինգտոն, հայ-ադրբեջանական բանակցությունները տեղի են ունենում Բրյուսելում, Թուրքիան և Հայաստանը բանակցում են առանց միջնորդների։ Ռուսաստանը պատերազմի մեջ է։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ ակտիվացած խոսակցությունները հարցական նշան են դնում նաև Ղարաբաղում ռուսական կոնտինգենտի ապագայի գլխին։

Եվ ահա՝ Արթուր Վանեցյանը մեկնում է Մոսկվա, վերադառնում և նստացույց հայտարարում։ 

DSCF5551

Քաղաքական այս կոնսպիրոլոգիան Հայաստանում արտառոց չի թվում։ Առավել արտառոց է այն, որ, ի տարբերություն հետպատերազմական ցույցերի, Վլադիմիր Պուտինի «մտերիմ» ընկեր Ռոբերտ Քոչարյանի և «Ղրիմը մերն է» բացականչող Արթուր Վանեցյանի ձևավորած հարթակը Ռուսաստանի մասին լռում է այնպես, ինչպես չի լռել երբեք։

Բայց չեն լռում ռուսական լրատվամիջոցները։ Պրոպուտինյան ալիքները երկրորդում են հայաստանյան ընդդիմությանը (կարելի է հանդիպել տեղական էվֆեմիզների՝ «внутренний турок» և այլն)։ Հնչում են հեղաշրջման բացահայտ կոչեր։ Ընդդիմադիր շարժումը ներկայացվում է որպես հակաարևմտյան, պրոռուսական։ Տասը հազար ընդդիմադիրները վերածվում են տասնյակ հազարների՝ մի ամբողջ Հայաստան, մարդկանց բերման ենթարկելը ներկայացվում է որպես աննախադեպ բռնություն։ Ծայրահեղ դեպքում Հայաստանի մասին այս տեքստերը պատկերազարդվում են փարիզյան և բերլինյան հուժկու ցույցերով։

DSCF5615

Ամիսներ առաջ Քոչարյանը հայտարարում էր, թե պետք չէ վախենալ Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու հեռանկարից։ 

«Եթե դու գնում ես գործոն լինելու ճանապարհով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ միութենական պետության շրջանակներում․․․ Այդ պրոցեսի նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը», – փետրվարի 17-ի ասուլիսին ասում էր ընդդիմության առաջնորդը։

Ռուսաստանի աշխարհաքաղաքական ամբիցիաների վերջին դրսևորումների կոնտեքստում այս հայտարարությունը իսկապես նոր նշանակություն է ձեռք բերում։

DSCF5629

Ընդդիմության այսօրվա միտինգն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում։

Հայտարարվեց, որ «գործի 60-70 տոկոսն» արդեն արված է։ Վաղը ամեն ինչ կշարունակվի․ ընդդիմադիրները ավտոերթով կգնան Վանաձոր, կանայք և աղջիկները քայլերթ կանեն Երևանում, երեկոյան կլինեն մշակութային միջոցառումներ․․․

DSCF5604

Զառա Հարությունյան
լուսանկարները Էլիզա Մխիթարյանի