«Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այսօր Ազատության հրապարակում էր։ Հանրահավաքին հայտարարվեց, որ համազգային դիմադրություն է սկսվում Արցախի հայաթափման, Հայաստանի թրքացման և նոր զիջումների դեմ։
Ըստ աերոնկարահանման միջոցով իրականացված հաշվարկի՝ Ազատության հրապարակում այդ պահին շուրջ 3 հազար 700 մարդ կար։
Ստորև՝ մեջբերումներ բանախոսների ելույթներից․
Դաշնակցական Իշխան Սաղաթելյան, պատգամավոր․ — Ո՞րն է մեր խնդիրը։ Սիրելի հայրենակիցներ, պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ պատերազմի ժամանակ պարտությունից հետո տվյալ պետությունները և ժողովուրդները իրենց մեջ գտել են ուժ, ոտքի են կանգնել և զարգացել են։ Այդ ճանապարհը Հայաստանի կործանման ճանապարհն է, որը մենք միասին պետք է մերժե՛նք։
Շիրակի նախկին մարզպետ, տարածքային կառավարման նախկին փոխնախարար, գյուղատնտեսության նախկին նախարար, ներկա պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյան․ — Գներն աճել են առավել քան 9 տոկոսով։ Սննդամթերքը աճել է 16 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ համարյա 12 տոկոսով, մեր ժողովրդի սննդակարգի էական մաս կազմող բանջարեղենն ու կարտոֆիլը ներառյալ աճել են համարյա 70 տոկոսով․․․
— Իրանց հույսը Թուրքիան էր։ Սահմանները կբացենք, թուրքական կապիտալը կհորդի՝ ժողովուրդը լավ կապրի։ Ոչինչ, որ Հայաստանի փոխարեն կարող է Էրմենիստան կամ Գյավուրիստան կոչվի այս երկիրը․․․
— Չենք թույլ տալու որ երկիրը կործանեք, հային դարձնեք անհայրենիք գնչու։
Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար (բանակային կարիերան սկսվել է դեռ խորհրդային ժամանակներից, Հայաստանի անկախացումից ի վեր զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ՝ հասնելով գեներալ-գնդապետի բարձրագույն զինվորական կոչմանը, ինչը չի խանգարել կուտակել տպավորիչ ֆինանսական կարողություններ, օրինակ՝ մոտ 40 սենյականոց դղյակ կառուցել էլիտար Վահագնի թաղամասում), «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան․ — Նրանք փորձում են պարտության բեռը գցել ուրիշների վրա, գցել նախնիների վրա, գցել մանավանդ միայն բանակի վրա՝ ասելով, որ մենք ձախողել ենք բանակաշինությունը, ասելով, որ բանակում խնդիրներ են եղել, ասելով, որ բանակը անձեռնմխելի է, այնինչ բանակը մեր և ձեր միջոցներով է կառուցվել, հայ ժողովրդի ծոցից է դուրս եկել բանակը և բանակը երբևիցե անձեռնմխելի չի եղել, սիրելի հայրենակիցներ։ Բանակը գտնվել է մշտապես վերահսկողության ներքո՝ քաղաքացիական, ժողովրդավարական, հասարակական։ Ըստ էության, ձեզանից յուրաքանչյուրի ընտանիքից դուք ձեր սեփական դեսպանն եք ունեցել բանակում՝ ձեր որդիների կերպարով, և դուք տեսել եք՝ ինչ է տեղի ունեցել բանակում։
Նախկին տեսուչ, ոստիկանության նախկին խոսնակ Սայաթ Շիրինյան․ — Ինչպես ասում էր լաչառ, ղժղժան Նիկոլը՝ «կոռուպիցան պոզով պոչով չի լինում»։
— Ակամայից հիշեցի նաև արագաչափերի վերացման վերաբերյալ Նիկոլի հայտարարությունները․․․
— Հավատացեք ինքներդ ձեզ, հավատացեք և վստահեք մեզ։
— Սիրելի հայրենակիցներ, կոռուպցիան ամենուր է։
— Էլ ով պետք է մեզ առաջնորդի, եթե ոչ փառահեղ ու հերոսական ճանապարհ անցած, մեզ հայրենիք ու արժանապատվություն պարգևած, հողեր ազատագրած նախագահ Քոչարյանը։
(Վանկարկում է՝ «Քոչարյան, Քոչարյան»)
— Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ՝ հիշեք, որ նախագահ Քոչարյանը երբեք սկսած գործը կիսատ չի թողել․․․
Նախկին ԱԱԾ-ական, Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատեր, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյան․ — Մենք դիմադրելու ենք բռնապետության դեմ։ Ո՛չ բռնապետությանը, ո՛չ բռնապետությանը։
Սովետական Կոմկուսի և ՀՀՇ նախկին անդամ, Ղարաբաղի նախկին նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ և նախագահ, «Մարտի 1»-ի գործով նախկին ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյան․ — Շատ է խոսվում հիմա դելիմիտացիայի մասին և Զանգեզուրով․․․ Սյունիքով․․․արդեն Զանգեզուր ենք ասում․․․ Սյունքիով միջանցքի մասին։
— Դելիմիտացիան նշանակում է, որ դու ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ուղղակի ֆիքսում ես Ղարաբաղի անկլավային վիճակը Ադրբեջանի ներսում։ Սա ուղղակի վերջ է լինելու Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Մնալու է միայն մեկ լուծում՝ Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու։
Զառա Հարությունյան
Լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի