Փաշինյան-Ալիև-Պուտին առցանց հանդիպումը տեղի կունենա այս շաբաթվա սկզբին՝ դեռ երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Արդեն այսօր Դմիտրի Պեսկովը պարզաբանել է՝ առայժմ չկա հստակ պայմանավորվածություն, թե երբ կարող է կայանալ վիդեոկոնֆերանսը․ նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են։
Եռակողմ այս հանդիպման մասին ռուսաստանյան և հայաստանյան մամուլը, հղվելով անանուն դիվանագիտական աղբյուրներին, գրում էր դեռ շաբաթներ առաջ։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս լուրերը ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր՝ պարբերաբար կրկնելով, որ հանդիպման շուրջ քննարկումներ կան, բայց պայմանավորվածություն չկա։
Երեկ երեկոյան հանրային հեռուստաընկերությունը թողարկեց նաև Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ․ այն, հավանաբար, ձայնագրվել էր Պեսկովի հայտարարությունից առաջ։ Վարչապետն այնտեղ կրկնում էր նույնը, ինչ ասվում էր մինչ այդ՝ «այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա»։
Ի՞նչ է սպասվում
Շրջանառվող լուրերի համաձայն՝ եռակողմ հանդիպմանը երկու հայտարարություն է ստորագրվելու․ մեկը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, մյուսը՝ ապաշրջափակման վերաբերյալ։
Պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվել, բայցև արտառոց չեն թվում․ կողմերն արդեն ամիսներ շարունակ շեշտում են և՛ սահմանազատման անհրաժեշտությունը, և ապաշրջափակման։ Ռուսական կողմի վերջին հայտարարությունները ուղիղ ակնարկում են, որ երկու հարցերի շուրջ էլ որոշակի համաձայնություն կա։
Ապաշրջափակում՝ առանց սուվերենության կորստի
Ստորագրվելիք հայտարարություններից մեկը, ըստ այս լուրերի, վերաբերելու է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը․ ճանապարհ-միջացնքները բացվելու են, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող։
Ապաշրջափակման հրամայականը ամրագրվել էր դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Հենց ապաշրջափակման քննակմանն էին նվիրված նաև հետպատերազմական առաջին բանակցությունները, որոնց մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները և որոնք հանգեցրեցին երկրորդ համատեղ հայտարարությանը՝ նախապատրաստված անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից։
Ձևավորվեց եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների մակարդակով։ Հայկական կողմը առնվազն սկբզնական շրջանում կողմ էր հյուսիսային ճանապարհի, այսինքն՝ Իջևանի ուղղության վերագործարկմանը։ Ադրբեջանը նախընտրում էր հարավային ուղղությունը՝ Մեղրու ճանապարհը, որի միջոցով Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքները միանում են Նախիջևանի էքսկլավին։
Տրասնպորտային այս ուղին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները «Զանգեզուրի միջանցք» են անվանում։ Իլհամ Ալիևը սպառնում էր՝ եթե Հայաստանը չհամաձայնի այն բացել, Ադրբեջանը կստիպի ուժով։ Հայաստանը մշտապես առարկում էր՝ «միջանցքային տրամաբանությամբ» հարցեր չեն քննարկվել և չեն քննարկվելու։
Ի՞նչ է նշանակում «միջանցքային տրամաբանություն»՝ մինչև վերջ պարզ չէ։ Թեև միջանցք բառն ընդունված է կիրառել նաև որպես «տարանցիկ ուղու» հոմանիշ, կողմերի հետագա հայտարարություններից ուրվագծվում էր, որ խոսքը ճանապարհի ենթակայության և տարանցման պայմանների հետ կապված անհամաձայնությունների մասին է։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն արդեն հոկտեմբերի վերջին հայտարարում էր՝ փոխվարչապետների աշխատանքային խմբում արձանագրված է, որ ապաշրջափակվող բոլոր ճանապարհները մնալու են տվյալ պետության սուվերեն տարածքում։ Նման ակնարկներ ավելի վաղ արել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նոյեմբերի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ արդեն ուղիղ ասվում էր․ «Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են՝ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով անցնում են»։
Նախօրեին Հանրայինի եթերում լրագրողը հարց է տվել Նիկոլ Փաշինյանին՝ ՌԴ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունից հետո կարելի՞ է արդյոք միջանցքի հետ կապված թեման փակված համարել։
Փաշինյան պատասխանել է․ — Այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին․․․ Մյուս կողմից՝ ես շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում։ Մեծ հաշվով՝ Ռուսաստանը երբեք այլ դիրքորոշում չի ունեցել։
Պիտի արձանագրենք, որ հրապարակայնացվել է նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որտեղ հստակ ասվում է, որ կողմերն այդ մասին պայմանավորվել են։ Ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, որտեղ, ճիշտ է՝ օգտագործվում է միջանցք արտահայտությունը, բայց ասվում է, որ այդ միջանցքը պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո։ Կարող ենք արձանագրել, որ, անկախ բառամթերքի նախընտրություններից, մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին։
Ճանաչել միմյանց սահմանները՝ ըստ սովետական քարտեզների
Ստորագրվելիք հայտարարություններից մյուսով, ըստ շրջանառվող լուրերի, Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ականների խորհրդային քարտեզները։ Սա, նախևառաջ, ենթադրում է պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա։
Վերջին անգամ նման բան արվել է 1920-ականներին։ Որ նոր սահմանազատումն անխուսափելի է՝ պարզ է կողմերի, թերևս, վերջին մի քանի ամիսների հայտարարություններից։ Թեման օրակարգում հայտնվեց դեռ մայիսին, երբ ադրբեջանական ԶՈՒ-երը, ըստ հայկական կողմի, մի քան կիլոմետր խորությամբ ներթափանցեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանը առարկեց, թե ընդամենը դիրքավորվել է իր տարածքում։ Քանի որ հայ-ադրբեջանական սահմանը դեմարկացված չէ՝ հստակ ամրագրված չէ նաև, թե որտեղ է ավարտվում մի պետության և սկսվում մյուս պետության տարածքը։ Սահմանները զատելու և գծելու առաջարկը իրեն երկար սպասել չթողեց․ դելիմիտացիա սկսելու օգտին արտահայտվեց Ռուսաստանը, հետո պրոցեսին այս կամ այն կերպ առնչվող մյուս պետությունները։ Գործընթացի մեկնարկը վերջին ամիսների քննարկումների օրակարգում է․ և Հայաստանը, և Ադրբեջանը հայտարարում են, որ կողմ են դրան՝ հետաձգման մեղավորությունը բարդելով միմյանց վրա։
Վլադիմիր Պուտինը արդեն հոկտեմբերի վերջին կոնկրետացրել էր՝ սահմանազատման համար հիմք են ընդունվելու խորհրդային քարտեզները, որոնք պահվում են «ռուսական բանակի գլխավոր շտաբում» (ուստի՝ «առանց Ռուսաստանի մասնակցության այստեղ հնարավոր չէ ոչինչ անել»)։
Փաշինյանը առարկել էր՝ «այնպես չէ, որ այդ քարտեզների օրինակից Հայաստանում չկա», բայցև հաստատել՝ Ռուսաստանը որպես միջնորդ է հանդես գալու։
Օրեր անց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել էր, որ առաջին սահմանագծումը հենց 20-աններին է արվել (սկսվել է 1926-1927 և ավարտվել 1929 թվականներին), ուստի՝ այդ շրջանի քարտեզը միակ իրավական հիմք ունեցողն է։
Ըստ Փաշինյանի՝ այն «եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում է Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված սահմանների հետ»։