Մոսկվան որպես հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի երկարաժամկետ կարգավորում տեսնում է սահմանի նախ՝ սահմանազատման (դելիմիտացիայի), ապա՝ սահմանագծման (դեմարկացիայի) գործընթացի մեկնարկը, անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
— Ուշադիր հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն ամենաբարձր և գերագույն մակարդակներով կանոնավոր շփումների շրջանակում աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին՝ լարվածության թուլացման հարցում: Մեր երկրների ռազմական և սահմանապահ ծառայությունների գծով գործառնական կապերը պահպանվում են:
Հաստատում ենք հրադադարի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը:
Հիմք ենք ընդունում այն, որ նմանատիպ բոլոր միջադեպերը պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ կարգավորում տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում էլ ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում և փորձել պարփակել լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։ Ադրբեջանական կողմը ներթափանցել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Երկու օր լռելուց հետո Բաքուն կոչ է արել հայկական կողմին «խուճապի չմատնվել», քանի որ ադրբեջանական զինվորներն «ուղղակի զբաղեցնում են իրենց դիրքերը»։
Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Պուտինին՝ ռազմական օգնության համար։
Ռուսական կողմը՝ ի դեմս ԱԳՆ-ի, երեկ հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակի շուրջ «կրքեր բորբոքելու» պատճառ չկա․ «[Կողմերը] հանգիստ նստել և քննարկել են, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը: Մեզ խնդրեցին օգնել, մեր զինվորականները օգնեցին, համաձայնությունն իրագործված է․․․»։ Խոսվել է նաև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործում աջակցելու պատրաստակամության մասին։
Մյուս կողմից, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք և գերատեսչություններ, այդ թվում՝ նախագահ Էմանուել Մակրոնը, Ադրբեջանից պահանջել են անհապաղ հետ քաշել զորքերը հայաստանի տարածքից։