Սյունիքում և Գեղարքունիքում մայիսի 12-ից ստեղծված իրավիճակին երեկվանից արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այսօր հայաստանյան իր գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար, հավելելով, որ բարձր է գնահատել հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը։
Ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել նաև երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը «անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան», և համակարծիք եղել հայկական կողմի հետ, որ «այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով»։
Կրեմլի հաղորդագրության մեջ, սակայն, նշվում է, որ «Վլադիմիր Պուտինը ընդգծել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խիստ կատարման անհրաժեշտությունը, նախ և առաջ՝ հրադադարի պահպանման մասով»։
Բացի այդ, հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև։
«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի կողմից, ինչպես եւ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:
Կարևորվել է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով նման բոլոր միջադեպերը լուծումը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրադրության հետեւողական կարգավորմանը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը զսպվածության կոչ է արել Երևանին և Բաքվին։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի՝ դեմարկացիայի չենթարկված հատվածում սրված լարվածությանը։ Տեղյակ ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և կոչ ենք անում զսպվածությություն ցուցաբերել՝ լարվածությունը թուլացնելու և իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար», – Թվիթերի իր էջում գրել է պաշտոնյան:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում իր զորակցությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում և վերահաստատել Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ՝ ընդգծելով Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Մակրոնն նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ, անդրադառնալով այս հեռախոսազրույցին, իր ֆեյսբուքյան էջում հավելել է, որ Ֆրանսիան ցանկանում է` տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով բանաձև ընդունվի` կայունություն և անվտանգություն բերելու համար: Այս հատվածը չկար հայկական կողմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Ի հավելումն վերոնշյալ հայտարարությունների՝ Ֆրանսիայի առաջնորդն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում և փորձել պարփակել լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։ Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ռազմական բախում թեև չի եղել, սահմանամերձ տարածքում բանակցություններ են ընթանում։ Ադրբեջանական կողմը ներթափանցել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Փաշինյանի փոխանցմամբ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս։ Երկու օր լռելուց հետո Բաքուն երեկ կոչ է արել հայկականկողմին «խուճապի չմատնվել», քանի որ ադրբեջանական զինվորներն «ուղղակի զբաղեցնում են իրենց դիրքերը»։
Մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին։