Արդեն երկրորդ օրն է` Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում, ըստ Նիկոլ Փաշինյանի, «պայթյունավտանգ իրավիճակ» է․ թեև ռազմական բախում չի եղել, ադրբեջանցի զինվորականները հատել են Հայաստանի պետական սահմանը և փորձել պարփակել Սյունիքի Սև լիճը, որի մոտ 30 տոկոսը գտնվում է ադրբեջանական և մոտ 70 տոկոսը՝ հայկական վերահսկողության ներքո։ Ներթափանցում է եղել նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Արդեն երկու օր է՝ սահմանամերձ տարածքում բանակցություններ են ընթանում։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը ԱԽ այսօրվա նիստին հանդես է եկել հայտարարությամբ։ Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին։
Հայտարարության սղագրությունը (որոշ կրճատումներով)՝ ստորև
―Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների որոշ խմբեր [երեկ] հատել են Հայաստանի պետական սահմանը և [Սյունիքի մարզի] Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել։ ՀՀ ԶՈՒ-երը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի զինուժերի ներկայացուցիչների կողմից հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։
Ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ։ Նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ հատվածքում հայ-ադրբեջանական սահմանը հնարավոր է՝ հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով։ Սրա մասին են վկայում հետևյալ փաստերը․
1․ տվյալ տեղանքում իրենց գտնվելը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է։ Խորհրդային Միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները։
2․ Սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին։
3․ Դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։
Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդվածի 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ․
— միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։
— միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։
Չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգության եւ փոխհրաձգության դեպքեր չունենք, ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը, կայունությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար, եւ այս միջոցները մենք ձեռնարկում ենք՝ որպես ՀԱՊԿ անդամ։
ԱԽ նիստը շարունակվում է դռնփակ։