Ղարաբաղյան կոնֆլիկտը՝ կենդանի թե մեռած, ունի մեկ իմաստ և նշանակություն՝ ծառայել փողի իշխանությանը: 30 տարի շարունակ այս կոնֆլիկտը սնել և հարստացրել է Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքի քրեա-օլիգարխիային՝ ի հաշիվ Հայաստանում և Ղարաբաղում ապրող քաղաքացիների կյանքի: Եվ քրեա-օլիգարխիան չի ուզում նահանջել. դժվար է ասել, թե որոնք են վերջինիս գաղափարաբանների հաշվարկները մշտաբորբոք պահել Ղարաբաղյան խնդիրը և գլխավորապես երկարաձգել Հայաստանի անկլավային վիճակը տեղի ունեցող աշխարհա-քաղաքական փոփոխությունների պայմաններում, բայց հաշվի առնելով քրեա-օլիգարխիկ կապիտալիզմի թալանչիական և անկլավային բնույթը՝ պետք չէ ակնկալել, որ այս կապիտալի ներկայացուցիչները պատրաստվում են վերաճշգրտել իրենց դիրքը նոր պայմաններում: Այն, ինչին մենք ականատես ենք լինում՝ թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոյից և գների թանկացումից մինչև սահմանային միջադեպերը, ունեն մեն-մի նպատակ՝ հնարավորինս սադրել ապաշրջափակումը և երկարաձգել փակ անկլավի գոյությունը: Այս անկլավային կապիտալին են սպասարկում մանկապարտեզներից մինչև համալսարաններ ու քաղաքական վերլուծագանգեր, որոնք արտադրել են մեյնսթիմ գաղափարախոսություններ՝ մարդկանց ներարկելով վախ և հաշմելով նրանց հանուն անկլավային կապիտալի:
Դպրոցներից մինչև ակադեմիա վերարտադրվում են նացիստական գաղափարներ, որոնք անընդհատ գեներացնում են մարդկանց արտաքին թշնամիներից պաշտպանելու իմիտացիա, իրականում իզոլացնում են նրանց և ստրկացնում: Այս պայմաններում ապրող հասարակությանը կարելի է հասկանալ, կարելի է ըմբռնել, բայց չի կարելի ընդունել անվերջ այս վիճակում մնալու և դրանից դուրս գալու ճանապարհներ չփնտրելու պարագան: Չի կարելի անվերջ ու անդադար ներս ընդունել այն ամբողջ աղբը, որ վերևից պարտադրվում է իբրև գիտելիք, իբրև կյանքի ձև, իբրև վարք:
30 տարի շարունակ այս պետությունը բռնազավթել էր և մտել մեկ ուրիշ պետության սահմաններ: Մենք, իհարկե, համարում ենք, որ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերն էին իրենց տիրապետության տակ առել և պահում Ադրբեջանի յոթ շրջանները: 30 տարի շարունակ հայկական ինտերվենցիայի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ են դարձել փախստական, լքել իրենց տները, քաղաքներ ու գյուղեր են քանդվել, մշակութային և մարդկային կորուստներ եղել: Այս ամենը եղել է: Մենք հանգիստ ու հանդարտ ապրում էինք այս իրողության հետ: Հասկանալի է՝ մենք չէինք անձամբ քշել այս մարդկանց իրենց տներից, մենք մարդ չենք սպանել անձամբ: Հասկանալի է՝ մենք վատ կրթություն ենք ստացել, մեզ ճիշտը չեն ասել, խաբել են: Հասկանալի է՝ մենք աղքատ ենք և զրկված ենք եղել հաղորդակցության միջոցներից, ճանապարհներից, շատ տեղ չենք գնացել, շատ բան չենք լսել: Բայց այս ամենը անվերջ չի կարող արդարացնել և սնել քաղաքական անմեղսունակությունն ու ազգայնական էգոիզմը: Այդպես չի լինում: Ինչ-որ պահի պետք է կանգ առնել և չգոչել, չճչալ այդքան ցավագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել: Քանի՞ մարդ էր Հայաստանում ունեցել դիսկոմֆորտի զգացողություն Հայաստանի ռևանշիստական իշխանությունների զավթողական քաղաքականություններից:
Ինչո՞ւ ենք մենք համակերպվել և սատարել այս քաղաքականությունները լռելյայն: Որովհետև Ֆրանսիայում մի միապետ ասել է, որ պետությունը ի՞նքն է: Մենք էլ հավատացել ենք, որ այս պետությունը մե՞նք ենք: Մենք անկեղծ հավատացել ենք, որ այս պետությունը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է, Մանվել Գրիգորյանն է, այլ մե՞նք ենք պետությունը: Ուրեմն պիտի հլու-հնազանդ, լռելյայն սատարենք ու հետևենք սրանց ամե՞ն ինչում, հատկապես՝ արտաքին թշնամու հանդեպ ատելությա՞ն մեջ: Ի՞նչ կապ ունեն սահմանի, անվտանգության, սիրո, մահվան մասին այս մարդկանց և նրանց փողի սպասարկուների էկրաններից ու գրքերից հրամցվող մտքերը մեզ հետ, մեր ցանկությունների, մեր առօրյա կյանքի, մեր երազանքների հետ: Ինչի՞ համար է այս կամավոր ստրկությունը, ինչի՞ համար է այս համառ դիմադրությունը չպոկվելու այս թակարդից:
Առջևում ընտրություններ են. դեռ շատ սանտիմետրեր կչափչփեն, որ ունեն աշխարհա-քաղաքական նշանակություն, շատ մարդիկ ջրից կթունավորվեն, շատերը վերելակներում կմնան, ոմանք մեքենայի տակ կընկնեն, մինչև Հայաստանում տեղի կունենան հերթական ընտրությունները: Ամենայն հավանականությամբ, Քոչարյանն ու դաշնակները կվերադառնան պառլամենտ, գուցե չեն գա, դա էական չէ: Բայց ե՞րբ կավարտվի Հայկական ժամանակը, որ միայն ցավ ու տառապանք բերեց, և կսկվի մարդկանց ժամանակը այս տարածքում, անորոշ է:
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ