Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայաստանակենտրոն լիբերալ ազգայնական գծի կարկառուն դեմքերից է և հիմնադիր հայրերից մեկը: Հայաստանյան քաղաքական գծի հետևորդը լինելու Տեր-Պետրոսյանի վճռականությունը շատ գնահատելի է. նա շատ շանսեր ուներ և երևակայություն լինելու պատմական Հայաստանից մինչև Կիլիկիա, Կրասնոդարից մինչև Գլենդել ամենայն հայոց առաջնորդն ու փրկիչը, բայց նա վերցրեց իրական սահմաններում և իրական ժամանակաշրջանում գործող փոքր Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարի դերը: Նա երբեք չդավաճանեց այդ գծին որքան էլ հայկական քաղաքական հիերարխիայում հայաստանյան գիծը ամենից ստորադասվածն է և թույլը:
Այս քաղաքական գործիչը ունի մեկ ուրիշ, թերևս իր գլխավոր քաղաքական ֆետիշը՝ պետականություն: Սրա պատճառները կարող են ուղիղ կապ ունենալ թե՛ Երրորդ հանրապետության հիմնադիր նախագահի, թե՛ նրա դիսիդենտական կենսագրության հետ: Լինելով հակասովետական, լիբերալ-ազգայնական շարժման հետևորդ՝ նա պետությունը դիտարկում է որպես ազգային, լավագույն դեպքում՝ քաղաքացիական հիմքով միավոր: Ամեն դեպքում Սովետական Միության վերջին տարիներին սկսված զտումների քաղաքականությունը և հետագայում՝ նրա իշխանության օրոք, այս առիթով Հայաստանում ռեֆլեքսիայի և քննադատության բացակայությունը հուշում են, որ նոր հանրապետությունը գնաց «Հայաստանը՝ հայերին» ճանապարհով, որից բոլորը գոհ էին և երջանիկ. Խորհրդային Հայաստանում ապրող ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը՝ հայաստանցի ազերիները, վտարվեցին և չստացան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Լինելով ազգային-լիբերալ գործիչ՝ Տեր-Պետրոսյանը, այնուհանդերձ, նացիստ չէր. նա Հայաստանի միակ ղեկավարն է, որ ի տարբերություն նացիզմից ֆաշիզմի միջակայքում մանևրող իր հաջորդների, հրապարակային խոսել է խաղաղության, բարիդրացիության և պատերազմի արդյունքում երկու ժողովուրդների կրած տառապանքների մասին: Հայաստանի առաջին նախագահը, այնուամենայնիվ, սրանից առաջ չի գնացել՝ պետությունը տեսնելով որպես ազգային միավոր՝ երկրորդելով կամ անգամ անտեսելով վերջինիս սոցիալ-դասակարգային բնույթը: Սա է Տեր-Պետրոսյանի խորքային սխալն ու մոլորությունը, և հենց այստեղ է, որ նա ճիշտ չէ: Նա թերագնահատում է սոցիալական տարբեր հասարակախավերի դասակարգային բախման և շահերի ուժը՝ փորձելով գերադասել ազգային կամ պետական երազանքը: Հենց այս պատճառով էլ նա ձախողում է և մնում միայնակ իր պետական համախմբող ձեռնարկումներում:
Այստեղ կարելի է հիշել մի քանի դրվագ, որ Տեր-Պետրոսյանը առաջնորդվել է պետական շահով՝ աջակցելով պետական լծակները զավթած օլիգոպոլ ուժերին, որ իր նախկին թիմակիցներն էին: Այսպես, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին նա փաստացի աջակցություն հայտնեց գործող նախագահ Քոչարյանին՝ կոչ անելով «համախմբվել հանրապետության նախագահի շուրջ և կատարյալ համերաշխությամբ ու արժանապատվությամբ դիմագրավել պետությանը նետված մարտահրավերը»: 2008 թվի աշնանը Սերժ Սարգսյանի սկսած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի որոշ կետեր քննադատելով հանդերձ՝ նա մաս չդարձավ Սարգսյանի դեմ ձևավորված ազգայնական խանգարմանը: Ավելին՝ լինելով այդ ժամանակ Հայաստանում առկա հուժկու ընդդիմության ղեկավարը՝ փորձեց մեղմել ընդդիմության ալիքը օրվա իշխանությունների դեմ կարգավորումը չվնասելու դիտավորությամբ: 2017 թվականի պառլամենտական ընտրություններում նա հրապարակավ պաշտպանեց հանրապետական իշխանություններին Ղարաբաղի հարցի կարգավորման դեպքում: Նա միակ քաղաքական գործիչն էր, որ ծավալուն ելույթներով ներկայացրեց ղարաբաղյան հարցի էությունը 2017-ի դրությամբ և արձանագրեց դրա լուծման անհրաժեշտությունն ու ստատուս-քվոյի անհնարինությունը: Այս ճշմարտախոսությունը նրա գլխավորած կուսակցությանը զրկեց պառլամենտում հայտնվելու հնարավորությունից: Այս օրինակներից երևում է, որ Հայաստանը 20 տարի շահագործած Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանը քանիցս օգտվել են, օգտագործել Լևոն Տեր-Պետրոսյանի՝ պետության հոր զգացմունքները՝ ի վնաս նրան սատարող քաղաքական ուժերի և շարժումների:
Գտնվելով պետության համար մտահոգության հերթական հանգրվանում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը այս անգամ էլ առաջարկել է ստեղծել Հայաստանի երեք նախագահների «Ազգային համաձայնության դաշինք» և հեռացնել ասպարեզից «ազգակործան պատուհաս» Նիկոլ Փաշինյանին, որ հավակնում է երկրորդ անգամ վերցնել Հայաստանի ղեկավարի պաշտոնը: Փաշինյանն իսկապես անհաջող կադր է, նա իր քիչ գիտելիքներով և մեծ ամբիցիաներով չի կարող արդյունավետ աշխատել Հայաստանի համար բոլորովին նոր այս իրավիճակում: Բայց Նիկոլի այլընտրանքը ռոբա-սերժական նոմենկլատուրան չէ, անգամ եթե դրա պարագլուխները մի հրաշքով համաձայնեին Տեր-Պետրոսյանի առաջարկին չհավակնելու պաշտոնի: Ի՞նչ ակնկալիքներ ուներ Տեր-Պետրոսյանը իր հերթական պետականամետ քայլից և ինչի՞ հասավ: Թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը, ի վերջո, չգտնվեցին «պետականամետ», և հնարավոր է, որ նրանցից մեկը կամ երկուսն էլ մտնեն պառլամենտ: Որտե՞ղ մնաց Տեր-Պետրոսյանը և իր գլխավորած քաղաքական ուժը, որ կարող էր դառնալ օրվա իշխանությունների եթե ոչ այլընտրանք, ապա ողջամիտ ընդդիմությունը:
«Ազգային համաձայնության» իր դրոշակով Տեր-Պետրոսյանը վերադարձավ Ղարաբաղյան շարժման սկիզբ՝ դեպի Ղարաբաղ կոմիտե: Չարժանանալով առարկայական քննադատության և տարիներ ի վեր բախվելով շարժման ղեկավարության ծայրահեղական թևի ստեղծած հայկական կու-կլուքս-կլանային իրադրությանը՝ նա չի կարողացել հաղթահարել ազգային-պետական ֆետիշը, չի կարողացել լրջորեն հարցադրել խաղաղության և բարիդրացիության օրակարգերը կապիտալիզմի թույլատրած սահմաններում: Դասակարգային շահերի բախման ուժը համառորեն անտեսելն ու ազգային-պետական շահերը տեղի-անտեղի պաշտպանելն էլ հանգեցրել են նրան, որ Տեր-Պետրոսյանի խաղաղության արշավն այդպես էլ կիսատ մնաց և չիրագործվեց: Եւ հենց նրա և նրա կուսակցության չափավոր ազգայնական-լիբերալ քաղաքական ուժ լինելու հանգամանքն է, որ այսօր դրվել է «Ազգային համաձայնության դաշինքի» հարցը: Դաշինք՝ գողերի, ավազակների, մարդասպանների հետ և ոչինչ ավելին: Հենց ազգայնական-լիբերալ կաղապարներն են խանգարում պոկվել նեղ և կաշկանդող քաղաքական միջավայրից և ունենալ ավելի դեմոկրատական, ավելի հումանիստական քաղաքականություն, որ ազդեցություն կունենա ոչ միայն ներքին, այլև տարածաշրջանային արտաքին քաղաքական զարգացումներում:
Այսօր Հայաստանին պետք են ժողովուրդների բարեկամության ջատագով, կապիտալիզմը քննադատող ուժեր: Եւ կապ չունի, թե նրանք որտեղ են: Խաղաղության և հաշտության գործընթացները ֆուտբոլի ազգային հավաքականի շապիկներով շատ հեռուն չեն գնա: Մարդկանց լավ ապագա չի սպասվում նաև վերևից տարվող էլիտիստ կուլիսային քաղաքականությունների դեպքում, որքան էլ դրանով զբաղվեն իմաստունները և մտահոգները:
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ