հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը սպառնում է հակասահմանադրական դիտարկել գալիք ընտրությունները

Տեր-Պետրոսյանը սպառնում է հակասահմանադրական դիտարկել գալիք ընտրությունները

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորում է քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին և, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում և նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։

«Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգեւորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեւս միակ միջոցը, ամենեւին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար», – ասված է Տեր-Պետրոսյանի ուղերձում։

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար ապրիլի 25-ին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի լիազորությունները։

Վերջինիս՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը չի հակասում Սահմանադրությանը, նշում է «Փաստերի ստուգման հարթակ»-ը։ 158-րդ հոդվածով, որով սահմանվում է կառավարության հրաժարականը, նշվում է, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Իսկ Սահմանադրության 147 հոդվածով, որով սահմանվում են կառավարության կազմն ու կառուցվածքը, վարչապետը ևս համարվում է կառավարության անդամ։

Նման նախադեպ եղել է 2018-ի աշնանը, երբ արդեն վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, սակայն շարունակել էր պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար։

Ինչ վերաբերում է 2018 թ. ապրիլի 23-ին, երբ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանը՝ չստանձնելով ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, ապա նրան փոխարինեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիմք ընդունելով 2018 թվականի ապրիլին կառավարության ընդունած 470-Ա որոշումը` «Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին», նշում է կազմակերպությունը։

«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ հրաժարական տված վարչապետը կարող է շարունակել վարչապետի պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը, իսկ Սերժ Սարգսյանը 2018-ին հրաժարվել էր այդ պարտականությունից, քանի որ իր լիազորությունները կատարելու անհնարինության վերաբերյալ կառավարության որոշում կար», – մասնավորապես, ասված է հոդվածում։