Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շուրջ երկու տարի մշակված և բոլորովին վերջերս շրջանառության մեջ դրված նոր Ընտրական օրենսգիրքը, ամենայն հավանականությամբ, անորոշ ժամանակով կմնա խորհրդարանի պահոցներում։ Գալիք ընտրությունները, ըստ ամենայնի, անցնելու են հին (գործող) օրենսգրքով։
Իրավապաշտպանները, ընդդիմադիր որոշ կուսակցություններ (ՀԱԿ, ՔՈ) պահանջում են ի կատար ածել ավելի վաղ տրված խոստումները և ընտրությունները կազմակերպել նոր օրենսգքրի ընդունումից հետո՝ ի թիվս այլի մատնանշելով, որ գործող օրենսդրությամբ նախատեսված մեծամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս ազդել ընտրողների ազատ կամարտահայտման վրա։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանն Առաջին ալիքին տված հարցազրույցում ներկայացնում է գործող և նոր օրենսգրքերի հիմնական տարբերություններին։
Գործող օրենսգիրքը նախատեսում է երկու մասից բաղկացած ընտրացուցակ՝ տարածքային և համապետական։ Հայաստանը բաժանված է 13 ընտրական տարածքների, դրանցից չորսը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում։ Սյունիքն ու Վայոց ձորը մեկ ընտրական տարածք են։ Գրանցվելու համար ամեն կուսակցություն պարտավոր է ամեն ընտրական տարածքում ունենալ հինգական թեկնածու։ Տարածքային ցուցակի թեկնածուները ներկայացված են նաև համապետական ցուցակում, մինչդեռ համապետականի թեկնածուները տարածքային ցուցակում կարող են նաև չլինել։ Համապետական մասն էլ իր հերթին կարող է ունենալ երկու բաժին՝ ազգային փոքրամասնությունների փոքր և համապետական մեծ ցուցակ։
Կուսակցությունների համար ընտրական շեմը 5, իսկ դաշինքների համար՝ 7 տոկոս է։
Գործող օրենսգրքով նախատեսվում է նաև, որ Ազգային ժողով անցնում է նվազագույնը 3 կուսակցություն, անգամ եթե այդ կուսակցություններից որոշները չեն հաղթահարել սահմանված նվազագույն շեմը։ Կոալիցիաները կարող են կազմված լինել առավելագույնը երեք քաղաքական ուժերից։
Եթե որևէ ուժ մեծամասնություն չի հավաքում՝ գործում է հետևյալ ընթացակարգը։
Եթե ամենաշատ ձայներ հավաքած ուժը ստացել է մանդատների 50%- ը, ապա այդ ուժին տրվում են լրացուցիչ մանդատներ՝ մինչև 54%։ Սա կոչվում է իշխանության բոնուս։ Եթե ամենաշատ ձայներ հավաքած ուժը չի ստացել մանդատների 50%- ը, 6 օր ընթացող քննարկումների արդյունքում այն կա՛մ պետք է կոալիցիա կազմի այլ ուժերի հետ և վարչապետի թեկնածու առաջադրի, կամ առաջին երկու տեղերը զբաղեցրած ուժերը՝ նոր դաշինքներով կամ ինքնուրույն, պետք է գնան ընտրությունների երկրորդ փուլի։ Մնացած ուժերը, ովքեր առաջին երկու ուժերց որևէ մեկի հետ դաշինք չեն կազմում և չեն մասնակցում երկրորդ փուլին, ստանում են առաջին փուլից ունեցած իրենց մանդատները։
Վարդինե Գրիգորյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ քաղաքացիներն այս գործընթացից փաստացի դուրս են մնում։ Օրինակ՝ այն դեպքում, երբ երկրորդ փուլի համար դաշինք են կազմում այնպիսի ուժեր, որոնց նրանց ընտրողները չեն ուզում տեսնել միասին։
Խոսելով «իշխանության բոնուսի» մասին, Գրիգորյանը հիշեցրել է 2017-ի ընտրությունները, երբ Հանրապետական կուսակցությունը ստացել էր 47%, բայց հավելյալ մանդատներ ստանալու կարիք անգամ չեղավ, քանի որ ազգային փոքրամասնության մանդատները բավարարեցին կայուն մեծամասնություն ապահովելու համար։
ՀՔԱ ներկայացուցչի համոզմամբ՝ գործող օրենսգրքով իշխանությունը շատ հեշտ է հաղթող դուրս գալիս։
Անգամ փոքրամասնությունների համար նախատեսված լրացուցիչ մանդատները ըստ էության արդյունավետ չեն, քանի դեռ որոշումների մեծ մասը կայացվում են ԱԺ ձայների ⅔-ով կամ դրանից պակաս ձայներով։ Միայն նախագահի ընտրության դեպքում է ձայների ավելի մեծ քանակ անհրաժեշտ։ Այսինքն՝ այս առումով օրենսդրական հակակշիռ լինելն առանձնապես հնարավոր չէ։
Իրավապաշտպանն անդրադարձել է նոր օրենսգրքին՝ շեշտելով, որ դրա որոշ մասեր, ամեն դեպքում, ուժի մեջ են մտնելու ավելի ուշ, քանի որ կան կազմակերպչական հարցեր, որոնք ժամանակ են պահանջում։
Ընդունման պարագայում՝ ուժի մեջ է մտնելու նախևառաջ անցողիկ շեմի նվազեցումը։ Նոր օրենսգրքով կուսակցությունների համար ընտրական շեմը սահմանվում է 4%, ընտրագրավը 10-ից իջնում է 7.5 միլիոն դրամի և վերադարձվում՝ ձայների առնվազն 2%-ը հավաքելու դեպքում։ Սա հնարավորություն է ստեղծում փոքր և նոր կուսակցությունների համար։
Դաշինքների համար ընտրագրավը նոր օրենսգրքով 15 միլիոն է։ Ընտրական շեմը փոփոխվում է՝ ըստ դաշինքում առկա կուսակցությունների քանակի՝ 2 կուսակցության դեպքում՝ 8%, 3 կուսակցության դեպքում՝ 9%, 4 և ավելիի դեպքում՝ 10%։
Գրիգորյանը նշել է, որ նոր օրենսգիրքը խրախուսում է նաև գաղափարական պայքարը։ Դաշինքների համար սահմանված հավելյալ պահանջների նպատակն է, որ կուսակցությունները շահագրգռված լինեն ընտրություններին մասնակցել միայնակ։ Հետագայում արդեն դրանք կարող են կոալիցիա կազմել։
Նոր օրենսգրքով հանվում է կոալիցիա կազմող կուսակցությունների թվի սահմանափակումը, իսկ առաջին փուլից հետո կոալիցիայի հետ կապված քննարկումները տևում են ոչ թե 6, այլ 14 օր։ Ի տարբերություն հին օրենսգրքի՝ նորում քննարկումներում առաջնահերթություն է տրվում առաջին տեղը զբաղեցրած ուժին։ Եթե այդ երկու շաբաթների ընթացքում այն կոալիցիա չի ձևավորվում, հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում կոալիցիայի իրենց հայտը ԿԸՀ կարող են ներկայացնել նաև մյուս ուժերը։
Գրիգորյանը շեշտել է, որ թեև գործող օրենսգիրքը բանակցությունների առաջնահերթություն չի սահմանում առաջին տեղը զբաղեցրած ուժի համար, փաստացի հենց իր կարգավորումներով բացառում է այլընտրանքը, օրինակ՝ քննարկման համար տրված կարճ ժամկետով կամ կոալիցիայում ներկայացված կուսակցությունների քանակի սահմանափակմամբ, որը իրավապաշտպանի խոսքով, հնարավորություն է տալիս հիմնականում միայն մեծ խաղացողներին միավորվելու, մինչդեռ նոր օրենսգիրքը կոալիցիա կազմելու ավելի լայն հնարավորություններ է ստեղծում։
Նոր ընտրակարգը, ինչպես նշում է իրավապաշտպանը, չի ենթադրում, որ մյուս ուժերը չեն կարող բանակցել այդ երկու շաբաթվա ընթացքում, այլ պարզապես իրենց հայտը կարող են ներկայացնել ավելի ուշ։
«․․․Ես իրականում խնդիր չէի տեսնի, եթե բոլորը միաժամանակ հնարավորություն ունենային։ Դա որոշակի կարգապահություն նախատեսելու համար է», – նշել է Գրիգորյանը։
Նոր օրենսգրքով կայուն մեծամասնության շեմը սահմանվում է ոչ 54%, այլ 52%։ Իրավապաշտպանը շեշտել է, որ կայուն մեծամասնության վերաբերյալ դրույթը պետք է կարգավորվեր օրենսգրքով, քանի որ դա Սահմանադրության պահանջն է, սակայն շեմի իջեցման շնորհիվ առաջին տեղը զբաղեցրած ուժին այդքան լրացուցիչ ձայներ չեն տրվի։ Նոր ԸՕ-ն նաև նախատեսում է, որ եթե որևէ ուժ հավաքել է մանդատների ⅔-ը կամ ավելին, ապա այն լրացուցիչ մանդատները, որ նա պետք է ստանար կայուն մեծամասնություն ձևավորելու համար, ստանում են ոչ բավարար ձայներ (2%-ից ավել, բայց 4%-ից պակաս) հավաքած ուժերը։ Այսպիսով՝ խորհրդարանում ներկայացվում են ավելի շատ ուժեր։
Նախընտրական քարոզարշավի ժամկետների համար արտահերթ ընտրությունների դեպքում փոփոխություններ նոր օրենսգրքով նախատեսված չեն, քանի որ սահմանադրությունը հստակորեն սահմանում է քարոզարշավի ժամկետը՝ 12 օր։
Գրիգորյանը կարծում է, որ չնայած արտահերթ ընտրությունների դեպքում քարոզարշավի հետ կապված փոփոխություններ անել հնարավոր չէ, շատ ավելի լավ կլիներ ունենալ ավելի շատ ժամանակ՝ քարոզարշավն ավելի գաղափարական դարձնելու համար, ունենալ թեմատիկ բանավեճեր, որոնց միջոցով ընտրողներն իրապես կծանոթանային ուժերի ծրագրերին։
Իրավապաշտպանի վստահ է նաև, որ քարոզարշավն ավելի գաղափարական դարձնելուն կարող է օգնել միայն պարզ համամասնական ընտրակարգը։
Գործող օրենսդրությունը համատեղում է մեծամասնական ռեյտինգային ընտրակարգը համամասնականի (ընդհանուր ցուցակ) հետ։ Չարաշահումների մի զգալի մասը հայաստանյան իրականությունում մշտապես կապվել են հենց ռեյտինգայինի հետ։ Նորով ռեյտինգային ցուցակներ այլևս չեն նախատեսվում, ընտրություններն իրականացվում են պարզ համամասնական կարգով։
«․․․Օրենսգիրքը իրականում ուժի մեջ չի մտնելու անմիջապես, բայց պարզ համամասնական ընտրակարգը [որ ուժի մեջ է մտնելու] բոլորի համար կանխատեսելի էր, երեք տարի բոլորը խոսում են դրա մասին, բոլոր նաև այն ուժերը, որ հիմա ներկայացված են Ազգային ժողովում, 18-ին քվեարկել են դրա օգտին։ Այսինքն, փաստացի, համամասնական ընտրակարգին անցումը բոլորի համար կանխատեսելի ու ընդունելի էր։ Այն, որի հիմա ենթադրվում է, որ չի փոխվի օրենսգիրքը, դա ավելի անկանխատեսելի է»։
Նոր օրենսգրքով սահմանվում է նաև վարչական ռեսուրսն ու դրա չարաշահումը, կարգավորումները, որ պատասխանատվում են ենթադրում ռեսուրսի չարաշահման համար։
Գրիգորյանը կարծում է, որ օրենսգիրքը չփոփոխելը ստիպելու է փոքր կուսակցություններին չառաջադրվել կամ դժվարացնելու է նրանց հնարավորությունները, քանի որ գործող օրենսգրքով նրանք պետք է ամեն տարածքում ունենան հինգ թեկնածու։
«Մենք գիտենք կուսակցություններ, որոնք հազիվ գտել էին այդ հինգ-հինգ հոգուն՝ [զուտ] առաջադրվելու համար, իսկ քարոզարշավի ընթացքում իրենց թեկնածուները պակասում էին։ Եթե թեկնածուները պակասում են, բնականաբար կարող է նաև արդյունքում չեղարկվել իրենց գրանցումը»։
Անդրադառնալով հնարավոր ընտրակեղծիքներին, իրավապաշտպանը նշել է, որ չի կարծում, թե ընտրությունները կարող են տեղամասերում կեղծվել։
«Իմ կարծիքով, տարածքային ցուցակների խնդիրը հենց նա է, որ ընտրողների կամարտահայտման վրա ազդեցությունները լինում են ընտրություններից առաջ, քվեարկության օրվանից առաջ, որովհետև այստեղ շատ է այդ անձնական գործոնի ազդեցությունը»։
Գրիգորյանը նշել է, որ նոր օրենսգրքով խստացվում են մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ քողարկված ընտրակաշառքի հետ կապված։ Կա նաև նոր կարգավորում, ըստ որի կաշառք ստացողը ազատվում է պատասխանատվությունից, եթե երեք օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին։