Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստ է գնալ արտահերթ պարլամենտական ընտրությունների, եթե առաջարկն ընդունվի խորհրդարանական ուժերի կողմից:
Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում նա ասել է նաև, որ իր թիմը համոզված է, որ ժողովուրդը իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն։
Նա ասել է նաև, որ ընդդիմադիրները օգտագործել են բոլոր հնարավորությունները հրապարակներում ի ցույց դնելու, որ ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը: «Նրանք չկարողացան դա անել, ես տալիս եմ երկրորդ հնարավորութփյունը և նետում եմ այս մարտահրավերը, եկեք գնանք ժողովրդի առջև նոր ընտրության, տեսնենք ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը»։
ընտրություններով եկած իշխանություն
Փաշինյանը հավելեց, որ ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը մեկ նպատակ ունի. «Ինչքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, խոստումներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փնտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետև դուք պետք է հաղթեք»:
«Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի, այլ ընդհակառակը պետք է ուժեղանա: Այսինքն՝ Հայաստանում միայն ժողովուրդը պետք է որոշի ով լինի իշխանություն և ով չլինի: Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է, ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել և մենք Հրապարակում հավաքվել ենք ասելու, որ դա թույլ չենք տալու»,- ասել է Փաշինյանը։
սահմանադրության փոփոխություն
Վարչապետը հանրահավաքի ընթացքում արձանագրել է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց է դրել բազմաթիվ թերություններ:
«Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ, ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Եվ այդ գործընթացը մենք պետք է իրականացնենք Ազգային ժողովի, կառավարության, Հայաստանի նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»։
Ըստ նրա, Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե և դա կարելի է փոխել ԱԺ-ում քվեարկության միջոցով: «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է նույն ֆորմատներով՝ կառավարություն, Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության նախագահ, քաղաքական ուժեր, աշխատենք լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա ԱԺ-ում խորհրդակցությունների և քվեարկության արդյունքում: Սա մի աշխատանք է, որ պիտի անենք», – ասել է նա: