Հայկական Ֆեյսբուքը վերլուծում է այսօրվա իրադարձությունների ժամանակագրությունը։ Եթե վերջից սկսենք, ապա երեկոյին մոտ բավական օդիոզ կուսակցությունների մի խումբ, որը կենտրոնացրել է անցյալը՝ դրա տարբեր կերպարներով, այդ թվում՝ նախկին իշխանությունների պալատական ընդդիմությանը, հայտարարությամբ է հանդես եկել, թե բա՝ «իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը»։ Եվ, ուշադրություն, պահանջել Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։
Հենց այսօր էլ Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը քաղաքական գնահատականներով լի տեքստ է ներկայացրել՝ հայտնելով, թե «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից»։ Բանն այն է, որ Վահրամ Պողոսյանից առաջ բեմ էր դուրս եկել Ադրբեջանը, որն «ազատագրված Շուշիից» տեսանյութ էր հրապարակել։
Այս տեղեկությունը սկսեցին հերքել անգամ ռազմական գործողությունների մասնակիցները՝ համացանցում Շուշիում արված տեսանյութեր տեղադրելով։ Ինչ-որ պահի Փաշինյանն, ում ֆեյսբուքյան էջն այս օրերին լուռ էր, գրեց, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Այն մասին, որ Ալիևի և Հայաստանի նախկին վարչախմբի [որը, չմոռանանք, տարիներ շարունակ իշխանությունը պահելու համար տարբեր միջոցների էր դիմում] շահերը հաճախ են համընկնում, ստիպված էի հիշել Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությունից հետո․ նա խաղաղության համար հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարը։
Հիշեցի՝ ինչպես էր հայաստանյան իշխանությունը՝ հերթական ընտրությունների նախաշեմին, սկսում վախեցնել պատերազմի վտանգով կամ «արտաքին թշնամի»-ով, որն, ի դեպ, երկար սպասեցնել չէր տալիս և «սահմանին իրավիճակը լարվում էր»։ Ինչպիսի զուգադիպություն։
Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված։ Շատերը հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ հատուկ ծառայությունները չեն արձագանքում այս խառնաշփոթին, որից հատուկ օպերացիայի հոտ է գալիս։ Գուցե, որովհետև հայաստանյան հատուկ ծառայություններն է՛լ են վահրամպողոսյաններ։
Այսպես, հետևում եմ նրան, թե ինչպես է մեծանում այն մարդկանց թիվը, ովքեր, անկախ կորոնավիրուսից ու ռազմական դրությունից, պատրաստ են դուրս գալ փողոց ու պաշտպանել հեղափոխությունը, որն այդպես էլ չմարսեց ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանն ու ո՛չ էլ նրանք, ովքեր շտապում են դուրս բերել Հայաստանը «կրիտիկական վիճակից», որի մեջ հենց իրե՛նք էլ տասնամյակներ շարունակ գցում էին երկիրը։
Լյուստրացիան մեզ օգնական։
Ալլա Մանվելյան