Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 38-րդ (նոյեմբերի 3)

Պատերազմ Ղարաբաղում, օր 38-րդ (նոյեմբերի 3)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

1։24 _ Քննչական կոմիտեն հրապարակել է Սիրայից Ադրբեջան տեղափոխված, ՊԲ կողմից գերեվարված և Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված երկրորդ վարձկանի հարցաքննության տեսագրությունը։

ՔԿ-ի կողմից հրապարակված տեսանյութում նշվում է, որ ձերբակալվածը Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին է (ծնված 1988 թ․)։ Ծնվել է Սիրիայի Իդլիբ նահանգի Ջսեր Ալ-Շահուր քաղաքի Ալ-Զիեդյե գյուղում։ Կրթություն չունի, գրել և կարդալ չգիտի։ Ամուսնացած է, ունի 5 անչափահաս երեխա։ Զբաղվել է անասնապահությամբ և հողագործությամբ։

«Մեր տուն եկավ մեր հարևան՝ Սահան գյուղի բնակիչ Իբրահիմ (Աբու Ահմադ) անունով իմ ծանոթը․․․ Նա ինձ առաջարկեց գումարի դիմաց գնալ Ադրբեջան։ ․․․Ասաց, որ զորավարժություններ են անցկացվում։ Զորավարժություններին մասնակցելու համար ինձ պետք է վճարեին ամսական 2000 ԱՄՆ դոլար։ Նա ասաց, որ ուրիշ երիտասարդներ էլ կան՝ հարևան Սարարիֆ և Սահամն գյուղերից, որոնց մի մասը արդեն մեկ ամիս է՝ ինչ գտնվում են Ադրբեջանում», — հրապարակված հարցաքննության ընթացքում ասել է ձերբակալված գերին։

Նրա խոսքերով՝ իրեն և մոտ 500 հոգու, բոլորը՝ սիրիացի արաբներ, տեղափոխել են Բաբ Ալ Սալամ անցակետ։ Մոտ 500 հոգի նշված անցակետից ավտոբուսներով տեղափոխվել է Թուրքիա․ սահմանին, ըստ հարցաքննող գերիի, ոչ ոք փաստաթղթեր չի ստուգել։ Փաստաթղթերը չեն ստուգվել նաև Թուրքիայից քաղաքացիական օդանավով Ադրբեջան տեղափոխվելիս։

Գերեվարվարվածը տեսախցիկի առջև պատմել է, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանում նրան և նրա հետ ժամանած մյուս սիրիացիներին դիմավորել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ զինծառայողները։ Նրանց տարել են կենտրոնական զորամաս։ Զորամասում նրանց տվել են համազգեստ և զենք։ Երեք օր անց նրանց տեղափոխել են մեկ այլ զորամաս, որտեղ արդեն իսկ մոտ 500 սիրիացի վարձկաններ կային։

Թուրք և ադրբեջանցի զինվորականները նրանց հրահանգել են ոչ մի հայի չխնայել։ Կտրած գլուխների համար խոստացել են 100 դոլար պարգևավճար։ Նրանց, ովքեր վախենում էին, հատուկ դեղահաբեր են առաջարկել։ Հետագայում նրանց բաժանել են խմբերի և տեղափոխել առաջնագիծ։ Մարտական գործողությունների ընթացքում Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին վիրավորվել և գերեվարվել է։

Տեսանյութում նշվում է, որ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության հոդվածներով։ Միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

00։21 _ Իտալական Լոմբարդիան ճանաչել է Արցախի անկախությունը

«Լոմբարդիան Իտալիայի առաջին ռեգիոնն է, որ ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը», — գրել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

22:54 _ Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ Հանրապետական ծննդատուն հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել:

Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:

Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան», — հայտնել է ԱՀ ԱԻՊԾ-ն։

https://twitter.com/epressam/status/1323704030871302144

https://twitter.com/epressam/status/1323705298549432323

22։17_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ճեպազրույցից․

➖ Այսօր վաղ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈՒ-ն՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։

➖ Վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը։

➖Կեսօրին մոտ Ադրբեջանի ԶՈՒ-երը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձել են ծխածածկույթի քողի տակ, դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով, ոչնչացվել ու հետ շպրտվել։

➖ Քիչ առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ «Սմերչ» հայանից հրթիռակոծվել են Ստեփանակերտը և Շուշին։ Կան տուժածներ։ Հրդեհ է բռնկվել։

➖ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի։ Այս պահին այնտեղ համեմատաբար հանգիստ է

22:04_ Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների քարտեզը․

21։55_

📍 Ադրբեջանաթուրքական ուժերը«Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

📍 Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

📍 «Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

21։40

https://twitter.com/epressam/status/1323679353520181251

21:27_ Թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է, հայտնում է ՊԲ-ն։

21։22_ Ռուսաստանը դեմ է, որ փոխվի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, բայցև կարևորելով Թուրքիայի դերն ու ազդեցությունն Ադրբեջանի վրա` Մոսկվան աշխատում և շարունակելու է աշխատելու նաև Թուրքիայի հետ` ԼՂ հակամարտության կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ.

«Մենք կշարունակենք օգտագործել տարածաշրջանում մեր ունեցած ամբողջ ազդեցությունը, կաշխատենք թուրք գործընկերների հետ, որպեսզի դադարեցնենք ռազմական սցենարի հետագա շահարկումը», – «Коммерсантъ»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

20:33_ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են․

― ԱՀ նախագահի օգնական Ռ․ Մարտիրոսյանը,
― ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Է․ Վերդիյանը և Ս․ Գաբրիելյանը,
― ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Ա․ Սողոմոնյանը,
― ԱՀ ԿԸՀ անդամ Ե․ Արզումանյանը
― ԱՀ Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա․ Սողոմոնյանը,
― ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Դ․ Ավանեսյանը,
― ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Դ․ Ավանեսյանը,
― ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գ․ Հայրապետյանը,
― ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնական Ա․ Առստամյանը։

20։14_ Թուրքական լիրան այսօր նոր հակառեկորդ է սահմանել:

ԱՄՆ դոլարի համեմատ լիրան արժեզրկվել է 30,2%-ով։ Այժմ մեկ դոլարին համապատասխանում է 8.49 լիրա, գրում է Bloomberg գործակալությունը։

Այսօրվա հակառակորդից հետո թուրքական լիրան դարձել է այս տարվա ամենավատ փոխարժեքը՝ արժեզրկման ցուցանիշով գերազանցելով Բրազիլական ռեալին։

19:13_ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

18։47_ Ռուսաստանն արտաքին դերակատարներին հորդորում է անել հնարավոր ամեն բան Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկանների տեղափոխումը կանխելու համար։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ վարձկանների թիվն արդեն 2 հազարին է մոտենում:

«Այս թեման, մասնավորապես, շոշափվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը», – ասել է Լավրովը:

18։33_ Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդին։ Խորհուրդը միաձայն դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումը Ղարաբաղի վրա, հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

17։42_ Մարտական գործողություններին զուգահեռ՝ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

16։39_ Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել են Իրանի տարածք, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

16:35_ Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի, հայտնում է ՊԲ-ն:

Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր:

Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի:

15:59_ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով պատերազմի օրերին Ղարաբաղից հեռացած պաշտոնյաների «ամոթալի վարքի մասին քննարկումներին», հավաստիացրել է, որ բոլորը պատժվելու են։

Հարությունյանը նշել է, որ ինքը «պատրաստ է ևս մեկ անգամ հնարավորություն տալ» «իրենց անպատասխանատու արարքի ողջ ծանրությունը» գիտակցած պաշտոնյաներին և կոչ է արել օր առաջ «լծվել Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»։

15:23_ «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստ») կազմակերպությունն Ադրբեջանում որպես ահաբեկչական խմբավորում է ճանաչվել։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

14:59_ Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն լրագրողների հետ հանդպիման ժամանակ հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշակի լրամշակումների մասին:

Ռուդենկոն նշել է, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին:

14:55_ Թուրքական ապրանքները փոքր տեսակարար կշիռ ունեն Հայաստանում։ Առանձին վերցված որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքները գերակշիռ նշանակություն ունեն, այսինքն, վստահաբար կարելի է պնդել, որ գնաճ չի լինի, իսկ տնտեսավարողները ներկրումներ կիրականացնեն այլ շուկաներից։ Թուրքական արտադրության ապրանքների արգելքով պայմանավորված գնաճի մասին մտավախություններին անդրադառնալով բացատրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

14:13_ Հատվածներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Jerusalem Post պարբերականին նոյեմբերի 2-ին տված հարցազրույցից

〽️ Իսրայելն ակտիվորեն ներգրավված է հակամարտության մեջ, որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում:
〽️ Իսրայելը պետք է մտածի այն մասին, որ վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, հիմա գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրքավորում է իր համար։
〽️ Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը․․․Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին։

Հիշեցնենք, որ Իսրայելում Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո նախագահ Ռյուվեն Ռիվլինը զանգահարել էր Արմեն Սարգսյանին և մարդասիրական օգնություն առաջարկել։

〽️ Վերջին տասնամյակում Իսրայելն սկսեց գլխավորել Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ցանկը, որին հաջորդում են Ռուսաստանը և Բելառուսը:
〽️ Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր ռազմավարական դաշնակից` ելնելով Իրանի սահմանին վերջինիս ունեցած ռազմավարական դիրքից և այն փաստից, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների ծանրակշիռ մասը:
〽️ Իսրայելի կապերը Հայաստանի հետ, որը սերտ հարաբերություններ ունի հարևան Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, վերջին տարիներին ջերմացել էին և դեսպանին հետ կանչելուց առաջ դրանք կարելի էր որակել որպես «ջերմ»:
〽️ Ես ուրախ եմ, որ Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս [վարձկանների ներգրավման] երևույթին և իրերը կոչում են իրենց անուններով՝ հասկանալով, թե դա ինչ սպառնալիք է միջազգային խաղաղության և կայունության համար։
〽️ Թուրքիայի կայսերապաշտական հավակնությունների թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:

13։59_ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը:

Փոփոխությունները պայմանավորված են Հայաստանում աշխարհազորի ձևավորման և այդ աշխատանքները համակարգված ու արդյունավետ կատարելու անհրաժեշտությամբ։

13։30_ Նոր ապացույցներ են ձեռք բերվում այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու կառավարում այդ էջերը, հայտնում է ՀՀ ՄԻՊ֊ը։

Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP տիրույթից։ Այդ հայկական էջերից շարունակվում է տարածվել ատելություն, Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

13։09_ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել, հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

13։08_ Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում, հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

12։32_ Իտալական Պալերմո քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը։

12:18

https://twitter.com/epressam/status/1323541812678664192

11։51_ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա բնակավայրերի շարունակական հրետակոծությունը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը և այն կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն. նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։

11։45_ Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավարևելյան և հարավային ուղղություններում, հայտնում է Պաշտպանության բանակը:

Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

09։55_ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

Լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։
Տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

նոյեմբերի 2
նոյեմբերի 1
հոկտեմբերի 31
հոկտեմբերի 30
հոկտեմբերի 29
հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27