Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
00:48 _ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
ԵԱՀԿ Միսկի խմբու հայտարարությունը՝ այստեղ։
23:56_ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությամբ նոր հունանիտար հրադադար է հայտարարվել։
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Հայտարարությունը՝ այստեղ։
23:52_ Ինչպես գրել էինք՝ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ընթացքում այսօր անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ անվանելով այն «թեթև դեպք», և հաշտության հեռանկարի կոնկտեքստում հիշատակելով Կոսովոյի և Սերբիայի օրինակը [որտեղ կիրառվել էր «անջատում հանուն փրկության» դոկտրինը]։ Սա Թրամփի, թերևս, ամենաերկար և մանրամասն անդրադարձն է ղարաբաղյան հակամարտությանը, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․
Թրամփ․ — Հայերը․․․ հիանալի մարդիկ են, կատաղի կռվիվ են տալիս։ Եվ գիտե՞ք ինչ․ մենք մի բան կանենք։
Օհայոյի նախընտրական հանդիպման ժամանակ այնքա՜ն հայեր կային՝ դրոշներով, բանով։ Եվ այդ խնդիրները, որ նրանք ունեն․․․ այդ մահերը, մարտերը և այլն։ Բայց սա թեթև դեպք է, ես սա թեթև դեպք եմ համարում։ Երբ գիտես ինչ անել՝ ամեն ինչ հեշտ է։
Ինչպես Կոսովոյում․ նրանք կռվում էին իրար դեմ, իսկ հետո ձեռք սեղմեցին ու համբուրեցին իրար։ Դա այն է, ինչ մենք անում ենք․ փրկում ենք հիանալի մարդկանց կյանքերը։
22:56_ Հատված Նիկոլ Փաշինյանի՝ հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցից․
Փաշինյան․ — Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա: <․․․> Փորձը ցույց է տալիս, որ այդ կարգի գործողությունները միշտ չէ, որ արդյունավետ են լինում, և այդ կարգի կառույցները շատ հաճախ չունեն բավարար լծակներ՝ իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն ունենալու: Այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում:
<․․․>
WION. — Ռուսաստանը փորձեց միջնորդություն ունենալ խաղաղության ձեռքբերման ուղղությամբ, այնուհետև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն միջնորդական նախաձեռնություն հանդես բերեց` ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Այսպիսով` երկու միջնորդական ջանքեր և ոչ մի արդյունք։
Փաշինյան․ – Գիտեք, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել․․․
22։35_ «Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը։ Վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան»,- հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
22։08_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ օրը ամփոփող ճեպազրույցից․
— Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները՝ հյուսիսից մինչև ծայրամաս հարավ։
— Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան, նախ, սկսվել է հրետակոծություն։ Որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։
― Օրվա ընթացքում Հադրութից դեպի հյուսիս, Մարտունիից՝ հարավ, մի քանի գյուղերում, այդ թվում՝ նաև Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր։
— Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն որոնման և ոչնչացման աշխատանքները։ Այս պահին էլ դրանք ընթանում են։
— Որպես կանոն՝ դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել դրանից և փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են մեր ԶՈՒ ստորաբաժանումները։
― Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք՝ Սանասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գորհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով։ Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր։
22։00_ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտությունը «թեթև դեպք է», և խոսք տվեց կարգավորել այն։
Թամփի ելույթի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։
21։36_ Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։
Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։
Մարդկային կորուստներ չկան, հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
21:19 _ Ադրբեջանի ՊՆ-ում քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը հաստատել է՝ ղարաբայան հարցով Բաքվի վրա «որոշակի ճնշում» է գործադրվում։
20։51 _ «Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։
Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել», — գրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
20:47 _ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդարադարձել է «Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումներին»։
«Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին ու ասում. «Մենք գիտենք, թե ով է ձեր կողքին կանգնած: Դուք Թուրքիային եք ապավինում, բայց մենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կսահմանենք»: ․․․Ախր դու [ԱՄՆ] չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանի՛ր քո պատժամիջոցները, տեսնենք: ․․․Մենք հո գաճաճ պետություն չե՞նք: Մենք Թուրքիան ենք», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
[ելույթը թուրքերենով՝ այստեղ]։20։13_ «Նախագահ [Դոնալդ Թրամփի] ղեկավարությամբ հանգստյան օրերին մենք փորձել ենք միջնորդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի:
🔴 Հայաստանն ընդունել է հրադադարը, Ադրբեջանը` դեռ ոչ:
Մենք աշխատում ենք վերջիններիս հետ, որ նրանք ևս ընդունեն հրադադարը», — CBS-ին տված հարցազրույցիշում ասել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը։
https://www.youtube.com/watch?v=kdQQj-QXqD4
20:09_ Ամերիկյան Maxar Technologies արբանյակային ծառայությունը թուրքական F-16 կործանիչներ է հայտնաբերել Ադրբեջանի Գաբալա միջազգային օդանավակայանի ավիաբազայում։
Արբանյակային ծառայության փոխանցմամբ՝ թուրքական F-16-երը (6 միավոր) այնտեղ են եղել մոտ մեկ շաբաթ առաջ։ Լուսանկարներն արվել են հոկտեմբերի կեսերին։
Հավանաբար, կործանիչները Գաբալա են էվակուացվել Գյանջայի օդանավակայանի ռմվակոծությունից հետո։
―Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին New York Times-ն ամսագիրը հայտնել էր, որ Գյանջայի օդանավակայանի՝ հոկտեմբերի 3-ի արբանյակային լուսանկարներում հայտնաբերել է նվազագույնը երկու F-16 կործանիչ, որոնք, ըստ ամենայնի, պատկանում և կառավարվում են թուրքական ռազմաօդային պաշտպանության կողմից։
―Սեպտեմբերի 29-ին՝ առաջաին անգամ, և հոկտեմբերի 12-ին՝ երկրորդ անգամ, հայկական կողմը հայտարարել էր, որ Ադրբեջանը թուրքական F-16 կործանիչներ է հանել երկինք՝ պատսպարելու համար ՍՈՒ-25 գրոհիչներին։ Ադրբեջանը թուրական F-16-երի ռազմական թռիչքների մասին տեղեկությունները երկու անգամն էլ հերքել է։
19:33_ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել տեսաուղերձով։
Հայրապետական նրա ուղերձը` այստեղ:
18:55_ Քայլերթ Լիտվայիում և Փարիզում, ակցիա Իսպանիա-Ֆրանսիա մայրուղու վրա։
Ցուցարարները (գերակշիռ մասը` հայ համայնքից) պահանջում են կանգնեցնել Արցախի դեմ ռազմական ագրեսիան, ճանաչել ինքնորոշման իրավունքը, լուսաբանել պատերազմը։
18:50_ Քնապարկեր էլ պետք չեն:
«Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար ՔՆԱՊԱՐԿԵՐԻ անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում: Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար:
…Ինչ վերաբերվում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին, խնդրում ենք նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն», – գրել է Պաշտպանության բանակը։
18:49_ Ֆրանսիացի պատգամավորների հետ հանդիպել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
18:38_ Հայաստանի ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը։
Նազարյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակը և եզրափակել. «Մենք ասում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, եթե ընդունվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը՝ Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով: Ադրբեջանը, չցանկանալով այս հարցը քննարկել, տապալել է բանակցությունները՝ մեզ ներքաշելով պատերազմի մեջ:
Միջազգային հանրությունը չպետք է բավարարվի պարզապես կոչերով. դրանք անզոր են կանգնեցնել այն բարբարոսությունները, որն անում է մեր հակառակորդը: Պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը…»։
18:31_ Ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի լուսանկարներ’ Հայաստանի ՊՆ խոսնակից:
17:51_ 8 հայ ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել, դիմում է ներկայացվել ՄԻԵԴ։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ հայկական կողմը պահանջել է, որ անհապաղ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ։ 5 ռազմագերիների մասով ստացել են ՄԻԵԴ-ի պատասխանը, քանի որ ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել։ Մյուս երեք հոգու մասով դիմումը ներկայացվել է ավելի ուշ` երկրորդ փուլում։
17:14_ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում արդեն երկրորդ անգամ միացել է օդային տագնապի ազդանշանը, հաստատել է «Արմենպրես»-ը։
Ըստ սոցցանցերում շրջանառվող (չհաստատված) տեղեկությունների, ավելի վաղ երկու պայթյունի ձայն է լսվել։
17:04_ Իրանը ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժություններ է իրականացրել Ադրբեջանին և Հայաստանին սահմանակից գոտում, գրում է РИА новости-ին։
Իրանի բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ’ զորավարժություններն իրականացվել են հյուսիս-արևմտյան սահմանամերձ շրջաններում։ Մասնակցել են հետևակի և հրետանային ստորաբաժանումները, նաև՝ անօդաչու թռչող սարքեր։ Նպատակը «ուժի ցուցադրությունն է և ռազմական պատրաստության բարձրացումը»։
Պաշտոնական Թեհրանը չի հստակեցնում’ կոնկրետ որ հատվածներում են իրականացվել զորավարժությունները. հյուս-արևմուտքում Իրանը սահմանակցում է Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։
15:32_ Ցույց` Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանության շենքի դիմաց։
Ի հիշատակ նահատակված հայ զինծառայողների` Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման պահանջով։
14:58_ «…Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին», – «Հանրային»-ի լրատվական ծառայության հետ զրույցում ասել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը’ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ամեն անգամ, երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաև Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը վերջինիս համար շատ արագ դառնում է անընդունելի, և Ադրբեջանը սկսում է պահանջել ավելին։
14:47_ ՊԲ-ն հրապարակել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 11 զինծառայողների անունները.
Պետրոսյան Խաչատուր Սերգեյի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Արտյոմ Սպարտակի, ծնվ. 2001թ.
Պահեստազորային Մարտիրոսյան Արթուր Լևոնի, ծնվ. 1985թ.
Սայադյան Գարիկ Մերուժանի, ծնվ. 1984թ.
Թովմասյան Համլետ Ջանիբեկի, ծնվ. 1980թ.
Մխիթարյան Լեռնիկ Լևիկի, ծնվ. 1972թ.
Սարգսյան Սուրեն Բենիկի, ծնվ. 1985թ.
Մայիլյան Արսեն Արթուրի, ծնվ. 1982թ.
Մանուկյան Դավիթ Մանվելի, ծնվ. 1987թ.
Թոփչյան Արման Լևիկի, ծնվ. 1993թ.
Պահեստազորային Եգանյան Հրայր Արմենի, ծնվ. 1990թ.
14:28_ «Մենք պատրաստ ենք: Ես դա բազմիցս ասել եմ: Մենք այսօր պատրաստ ենք համաձայնության գալ հրադադարի հարցում, բայց Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին», – Իլհամ Ալիև (Fox News-ին տված հարցազրույցում)
13:16_ Իրանը երկու օր շարունակ զգալի թվով ծանր ռազմական տեխնիկա (այդ թվում’ տասնյակ տանկեր) և մարդկային ուժ է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից գոտի:
Պաշտոնական Թեհրանից մեկնաբանություններ դեռ չկան։
«Милитарист» տելեգրամ-ալիքի տվյալներով’ Իրանն ի սկզբանե թերագնահատել է ադրբեջանական զինուժի հարձակման ծավալները. սահմանի պաշտպանվածության հարցը չի դիտարկվել որպես առաջնահերթություն։ Ադրբեջանի ներթափանցումն արդեն իսկ որոշակիորեն փոխել է տարածքում ձևավորված հավասարակշռությունը։ Ապագայի անորոշությունը հաշվի առնելով’ որոշում է կայացվել ակտիվացնել հետախուզությունը և ամրացնել սահմանային դիրքերը։
update. “Sepahcybery” տելեգրամ-ալիքի տվյալներով’ առաջին տեսանյութում իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսի զինվորականը հայտնում է, որ «Իմամէ Զաման» կորպուսի ցամաքային զորքերի միավորը կտեղակայվի սահմանի երկայնքով’ Իրանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
12։52_ Ֆրանսիայի խորհրդարանի` 15 հոգուց բաղկացած պատվիրակությունը հոկտեմբերի 24-ից 27-ը կլինի Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, հայտնել է «Նուվել դ’Աղմենի» պարբերականը։
Ֆրանսիացի պատգամավորների այցը Հայաստան պաշտոնական Բաքվի կողմից գնահատվել է որպես սադրանք։
«Այս այցը հարցականի տակ է դնում Ֆրանսիայի’ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, չեզոքությունը։ Նմանօրինակ սադրանքները այս զգայուն ժամանակներում իրավացիորեն լուրջ վրդովմունք են առաջացնում ադրբեջանական հասարակության շրջանում», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
10:10_ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում, հայտնում է ՊԲ-ն։
09։56_ Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։
09։52_ «Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:
Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:
Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով: Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա: Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք», – հայտնում են ԱՀ ԱԻՊԾ֊ից։
―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27