Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 17-րդ (հոկտեմբերի 13)

Պատերազմ Ղարաբաղում, օր 17-րդ (հոկտեմբերի 13)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

22։40_ «Չպետք է մոռանանք, որ անտեսանելի թշնամի ունենք, որ մեր թիկունքն ուղղակի թուլացնում է։

Պարզ է, որ կորոնավիրուսի այս ցուցանիշը անվտանգության կանոնները չպահելու արդյունքում է գրանցվում։ … Հակահամաճարակային կանոնները չպահելը կարող է բերել իրավիճակի, որ COVID-ը հասնի զինվորներին՝ դրանով թուլացնելով նրանց կամքն ու առողջությունը», – Արծրուն Հովհաննիսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է ԱՆ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյան։

Նշենք, որ վերջին օրերին կորոնավիրուսի ցուցանիշները գնալով բարձրանում են. գրանցվող նոր դեպքերի քանակը գերազանցում է անգամ համավարակի առաջին ալիքի ցուցանիշները, ինչը’ պատերազմի հետ մեկտեղ, գերծանրաբեռնում է առողջապահական համակարգը։ Հիվանդանոցային կարողությունների սպառումը կարող է հանգեցնել իրական կոլապսի։

22:37_ ՊՆ-ի Արծրուն Հովհաննիսյանի օրը ամփոփող ասուլիսը՝

➖ Այսօր երեւի թե ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերից մեկն է եղել:

➖ Հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի․ Ադրբեջանի ԶՈՒ-երը որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը․ տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ և տեղեկատվական ակցիաներ են իրականացնում՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրաև նկարվելով՝ առաջին հերթին իրենց, ապա մեր հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար։

➖ Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել ընդամենը մեկ տեղամասում, թույլ ենք տվել վերցնել մի քանի դիակ, մենք էլ ենք վերցրել, եւ անմիջապես դադարեցվել է գործընթացը, քանի որ հրադադարը խախտվել է։

➖ Հադրութը երբեմն ներթափանցում են ադրբեջանական դիվերսիոն խմբեր, որոնց դեմ մեր ԶՈՒ-երը պայքարում են, բայց քանի որ տեղանքը լեռնային է, անտառային է, կտրտված է, և այլն, նման խմբերի ներթափանցումը չի բացառվում։

➖ Չկա ոսկե լուծում ԱԹՍ-ների դեմ, դրանք մինիատյուր տեխնոլոգիաներ են, կոմպլեքս լուծումներ պիտի կիրառվեն՝ հայտնաբերող, հավաստանշող, խոցող, պայքարող միջոցառումների ընդհանրություն։ Ժամանակակից պատերազմների ընթացքում ԱԹՍ-ները ամենաշատ գլխացավանք ներկայացնող զինատեսակներից են։

21։06_ Ղարաբաղի բոլոր շրջաններում աշխարհազորայիններից կազմված ջոկատներ են ստեղծվում։

«Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: ․․․Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը: Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում ՊԲ-ն կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը», – ֆեյսբուքի իր էջում գրել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Աշխարհազորի հետ ակտիվ հանդիպումների մասին Հարությունյանը գրել էր նաև երեկ՝ նշելով, որ պայքարի մեջ են ներգրավում «Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին»։


լուսանկարները՝ Արայիկ Հարությունյանի ֆբ էջից (հոտկեմբերի 13, 12)

20:25_ «Վերջերս այստեղ լուռ է։ Քաղաքի մեծ մասը կանգուն է, բայց որոշ շրջաններ ավիրված են», – թվիթերի իր էջում գրել է քաղաագետ, հետազոտող Նիլ Հաուերը։

Ստեփանակերտում այժմ հանգիստ է, փոխանցում են տեղում աշխատող լրագրողները։

https://twitter.com/NeilPHauer/status/1316013654802747396

19:34_ Արցախում այս պահին ունենք 25 զոհ և 100-ից ավելի վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում, 5800-ից ավելի ինչպես բնակելի, այնպես էլ մշակութային և հասարակական նշանակություն ունեցող վնասված օբյեկտներ, քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսին ասել է Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչ Մեխակ Արզումանյանը։

Նշենք, որ երեկ երեկոյան Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն նշել էր, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը (հոկտեմբերի 12-ի դրությամբ) հասել է 31-ի։

17:33_ Մինսկի խմբի համանախագահներն էլ, իրենց հերթին, կոչ են անում անհապաղ իրագործել մարդասիրական հրադադարը’ աճյունները վերադարձնելու, ռազմագերիներին ու ազատազրկվածներին փոխանակելու համար։

Այսօր տարածած հաղորդագրությամբ նրանք հորդորում են երկու Հայաստանի և Ադրբեջանցի ղեկավարներին նաև «հրատապ համաձայնության գալ հրադադարի խախտման դեպքերը վերահսկող մեխանիզմի [այսինքն’ վերիֆիկացիոն համակարգի] շուրջ»

17:22_ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

Մնացականյանը ներկայացրել է իրավիճակը և ընդգծել տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:

16։07_ Կարմիր Խաչը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ավարտին հասցնել մոսկովյան պայմանավորվածությունները

Կողմերի հետ հումանիտար հրադադարի, զոհվածների դիերի և գերիների փոխանակման շուրջ քննարկումները շարունակվում են, բայց առարկայական որևէ համաձայնության մինչ օրս չեն հանգեցրել, Ժնևում հայտարարել է ԿԽՄԿ ներկայացուցիչ Մարտին Սխուեպը։

Սխուեպը կոչ է անել կողմերին անվտանգության երաշխիքներ տրամադրել միջազգային առաքելության աշխատակիցներին և ավարտին հասցնել ստանձնած պարտավորությունները։

Ավելի վաղ, հիշեցնենք, Կարմիր խաչի հայստանյան գրասենյակը հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակում, երբ հրդադարի ռեժիմը փաստացի չի պահպանվում, զոհվածների դիերի և գերիների փոխանակման գործընթացը սկսել հնարավոր չէ, և նշել, որ կազմակերպությունը նման պայմաններում աշխատել չի կարող։

15:11_ Ղարաբաղյան զինված հակամարտության սրացումից անմիջապես հետո ռազմական բեռի տարանցումը ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան դադարեցվել է, aliq.ge-ի փոխանցմամբ’ ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան։

14:27_ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մտահոգ է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տարվող ահաբեկիչ-զինյալների մասին տեղեկություններով։

Նա իր մտահոգությունը հայտնել է նաև Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին, հայտնում է ռուսական ռազմական գերատեսչությունը։

13։41_ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է աշխարհազորի մասնակցությունը կանոնակարգող օրենքը։

«Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն ԱԺ է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:

․․․Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է», – գրել է Արայիկ Հարությունյանը։

12:14_ «Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:
Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար», – հայտնում է Վահրամ Պողոսյանը:

12։09_ Իրանի Արդաբիլ նահանգի Ուզուն Թափեհ գյուղի ցանքատարածքներում ԱԹՍ է վթարի ենթարկվել։

Այս մասին հայտնել է Արդաբիլի նահանգապետի տեղակալը։ Նա նշել է, որ այժմ ուսումնասիրում են, թե ում է պատկանում ԱԹՍ-ն և ինչպես է վթարվել այդ տարածքում։

Սա առաջին դեպքը չէ, երբ ղարաբաղյան մարտերը հատում են Իրանի սահմանը։ Մինչ այս, օրինակ, սխալ ուղղությամբ բաց թողնված արկի հետևանքով վիրավորվել էր Իրանի սահմանամերձ գոտու 6-տարեկան բնակիչը։ Մեկ այլ դեպքի առթիվ, ՝ իրանական կողի նախազգուշացնող ուլտիմատումից հետո, Ադրբեջանն արդեն ներողություն է խնդրել։

11:20_ Մոսկվա կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի հետ։

11:14_ «Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։

Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։

Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։

Զոհեր ու վիրավորներ չկան», – հայտնում է Հայաստանի Արտակարգիրավիճակների նախարարությունը։

11:08_ «Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ:

Նշված ցուցակներում ներառված են եղել

Արթուր Արամայիսի Առաքելյանի,
Հակոբ Խաչատուրի Հակոբյանի,
Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի,
Վահրամ Վաչագանի Հովհաննիսյաննի,
Գևորգ Մանվելի Մանուկյանի,
Արմեն Զավենի Ամիրջանյանի,
Իշխան Ռաֆիկի Ասլանյանի,
Միսակ Հակոբի Սաֆարյանի,
Հայկ Արարատի Հակոբյանի և
Արթուր Նորիկի Մինասյանի անունները, ովքեր ինչպես պարզվել է ողջ են:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը», – ՊԲ

10:44_ ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 17 զինծառայողների անունները`

Երանոսյան Գարեգին Արտուշի, ծնվ. 1982թ.
Համբարձումյան Հակոբ Սմբատի, ծնվ. 1996թ.
Խաչատրյան Հրայր Սուրիկի, ծնվ. 1981թ.
Մինասյան Արթուր Նորիկի, ծնվ. 1981թ.
Ավետիսյան Խաչիկ Լևոնի, ծնվ. 1981թ.
Ջանոյան Մելիք Զորիկի, ծնվ. 1993թ.
Դադոյան Մարատ Զոհրակի, ծնվ. 2002թ.
Օչինյան Արման Արարատի, ծնվ. 1999թ.
Հարությունյան Գևորգ Գագիկի, ծնվ. 2001թ.
Կարապետյան Կարեն Մովսեսի, ծնվ. 2001թ.
Մեսրոպյան Արգիշտի Սաշայի, ծնվ. 2000թ.
Պողոսյան Ղուկաս Սամվելի, ծնվ. 1990թ.
Ծատրյան Կարեն Սերյոժայի, ծնվ. 1977թ.
Հովհաննիսյան Նարեկ Վաչագանի, ծնվ. 1992թ.

Կամավորական Գրիգորյան Խաժակ Ֆորմիկի, ծնվ. 1973թ.
Կամավորական Կարապետյան Վարդան Ֆրունզի, ծնվ. 1984թ.
Կամավորական Թորոսյան Ռադիկ Պապինի, ծնվ. 1967թ.

10:16_ Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում-հանդիպում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ:

10։04_ Առավոտնից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը անցել է հարձակողական գործողությունների, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

10։03_ «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը:

Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար», – գրում է Շուշան Ստեփանյանը։

10:00_ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:

Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում…», – հայտնում է ՊԲ֊ն։

――――――――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․

հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27