Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
Հետագա օրերի թարմացումներին կարող եք հետևել՝
հոկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
00:33_ Հայաստանի ՊՆ խոսնակը հերքում է նաև Հայաստանի ԶՈւ-ի կողմից Խըզը և Ապշերոն բնակավայրերի թիրախավորման մասին Ադրբեջանի հայտարարությունները։
23:15_ Քիչ առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հաստատել էր սոցցանցերում տարածվող տեղեկությունները, թե երկու հթիռ է արձակվել Մինգեչաուր քաղաքի վրա, որի մոտ գտնվում է տարածաշրջանի մեծագույն ջրամբարը։ Տեղեկությունը քիչ առաջ հերքվել է նաեւ Հայաստանի ՊՆ-ի կողմից։
23:14_ Արցախի ՊԲ-ն Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չի տեսնում, Արմենպրեսի հետ զրույցում ասել է Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Ադրբեջանի կողմից դա հերթական հերյուրանքն է», – ասել է Պողոսյանը:
21:35_ ԱԱԾ-ն «ռազմական լրտեսության կասկածանքով» բերման է ենթարկել օտարերկրյա քաղաքացիների
Ըստ ԱԱԾ-ի, ձեռք են բերվել օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու մասին փաստական տվյալներ։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին «օտարերկրյա քաղաքացիները» ձերբակալվել են՝ ՔրՕր-ի 302-րդ հոդվածի (լրտեսություն) և 38-302-րդ հոդվածի (ՀՀ քաղաքացու կողմից լրտեսությանն օժանդակելու) կասկածանքով:
Կոնկրետ ինչ փաստական տվյալներ են հավաքվել՝ հայտնի չէ։
19:57_ Այս պահին Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է: Շուրջ երկու ժամ պայթյունի ձայներ չեն լսվել, գրում է Արմենպրեսը։
19:55_ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ։
— Հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ԼՂ հակամարտության շուրջ բարդացող իրավիճակից ելք գտնելուն առնչվող հարցերը:
— Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ: Ընգծվել է կրակը անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:
— Վերհասատատվել է կողմերին աջակցելու պատրաստակամությունը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերադառնա քաղաքական և դիվանագիտական դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ համաձայն ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ավելի վաղ արած հայտարարության:
17։21_ «Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ», – Արմենպրեսս-ին հայտնել է Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
16։38_ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել։
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղ․ բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի անունից Եվրադատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի, հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ը բավարարել էր Հայաստանի՝ ընդդեմ Ադրբեջանի միջանկայլ միջոց կիրառելի պահանջը, որի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։
15:06_ Ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին, հայտարարում է Ղարաբաղի ԱԳՆ-ն։
Ըստ ԱԳՆ-ի, կա հատուկ առաջադրանք՝ հետևել լրագրողների շարժին և թիրախավորել նրանց․ « Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով»։
14:19_ Մի քանի մեջբերում Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ քիչ առաջ հրապարակված ուղերձից.
— Իրականում մենք ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը։ Ոչ թե ամենա- սպառազինություններով զինված, ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը։
— Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջև։ Ուզում եմ ասել՝ ձեր ցա՜վը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք։ Դուք պայքարում եք ամեն մի սանտիմետրի համար։
— Մեր սպայական անձնակազմը հրաշքներ է գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը։ Եվ մեզ դա է պետք, եթե մենք հաղթահարենք այդ բարդույթը, բոլորս պատրաստ լինենք զոհվելու, մենք կհաղթենք։
— Այսօր իմ հրամանագրով հինգ հոգի ևս արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը։
— Այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի ԶՈՒ ստորաբաժանումները համազարկ են տվել։ Նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի։ Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին՝ Գյանջային, Կիրովաբադին ենք խփել՝ նրանց զինվորական մշտական տեղակայման վայրերին։ Խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել։ Ուշքի’ եկեք, որովհետեւ շարունակելու ենք այլ քաղաքների էլ:
— Այս կրակը եղել է նախազգուշացման կրակ։
— Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Նշում եմ՝ մինչեւ վերջին մարդը, մինչև վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու։ Անհնար է հաղթել մեզ։
— Ուզում եմ, որ այս համախմբվածությունը շարունակի մնալ՝ օգնելու մեր տարհանվածներին։ Ուզում եմ, որ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետև այսօր, քան երբևէ, ԱՀ և ՀՀ իշխանության դերը բարձր է, պատասխանատու, վճռորոշ։
— Ուզում եմ՝ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ո՛չ ադրբեջանցիների։ ․․․Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին․ նրանց աշխարհաքաղաքական կեղծ ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի տակ տառապում են։ ․․․Ադրբեջանի ժողովուրդը ևս տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին։ Դրա համար մենք աշխարհով մեկ պետք է պայքարենք Ադրբեջանի իշխանության դեմ։ Այդ պայքարի ձևերը դուք գիտեք։
13:34_ Հատված Հայաստանի ՊՆ Դավիթ Տոնոյանի՝ «Զինուժ»-ին [ՊՆ-ի լրատվական ստորաբաժանում] տված հարցազրույցից.
զինուժ․ — [Ադրբեջանի] ՊՆ-ն մեղադրանք հնչեցրեց, որ Հայաստանի տարածքից իրականացվել են ադրբեջանական բնակավայրերի հրթիռակոծումներ։
Տոնոյան․ — Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածք որևիցե հեռահար հրետա- կամ հրթիռակոծություն չի իրականացվել։ Դեռևս։ Եթե Ադրբեջանի ԶՈՒ-ի կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրերը մարտական գործողությունների թույլատրելի անցկացման վայր է, մեր ՊԲ-ի, Արցախի ԶՈՒ-ի հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են։ Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու։
Նշենք, որ հայկական կողմն այսօր պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերը, որտեղ տեղակայված են ռազմական օբյեկտներ, և մասնավորապես՝ Գյանջա քաղաքը հրետանակոծելու մասին։
13:06_ Հայաստանի ԱԳ փոխնախարարը Ուկրաինայից չեզոքություն է ակնկալում։
Ղարաբաղում տեղի ունեցածի հետ ցանկացած զուգահեռ [Ուկրաինան Ղարաբաղյան խնդիրը հաճախ դիտարկում է Ղրիմի անեքսիայի համատեքստում՝ միանշանակորեն ապավինելով տարածքային անբողջականության սկզբունքին] անտեղի է, ասում է Շավարշ Քոչարյանը․ Ղարաբաղը ինքնորոշվել է Խորհրդային Միության ժամանակահատվածում նույն հիմքով, ինչ Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը։
Անդրադառնալով Իսրայելում Հայաստանի դեսպանի հետկանչին, Քոչարյանը հայտարարել է․ «Մենք գիտակցում ենք, թե ինչ է բիզնեսը, երբ այսօրվա ագրեսորին վաճառում են զենքեր։ Բայց երբ զինամթերք է ուղարկվում մարտական գործողությունների ժամանակ, դա անընդունելի է»։
12:36_ Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ, հայտնել է ՊՆ-ի Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը Ստեփանակերտին հարվածել է նաև ինքնաթիռով:
Ավելի վաղ նշվել էր հրետանակոծության մասին՝ Սմերչ և Պոլոնեզ համակարգերից։
11:49_ Գյանջայի օդանավակայանի խոցումը ադրբեջանական կողմը դեռևս չի հաստատել, բայց հաստատել է, որ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը (և մի շարք գյուղեր) ռմբակոծվում են։
Հայաստանյան կողմը հերքում է Բաքվի հայտարարությունները, թե կրակը բացվել է Հայաստանի Հանրապետության տարածքից։
11։42_ «Հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներից թիրախավորել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Արցախի ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին», – հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
11:31_ Ավելի վաղ Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել էր Ստեփանակերտի՝ Պոլոնեզ և Սմերչ համակարգերից հրետանակոծման մասին՝ հավելելով․
«Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:
Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար»։
Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, գրել էր Հարությունյանը։
11:21_ «Պաշտպանության բանակը խոցել է Գյանջայի օդանավակայանը»։
Այս մասին հայտնել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` վերահաստատելով Ղարաբաղի նախագահի խոսնակի տարածած տեղեկատվությունը։
«Հիշեցնենք, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում»։
10:01_ Ստեփանակերտն առավոտյան դարձյալ հրետակոծվել է, գրում է «Ազատությունը»:
09։59_ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ, հայտում է ՊԲ-ն։
«Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման»:
— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։
— Ղարաբաղում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ռազմական դրություն է հայտարարվել նաև Ադրբեջանում․ մի շարք քաղաքներում սահմանվել է պարետային ժամ։
― Մինսկի խումբը հոկտեմբերի 2-ին կոչ է արել անհապաղ հումանիտար զինադադար հաստատել, որպեսզի ԵԱՀԿ-ի և Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի համակարգմամբ հնարավոր լինի վերադարձնել զոհված զինծառայողների աճյունները։
―Հոկտեմբերի 1-ին, 4 ԱԹՍ է ոչնչացվել Հայաստանի տարածքում, որոնցից մեկը մայրաքաղաքին մոտ Աբովյան քաղաքում։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել է 158 զոհված զինծառայողների մասին։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև 11 խաղաղ բնակիչների մահը։ Երկու քաղաքացի մահացել է Գեղարքունիքի հրետանակոծության արդյունքում։
— Կան հարյուրավոր վիրավորներ ինչպես զինվորականների, այնպես էլ՝ խաղաղ բնակիչների շրջանում։
— Հայաստանի բոլոր բժշկական կազմակերպությունները դադարեցրել են պացիենտների պլանային ընդունումը։ Կիրականացվեն բացառապես «վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում»:
— Ըստ պաշտոնական Բաքվի, ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ընդհանուր 17 քաղաքացիական անձ:
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:
Ավելի մանրամասն՝
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում