Home / Բանակ / Ինչո՞ւ է Եվրադատարանի՝ խաղաղ բնակչությանը վերաբերող միջանկյալ որոշումը կարևոր

Ինչո՞ւ է Եվրադատարանի՝ խաղաղ բնակչությանը վերաբերող միջանկյալ որոշումը կարևոր

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել բավարարել Հայաստանի կառավարության՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը։

«Որոշման մեջ կոչ է արվում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ։

ՄԻԵԴ-ի որոշման մեջ նաև ասված է, որ կողմերը պետք է հնարավորինս շուտ տեղեկացնեն Դատարանին ձեռնարկված այն գործողությունների մասին, որոնք ուղղված են Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ապահովմանը», – քիչ առաջ հրավիրված ասուլիսին հայտնել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ նրա, որոշումն անակնկալ էր նաև Հայաստանի՝ դիմող կողմի համար։

«Որ պետության դիմումի վրա դատարանը կայացնում է միջանկյալ որոշում՝ եզակի դեպքեր են։ Սա թվով երրորդն է։ Առաջին երկուսը Ուկրաինայի դիմումով էին»։

ՄԻԵԴ֊ը որոշման մեջ անդրադարձել է երկու կողմերին․ Հայաստանին, որը դիմել է և Ադրբեջանին, որի դեմ ներկայացվել է դիմումը։

«Սա մեզ համար հաջողություն է, քանի որ այս որոշումը կայացվել է բացառապես հայկական կողմի ներկայացրած ապացույցների հիման վրա․ դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ տեղեկություններ կամ մեկնաբանություն ստանալու համար։

Դիմումը ներկայացրել ենք կիրակի օրը։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ներկայացրել ենք նաև լրացուցիչ ապացույցներ՝ ցույց տալով ընթացիկ իրավիճակը և շեշտադրումներ անելով կոնկրետ հանգամանքների վրա՝ խաղաղ բնակչության թիրախավորումը, Հայաստանի հանրապետության տարածքի ռմբակոծմանը և այլն։

[Դատարանին] կներկայացնենք նաև զեկույցներ մեր ձեռնարկած միջոցառումների մասին։ Վստահ եմ, որ ավելի քան բավարար կլինի։ Կսպասենք նաև Ադրբեջանի կառավարության արձագանքին, որի հիման վրա նոր մեկնաբանություններ կներկայացնենք։ Որոշումը վերաբերում է երկու երկրներին, բայց հաշվի առնելով այն փաստը, որ այն կայացվել է բացառապես մեր ներկայացրած տվյալների հիման վրա, բեռը հիմնականում ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա», – ասել է Կիրակոսյանը։

ՄԻԵԴ ներկայացուցիչը ընդգծել է, որ սա միջանկյալ որոշում կայացնելու վերաբերյալ դիմում էր։ Միջպետական գանգատ բերելու հարցը դեռ քննարկման փուլում է․ «Պետք է խոսել նաև մեր կառավարության ներկայացուցիչների հետ, քանի որ՝ ըստ օրենքի, միջպետական գանգատ ներկայացվում է կառավարության որոշման հիման վրա»։

Միջանկյալ միջոցը, բացատրել է Կիրակոսյանը, ժամանակավոր և հրատապ միջոց է, որը դատարանը կիրառում է այն դեպքերում, երբ առկա է անդառնալի հետևանքների վտանգ, այսինքն՝ կա ռեալ վտանգ կոնվենցիոն հոդվածների խախտումների մասով, որոնք հետագայում հնարավոր չի լինի վերականգնել կամ վերացնել։ Խոսքը առաջին հերքին կյանքի իրավունքի խախտման մասին է՝ երկրորդ հոդված, երրորդ հոդվածի՝ խոշտանգումներ, և բացառիկ դեպքերում ութերորդ հոդվածի՝ անձնական կյանքի անձեռնմխելիություն։

«Մենք դիմումը ներակայացրել ենք այս երեք հոդվածներով, քանի որ արդեն տեսնում էինք դրանց խախտման ռիսկեր, և հենց դրանք խախտման օրինակներ։ Դատարանն իր որոշման մեջ անդրադարձել է միայն երկրորդ և երրորդ հոդվածներին»։

Որոշման հրապարակումից հետո, հիշեցնեն, դրա կետերի խախտումները ևս առաջացնում են Կոնվենցիայի հոդվածների խախտում, ինչը տեղ կգտնի դատարանի վճռի մեջ։

Նշենք նաև, որ ՄԻԵԴ֊ի որոշման մեջ հղում է տրվում բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Ղարաբաղին և հատկապես «տարածքային ամբողջականությանը» վերաբերող բանաձևերին Եվրոդատարանն իր որոշման մեջ առհասարակ չի հղվել։