Մինչ հայ-ադրբեջանական սահմանում և Ղարաբաղում մարտերը շարունակվում են, հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից երեքը հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել։
Մասնավորապես, սեպտեմբերի 27-ին նման միջնորդությամբ հանդես եկավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը նշել էր, թե չի խնդրել դադարեցնել քրեական հետապնդումը կամ կարճել քրեական գործը, ինքը հիմա միայն ցանկանում է վերադառնալ և փորձել երկրին օգտակար լինել, հաղորդում է Factor.am-ը։
Այսօր հայրենիք վերադառնալու ցանկության մասին հայտարարություն էր տարածել նաև հետախուզվող, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը:
«Քիչ առաջ ինձ հետ կապ է հաստատել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 6221)616 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Միհրան Պողոսյանը, ով հայտնել է, որ խոր ցավով և անհանգստությամբ է հետևում հայրենիքում տեղի ունեցող իարադարձություններին, ցանկանում է օր առաջ վերադառնալ Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին»,- գրել է նրա փաստաբանը։
Պաշտպանը միջնորդել է վերացնել Միհրան Պոդոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը և որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։
Հայրենիք գալու և Արցախ մեկնելու ցանկություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հայկական կողմից հետախուզման մեջ գտնվող «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան Հայաստան գալու և Արցախ մեկնելու, սակայն դեռևս պատասխան չի ստացել»,- հայտնում է 168.am-ը։
Factor.am-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը այս միջնորդությունների վերաբերյալ նրանց դիրքորոշումը իմանալու համար, պատասխանը դեռևս չենք ստացել։ Ըստ Քրեական դատավարության օրենսգրի՝ այս միջնորդագրերի քննարկման և պատասխանի համար նախատեսված է 5 օրյա ժամկետ։ Այն դեռ չի լրացել։