Հետագա օրերի թարմացումներին կարող եք հետևել՝
հոկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 5-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
01։40․ _ Հայաստանի առողջապահության նախարարը հրաման է ստորագրել, ըստ որի դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը:
«Կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում: Միաժամանակ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը` հետագա հսկողությունը կազմակերպելով սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով:
Լիահույս ենք, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը», – ասված է որոշման մեջ։
23:55. _ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է զոհված զինծառայողների անունները․
Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.
Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.
Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ.
Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.
Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.
Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.
Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.
Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.
Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.
Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.
Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.
Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.
Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.
Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ.
Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.
22։09․ Ղարաբաղի Պաշտպանության բանակը առավոտյան ժամը 7-ին հիմնականում պատրաստ էր պատերազմի, քիչ առաջ հրավիրված ասուլիսին ասել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հարձակումը, ըստ նրա, եղել է ամբողջ երկայնքով՝ Օմարից մինչև Արաքս։
Հարությունյանը չհերքեց, որ հայկական կողմը ունի կորցրած դիրքեր, հիմնականում՝ Թալիշի ուղղությամբ և հարավային կողմում։
21։19․ _ Հայկական բանակի ստորաբաժանումների մոտ հարյուր վիրավոր զինծառայողներից 10-ը տեղափոխվել են Երևան, ստացել բուժօգնություն։ Մնացածի վիճակը ավելի թեթև է։ Այս մասին քիչ առաջ հրավիրված ասուլիսին հայտնել է ՊՆ նախկին խոսնակ, տեղեկատվական միասնական հարթակի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշել էր, որ խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը ճշտվում է։ Այս պահին հայտնի է ավելի քան 30 վիրավորների մասին։
20։08․ _ Միջազգային հանրությունը հանդես է գալիս կոչերով՝ դադարեցնել կրակը, վերադառնալ բանակցային սեղան, ցուցաբերել զսպվածություն։
Նույնաբովանդակ և չեզոք հանյատարարություններով օրվա ընթացքում հանդես եկել Եվրամիության ներկայացուցիչները, Ռուսաստանի ԱԳՆ-ն, Ռուսաստանի նախագահի աշխատակազմը, Իրանի ԱԳՆ խոսնակը, Հունաստանի ԱԳՆ-ն, ՆԱՏՕ-ն, Ղազախստանի ԱԳՆ-ն, Լեհաստանի ԱԳՆ-ն և այլն։
Առանձնացել է, թերևս, միայն Թուրքիան, որի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իրավիճակի հերթական և աննախադեպ սրման համար միակողմանի մեղադրել են հայկական կողմին։ Էրդողանը վերահաստատել է «եղբայրական» Ադրբեջանին սատարելու՝ Թուրքիայի պատրաստակամությունը, միջազգային հանրությանը մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու և «Հայաստանի հարձակվողականությանը» անհրաժեշտ ու բավարար կերպով չարձագանքելու մեջ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակ համանախագահությանը քննադատել «30 տարի անարդյունավետ աշխատանք տանելու և խնդրի հանգուցալուծումից հեռու լինելու» համար:
19:35. _ Armenpress.am, armtimes.com, 1in.am, hetq.am, mediamax.am և banks.am կայքերը հաքերային հարձակման են ենթարկվել և ժամանակավորապես չեն գործում։
18։44․ _ News.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման. կայքում նյութ էր տեղադրվել, որում նշված էր, իբր Հայաստանի վարչապետը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը և գալ Հայաստան: Այժմ ադրբեջանական լրատվականները՝ հղվելով աղբյուրին, տարածում են այդ ապատեղեկատվությունը։
Այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ news.am կայքից վերոնշյալ նյութն արդեն իսկ հեռացվել է:
18։40․ _ Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման, հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների:
Ղարաբաղում կրթական հաստատությունները, որոնցից որոշները այսօր ռմբակոծության են ենթարկվել, չեն գործելու:
18։18․ _ Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Այս մասին հայտնել է Ղարաբաղի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
18։10․ _ Ադրբեջանում ևս հայտարարվել է ռազմական դրություն։ Ադրբեջանի խորհրդարանը հատուկ դռնփակ նիստ է հրավիրել, որի ընթացքում որոշվել է ժամը 21։00-ից մինչև 06։00-ն պարետային ժամ հայտարարել Բաքվում, Գյանջայում, Գեյգելում, Սումգայիթում, Եվլախում և մի քանի այլ բնակավայրերում։
17։30․ _ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու առթիվ Ազգային ժողովում հատուկ նիստ է հրավիրվել՝ Կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետի մասնակցությամբ։
Ուղիղ հեռարձակումը՝
https://www.facebook.com/parliament.am/videos/326242881799846
17։19․ — Հայկական կողմի զոհերի և վիրավորներ թիվը, ըստ ռազմական գերատեսչությունների, «ճշտվում է»։ Խաղաղ բնակչության շրջանում կա երկու հաստատված զոհ՝ Մարտունու շրջանից։ Այլ թվեր չեն նշվում։
Վիրավորները տեղափոխվում են ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի բուժհաստատություններ։
Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Ղարաբաղի նախագահի կինը՝ Քրիստինա Հարությունյանը, այցելել են Երևանի Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու այնտեղ հոսպիտալացված զինվորներին։ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում այցելությունը վավերագրող լուսանկարներ է հրապարակել՝ “ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ” հեշթեգով, որը առավոտվանից ակտիվ շրջանառության մեջ է դրվել գրեթե բոլոր սոցիալական ցանցերում։
16:39․ _ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը հրապարակվել է քիչ առաջ – և արդեն իսկ ուժի մեջ է մտել։
Ժամը 16։00-ի սահմաններում ուղերձով հանրությանն է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Այսօր վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային։ Ռմբակոծության են ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Օգտագործելով ծանր սպառազինություն, հրետանի, հետևակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում Արցախի Պաշտպանության բանակի դիրքերը բոլոր ուղղություններով», – ասել է վարչապետը՝
ընդգծելով, որ «որպես 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական և ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպխատակով»։
Վարչապետը կոչ էր արել միջազգային հանրությանը գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը, ըստ նրա, վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում․ «Միջազգային հանրությունը միասնական ջանքերով պետք է կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը և տարածաշրջանը զերծ պահի ապակայունացման փորձերից»։
15։10․ _ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում, հաղորդում է Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։
Սահմանագծի մարտերի ֆոնին՝ Ադրբեջանում տոնակատարություններ են․ բակային հավաքներով մարդիկ տոնում են «ռազմական հաղթանակները»։
15:00. _ Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով Առողջապահության նախարարությունը կոչ է անում դիմել կամավոր դոնորության: «Կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ: Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն», – նշված է ԱՆ տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ «Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը, անում է իրենից կախված ամեն ինչ` Արցախի մեր եղբայրներին ու քույրերին որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար»:
Կամավորագրվել ցանկացող բժիշկներին ու բուժքույրերերին, ոլորտի աշխատակիցներին կոչ էր արվել զանգահարել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն 060 80 80 03 (ներքին` 1502, 1503, 1504) հեռախոսահամարներով:
13։45․ _ Կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ», – ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ ռազմական դրություն և 18-ից բարձր տարիքային խմբի համար ընդհանուր զորահավաք է հայտարարվել նաև Ղարաբաղում, որի ուղղությամբ, ինչպես առավոտյան հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»:
Ղարաբաղի ՊՆ-ն հայտնել էր, որ «հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում»:
Ժամը 12։00-ի սահմաններում Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ։ Հիմնականում հակառակորդը խփել է հրետանու միջոցով և քաղաքացիական բնակավայրերի վրա։ Վիրավորները ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։
Ավելի վաղ Ղարաբաղի ՄԻՊ-ը տեղեկացրել էր, որ «Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են: Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում»։
«Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են», – հավելել էր Հայաստանի ՄԻՊ-ը։
Ըստ Ղարաբաղից հասնող տեղեկությունների, քաղաքների և գյուղերի բնակիչներին հորդորում են պատսպարվել՝ իջնել նկուղներ։ Ստեփանակերտում և Շուշիում պարբերաբար միացվում են տագնապի ձայնային ազդանշանները։
Ադրբեջանում առավոտվանից արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները՝ Facebook, Youtube, Whatsapp, TikTok։ Անխափան աշխատում է միայն Twitter։ Հայաստանում և Ղարաբաղում արգելափակումներ չեն եղել․ Պաշտպանության նախարարությունները, սակայն, ավանդականի պես՝ կոչ են անում պաշտոնական տեղեկությունից բացի՝ այլ տեղեկություններ չհրապարակել։
Լայնածավալ մարտերը, ինչպես նշում են ռազմական գերատեսչությունները, շարունակվում են։