Home / Բանակ / Պատերազմ Ղարաբաղում, օր 9-րդ (հոկտեմբերի 5)

Պատերազմ Ղարաբաղում, օր 9-րդ (հոկտեմբերի 5)

Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:

Հետագա օրերի թարմացումներին կարող եք հետևել՝
հոկտեմբերի 7-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 6-ի տեքստային տրանսլյացիայում

01։52_ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը հայտարարել է, որ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը «վատ կվերջանա Թուրքիայի և նրա ղեկավարի համար»:

«Էրդողանը ռազմական եղանակով միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին, Էրդողանը Կովկասում միջամտում է Հայաստանի և Ադրբեջանի հարցերին, առճակատվում է Հունաստանի և Կիպրոսի հետ, հարձակվել է Միջերկրականում բնական գազ պարունակող հատվածների վրա և Ֆրանսիայի նման ազդեցիկ պետությանը ստիպել ավիակիր ուղարկել Կիպրոս»,- Կահիրեում հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում նշել է Ահմեդ Աբուլ Ղեյթը։

01:50_ Մոտ 14 ժամվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է ~25 միլիոն դոլարի հանգանակություն։

Ընդհանուր առմամբ՝ մարտերի մեկնարկից ի վեր հիմնադրամին փոխանցվել է 49 միլիոն դոլար։

«Հիմնադրամ եկած գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ։ Միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման վրա, դրանք կարող են գնալ մեքենաների, զինվորի կոշիկի, վիրավորների բուժման վրա, և այլն։ Ինչ անհրաժեշտ է հումանիտար ուղղությամբ՝ այդ գումարներով իրականացվում է։ Որևէ մեկն անհատական որոշում չի կայացնում ծախսերի վերաբերյալ», – առավոտյան ասուլիսի ընթացում ասել էր հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ կոչ անելով բոլորին և հատկապես «մեր մեծահարուստ հայրենակիցներին» հանգանակել հիմնադրամին և աջակցել ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրների լուծմանը։

01։29_ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության փորձագետները հաստատել են՝ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին ռմբակոծվել են M095DPICM իսրայելական արտադրության կասետային արկերից․

Մարտական գործողությունները շարունակում են սրվել, նշում է Amnesty International-ը․ քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, ոչ թե դիտավորյալ հարձակման կամ վտանգի ենթարկվի։

«Կասետային ռումբերի կիրառումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։ Քաղաքացիական շրջանների վրա հարձակման համար դրանց կիրառումը հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն հետագա զոհերի ու վիրավորների»,- հայտարարել է կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

Amnesty International-ը կողմերին կոչ է արել լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և քաղաքացիական բնակչությանը պաշտպանել ռազմական գործողությունների հետևանքներից:

00։48_ Ավելի քան 200 հետազոտողներ, արվեստագետներ, լրագրողներ, բժիշկներ, ակտիվիստներ, ծրագրավորողներ և ուսանողներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Թուրքիայից (և ոչ միայն) համատեղ հայտարարություն են հարապարակել՝ կոչ անելով կողմերին անհապաղ անցնել հրադադարի և վերադառնալ բանակցությունների սեղան։

Հայտարարությունը՝ այստեղ։

23։45_ Մինսկի_խմբի համանախագահող երկրները վճռական են տրամադրված լիովին իրագործել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրված մանդատը, հայտարարել են արտգործնախարարներն ու հավելել` միջնորդական այդ մանդատին համապատասխան իրենք շարունակելու են հետևողականորեն զարգացնել փոխազդեցությունը կողմերի վրա․․․

Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԱԳՆ-ների համատեղ հայտարարությունը Ղարաբաղի մասին

23։22_ Կանադան Թուրքիային զենք չի մատակարարի:

«Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»,- գրել է Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը։

Կանադան կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին երկրի վարչապետը՝ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի՝ ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Ուսումնասիրվել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը․ պարզվել էր, որ Ադրբեջանի կողմից կիրառվող ԱԹՍ-ները համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում։

Կանադա-ի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Հոկտեմբերի 2-ին Կանադայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները:

23:00_ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական կողմի պատրաստակամությունը Լավրովը վերահաստատել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ այսօր տեղի ունեցած զրույցի ընթացքում։

Նա ընդգծել է հակամարտության գոտում կրակի արագ դադարեցման անհրաժեշտությունն ու մտահոգություն հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի մեծացման վերաբերյալ։

22։50_ «Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», – ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը հայտնել է, որ վերադառնում է Ստեփանակերտից։

22։34_ «Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ղարաբաղի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Այսօր երեկոյան Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ «Հայաստանի Զինված ուժերը հերթական անգամ հրետանակոծում են Գյանջան»։ Հայաստանի ՊՆ-ն խոսնակը անդրադարձել էր այս հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ կրակ չի վարվում։

22։16_ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ից տարածած տեղեկությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-երը կրակի տակ են պահում Ադրբեջանի Գյանջա քաղաքը:

«Որևէ կրակ Հայաստանից Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ չի վարվում, ուղղակի Ադրբեջանի քարոզչամեքենան պարբերաբար այդպիսի կեղծ տեղեկատվություն է տարածում», – Արմենպրեսին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

18։03_ Թուրքիան անպայման պետք է ներկա լինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

TRT Haber հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Թուրքիան ուժեղ պետություն է՝ մեծ պոտենցիալով։ Մեր հարևանը, Հայաստանի հարևանը, Հարավային Կովկասի հարևանը։ Այդ իսկ պատճառով, բնականաբար, Թուրքիան պետք է ակտիվ լինի այդ գործերում։ Հետագա խաղաղ գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի»,- ասել է Ալիևը։

Խաղաղ գործընթացը, ըստ նրա, պետք է սկսվի «որքան շուտ, այնքան լավ», քանի որ «պատերազմը չի կարող հարատև լինել»։

18:08_ Իրանը Ղարաբաղյան «կոնֆլիկտի խաղաղ կարգավորման պլան» ունի, հայտարարել է երկրի ԱԳՆ Սաիդ Խաթիբզադեն։

«Հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և զորքերը գրավյալ տարածքներից դուրս հանելու անհրաժեշտությունը, մենք ընդգծում ենք, որ ռազմական հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի՝ համապարփակ քաղաքական երկխոսության համար», – Խատիբաձեին մեջբերում է РИА Новости-ն՝ հղվելով Mehr գործակալությանը։

Իրանի մոտեցումը բացահայտ հղում է Ադրբեջանի նախագահի ելույթներին․ վերջինս հայտարարել էր, որ «զորքերի դուրս բերումը գրավյալ տարածքներից» դիտարկում է որպես ռազմական գործողությունները դադարեցնելու նախապայման։

17:20_ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վերջին տարվա ընթացքում զորացրված տղաներին սեփական համազգեստով ներկայանալ կենտրոնական զինվորական հավաքակայան՝ մասսայաբար կամավորագրվելու․

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/660183714892231

16։24_ Անհրաժեշտ է մտածել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում ղարաբաղյան հակամարտության հարցով: Խնդրի շուրջ Ռուսաստանը կապի մեջ է նաև Թուրքիայի և Իրանի հետ, ասել է Լավրովը:

Ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ֆրանսիայի արտգործնախարարը․
«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը հասնելու համար, ինչպես նաև վերսկսելու բանակցությունները»,- թվիթերյան իր էջում գրել է նախարար Լե Դրիանը: Նա հավելել է, որ Լավրովի հետ զրույցում «պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ քայլերի անհրաժեշտության շուրջ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Մինսկի խմբի համանախագահող երկների նախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որով «կոչ էին անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։

16:03_ Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ և փնտրում են, կարող են դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (ՀՔԱՎ)` հետևյալ կոնտակտներով․

Արմինե Սադիկյան
☎️093339441, 093111615
📩 [email protected]

Սոֆյա Պետրոսյան
☎️077-930-579 (նաև viber, signal)
📩 [email protected]

Անահիտ Ղազարյան
☎️ 077 68 93 98
📩 [email protected]

Սառա Ղազարյան
☎️ 077 071421
📩 [email protected]

ավելի մանրամասն՝ այստեղ։

15:47_ «․․․Մենք մեկ անգամ ևս կրկնում ենք, որ պատերազմում հաղթողներ չեն լինելու, և որ պատերազմը շահեկան չէ ժողովրդի համար, քանի որ այն միայն մահ և աղքատություն է բերում:

Այս իմաստով մենք կոչ ենք անում ամենից առաջ Թուրքիայի ժողովրդին և խաղաղության բոլոր ակտիվիստներին քայլեր ձեռնարկել հրադադարի և կայուն խաղաղության համար»:

Թուրքիայում հասարակական֊քաղաքական գործունեություն ծավալող «Նոր Զարթօնք» հայկական կազմակերպության հայտարարության հայերեն թարգմանությունն ամբողջությամբ՝ այստեղ։

15:13_ Երևանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի աշխատակազմին ենթարկվող օդանավը

Ինքնաթիռների տեղաշարժը ֆիքսող Flightradar24 ծրագրի տվյալների համաձայն, Երևանում վայրէջք է կատարել «Ռոսիա» ամառային ջոկատի Իլ-96 ինքնաթիռը, գրում է BBC ռուսական գործակալությունը։

«Այդ ջոկատը ենթարկվում է Ռուսաստանի Դաշնության նախագահականին։ Այդ օդանավերով տեղաշարժվում են #Ռուսաստան-ի բարձրաստիճան պաշտոնյաները, հատուկ ծառայությունների և Զինված ուժերի ներկայացուցիչները»։

15:09_ Հատված Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Caixin Media-ին տված հարցազրույցից

— Երբ չկար թուրքական ներգրավվածություն, և հակամարտության կողմերն էին Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի պետությունն ու Հայաստանը՝ որպես նրանց անվտանգության երաշխավոր, Մինսկի խմբի համանախագահները գործ ունեին այս պարզ իրավիճակի հետ:

Ներկայիս իրադրությունն այլ է: Բոլոր համանախագահները փորձում են հավասարակշռված, քաղաքական տեսանկյունից կոռեկտ դիրքորոշում ունենալ: Հիմա այդ հավասարակշռությունը չկա, քանի որ կա Թուրքիան:

…Անդրադառնալով ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին. իրավիճակը, որը ձեզ ներկայացրեցի, արդեն բարդ է Թուրքիայի ներկայության պատճառով: Ես մշտապես հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք Իրանը կամ Ռուսաստանը կներգրավվեն:

․․․Ցանկացած երրորդ կողմի որևէ ներգրավվածություն ողջ պատկերը շատ ավելի կխճճի և կդարձնի դժվար կառավարելի: Մենք կունենանք իրավիճակ, ինչպիսին Սիրիայում է: Եվ այս Սիրիան Կովկասի սրտում կստեղծի տասն անգամ ավելի շատ խնդիրներ, որոնք կտարածվեն ողջ տարածաշրջանով:

14։27_ «Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկիզբ առած ագրեսիան իր բնույթով ամենախոշորն ու ամենականխատեսելին էր 1994-ից ի վեր։ Տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա համարելով և այն դնելով Արցախի հարցի կարգավորման հիմքում՝ միջազգային հանրությունը Ադրբեջանին առիթ և հնարավորություն է տալիս անընդհատ զենքի կիրառմանը դիմելու համար», – ՔՈ ՍԴԿ։

Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։

14։00_ ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 21 զինծառայողների անունները․

Բուռնուսուզյան Վալենտին Շավարշի, ծնվ. 1985թ.
Մաթևոսյան Էդգար Արթուրի, ծնվ. 1984թ.
Վանեսյան Գարիկ Միշայի, ծնվ. 1975թ.
Դավիդյան Արթուր Բորիսի, ծնվ. 1989թ.
Թորոսյան Հովհաննես Յուրայի, ծնվ. 2002թ.
Կարապետյան Արմեն Էդիկի, ծնվ. 2001թ.
Պետրոսյան Էրիկ Լևոնի, ծնվ. 2001թ.
Մալխասյան Ռուդիկ Արկադիի, ծնվ. 1976թ.
Օսիպյան Ալեքսանդր Վլադիսլավի, ծնվ. 1985թ.
Դաշտոյան Լիպարիտ Աշոտի, ծնվ. 1997թ.
Հովհաննիսյան Սասուն Սամվելի, ծնվ. 1977թ.
Հանյան Նուբար Անդրանիկի, ծնվ. 1998թ.
Մարտիրոսյան Գևորգ Կարոյի, ծնվ. 1996թ.
Հարությունյան Արտավազդ Վարդանի, ծնվ. 1997թ.
Հարությունյան Մանվել Սուրենի, ծնվ. 1991թ.
Պողոսյան Գևորգ Հովիկի, ծնվ. 1997թ.
Սարգսյան Պյոտր Վարազդատի, ծնվ. 1990թ.
Հովսեփյան Էրիկ Վիլենի, ծնվ. 2001թ.
Եղիազարյան Հայկ Արթիկի, ծնվ. 2000թ.
Մարտիրոսյան Էմիլ Սուրենի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2001թ.

13:55_ Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, հայկական կողմը հայտնել էր Ստեփանակերտ և Շուշի քաղաքների ռմբակոծման մասին։ Ղարաբաղի նախագահի խոսնակը նշել էր, որ կան զոհեր և վիրավորներ։ Տուժածներիի թվն օրվա ընթացքում չէր հստակեցվել։

Ռուսական «Դոժդ» TV֊ի ուղիղ եթերում, սակայն, Ղարաբաղի ԱԳՆ Մասիս Մայիլյանը նշել էր, որ Ստեփանակերտի ռմբակոծման հետևանքով հոկտեմբերի 4-ին սպանվել է երեք խաղաղ բնակիչ, մեկ հոգի վիրավորվել է։

Մայիլյանի փոխանցմամբ՝ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր Ղարաբաղի տարբեր բնակավայրերում զոհվել է 14 քաղաքացիական անձ, կան հայուրից ավել վիրավորներ։

Ադրբեջանական կողմը հայտնել էր մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի, Մինգեչաուրի, որի մոտակայքում գտնվում է տարածաշրջանի մեծագույն ջրամբարը, և Խըզըի՝ Բաքվից մոտ 100կմ հեռավորությամբ գտնվող շրջանի ռմբակոծման մասին։ Կան զոհեր և վիրավորներ․ Գյանջայի ռմաբկոծման հետևանքով, ըստ պաշտոնական Բաքվի, զոհվել է մեկ քաղաքացիական անձ, 4-ը վիրավոր են։

Մարտերի մեկնարկից ի վեր, ըստ պաշտոնական Բաքվի, բնակավայրերի ռմաբկոծման հետևանքով Ադրբեջանում զոհվել է 24 քաղաքացիկան անձ, 121 հոգի վիրավոր է։

Գյանջայի (Գյանջայում տեղակայված ռազմական օդանավակայանի) ռմբակոծումը պաշտոնական Ստեփանակերտը հաստատել էր, մնացածը, ըստ էության, հերքել։

12:02_ Ամփոփ՝ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը.

— Գիշերը ռազմաճակատում համեմատաբար հանգիստ է եղել, առավոտյան հարավային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսվել։

— Նույն ժամանակ ինտենսիվորեն Ադրբեջանի ԶՈՒ-ն սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը։ Կիրառվել են Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա հեռահար միջոցներ։ Տուժածների թիվը ճշգրտվում է։

— Հոսպիտալներն ու բուժհաստատություններն աշխատում են առանց հանգստի․ «Կարող են լինել բազում նման դեպքեր, որ ուշ հայտնաբերվեն մարդիկ, ուշ գտնվեն կամ սխալ տեղեկություններ հաղորդվեն վիրավորվելու կամ զոհվելու վերաբերյալ։ Խնդրում ենք ընբռնումով մետեցեք»։

— «Հակառակորդից կենդանի գերիների մասին տեղեկություններ չունեմ»։

11։38_ Գիշերվա ընթացքում և այս պահին մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են, վաղ առավոտյան հայտնել էր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը’ ավելի ուշ ընդգծելով, որ մարտական գործողություններն ինտենսիվացել են, «այժմ ընթանում են թեժ մարտեր»:

Ստեփանակերտը և Շուշին ավելի ուշ կրկին հրթիռակոծվել են, հայտնել էր Ղարաբաղի նախագահի խոսնակը։

— Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։
— Հրետանակոծվում են ոչ միայն ռազմական դիրքերը, այլև՝ խաղաղ բնակավայրերը։
― Ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվում է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծումը։ Տուժել են մեծ թվով շինություններ, կան զոհեր և վիրավորներ։ Ռմբակոծվում է նաև Շուշի քաղաքը։
― Ադրեբջանը հայտնել է մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի, Մինգեչաուրի, որի մոտակայքում գտնվում է տարածաշրջանի մեծագույն ջրամբարը, և Բաքվից մոտ 100կմ հեռավորության վրա գտնվող Խըզը և Աբշերոն շրջանների ռմբակոծության մասին։ Գյանջայի (Գյանջայում տեղակայված ռազմական օդանավակայանի) ռմբակոծումը պաշտոնական Ստեփանակերտը հաստատել է, մնացածը հերքում է։ Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքում է նաև Ադրբեջանի այն հայտարարությունները, թե կրակը բացվել է ՀՀ տարածքից։

―Հոկտեմբերի 1-ին, 4 ԱԹՍ է ոչնչացվել Հայաստանի տարածքում, որոնցից մեկը մայրաքաղաքին մոտ Աբովյան քաղաքում։
— Զոհերի և վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ․ հոկտեմբերի 4-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել է 207 զոհված զինծառայողների մասին։ Ղարաբաղի ՄԻՊ-ը ավելի վաղ հաստատել էր նաև 14 խաղաղ բնակիչների մահը։ Երկու քաղաքացի մահացել է Գեղարքունիքի հրետանակոծության արդյունքում։
— Կան զոհեր և վիրավորներ։ Մարտերի մեկնարկից ի վեր, ըստ պաշտոնական Բաքվի, բնակավայրերի ռմաբկոծման հետևանքով Ադրբեջանում զոհվել է 24 քաղաքացիկան անձ, 121 հոգի վիրավոր է։
— Ռազմական զոհերի մասին Ադրբեջանը մինչ այժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:

Ավելի մանրամասն՝
հոկտեմբերի 4-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 3-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 2-ի տեքստային տրանսլյացիայում
հոկտեմբերի 1-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 30-ի տեքստային տրանսլյացիայում
սեպտեմբերի 29-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 28-ի տեքստային տրանսլիացիայում
սեպտեմբերի 27-ի տեքստային տրանսլիացիայում