Home / Բանակ / «Պատերազմը միայն մահ և աղքատություն է բերում»․ կոչ Թուրքիայի հայերից

«Պատերազմը միայն մահ և աղքատություն է բերում»․ կոչ Թուրքիայի հայերից

«Նոր Զարթօնք» կազմակերպության հայտարարությունը

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) պատերազմը շարունակվում է շուրջ 30 տարի: Զինադադարի ռեժիմի ընթացքում դիվանագիտական ջանքերը խաղաղություն չեն բերել: Հարավային Կովկասում տեղ գտած այս խնդիրը ջրի երես են հանել երրորդ կողմերը, որոնք շահադիտություններ ունեն  իշխանության և զենքի առևտրի ոլորտում: Արցախի ժողովուրդը դատապարտվել է խավարի և մահվան: Սեպտեմբերի 27-ի առավոտյան զինադադարը խախտվել է, և սկսվել է դաժան բախումը, որ շարունակվում է մինչև հիմա: Մենք, ցավոք, դեռևս մեծ տխրությամբ և մտահոգությամբ հետևում ենք զարգացումներին:

Դեռևս բախումներից առաջ թուրքական լրատվամիջոցների հայատյաց քարոզչությունը շատացել էր, մարտերի սկսվելուն պես այն սրվեց, և սկսվեց ապատեղեկատվությունը: «Anadolu»-ն՝ Թուրքիայի կառավարության լրատվական գործակալությունը, պնդում էր, որ հայերն են սկսել հարձակումը: Պարզ էր, որ Արցախի՝ հիմնականում պաշտպանվողական դիրքում գտնվող ուժերի համար նման քայլի գնալն անտրամաբանական կլիներ: Ի հակադրություն՝ հայտնի էր, որ ադրբեջանական ուժերն արդեն պատրաստ էին լայնամասշտաբ հարձակման:

Բացի այդ, թուրքական լրատվամիջոցների կողմից հզոր ապատեղեկատվական արշավ է իրականացվում խնդրի պատմական ֆոնի շուրջ: 1991-ին Արցախում հանրաքվե է անցկացվել, մասնակցել է բնակչության 82 տոկոսը, որի 99 տոկոսը՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա, կողմ է քվեարկել անկախությանը:

Եվ մինչ աշխարհի բոլոր երկրները հրադադարի կոչեր էին անում, Թուրքիայի կառավարության մունետիկները և անձամբ նախագահ Էրդողանը հանդես էին գալիս ռազմատենչ և կողմնակալ ելույթներով։ Էրդողանի կառավարությունը ճնշումների և բռնությունների միջոցով փորձում է հաղթահարել իր ներքին և արտաքին քաղաքականության ձախողումը: Թուրքիայի միջամտությունը Արցախյան պատերազմում շարունակությունն է Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելյան ափին Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության: Իրոք, ինչպես հայտնում են միջազգային լրատվական գործակալությունները, Թուրքիան Ադրբեջանին ապահովում է ոչ միայն զենքով և ռազմական կրթությամբ, այլև Սիրիայից տարածաշրջան է տեղափոխում իր կողմից վճարված վարձկան ջիհադիստների։

Ցավոք` HDP֊ից (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) բացի, Թուրքիայի «ընդդիմադիր» կուսակցությունները սատարում են նվաճողական քաղաքականությունն ու հերոսականության դիսկուրսը: Նրանք աջակցում են Էրդողանի ռեժիմի իմպերիալիստական ֆանտազիաներին, որոնցից իրենք բողոքում էին: Այս քաղաքականությունը միայն ավելի շատ աղքատություն, արյուն և արցունք է բերում ժողովրդին և ծառայում բացառապես զենք վաճառողների և բռնապետերի շահերին: Նրանք բոլորը, ձեռք ձեռքի տված, փորձում են պահպանել շահագործման համակարգը՝ սերմանելով թշնամություն և ստիպելով մարդկանց սպանել միմյանց:

Այս վերջին զարգացումներից առավել ազդված մարդկանց խումբը, իհարկե, Թուրքիայում բնակվող հայերն են: Արդեն իսկ ատելության խոսքի հիմնական թիրախը լինելով՝ հայերը կրկին լուսանցքայնացված են և ենթարկվում են ատելության խոսքի հեղեղի՝ մի հակամարտության պատճառով, որին իրենք չեն մասնակցել:

Մենք դատապարտում ենք Թուրքիայի վերաբերմունքը, որը փառաբանում և աջակցում է պատերազմը: Մենք մեկ անգամ ևս կրկնում ենք, որ պատերազմում հաղթողներ չեն լինելու, և որ պատերազմը շահեկան չէ ժողովրդի համար, քանի որ այն միայն մահ և աղքատություն է բերում:

Այս իմաստով մենք կոչ ենք անում ամենից առաջ Թուրքիայի ժողովրդին և խաղաղության բոլոր ակտիվիստներին քայլեր ձեռնարկել հրադադարի և կայուն խաղաղության համար:

 

Հայտարարությունը հրապարակվել է հոկտեմբերի 3-ին (անգլերեն և թուրքերեն լեզուներով)`«Նոր Զարթօնք»-ի կայքում։
«Նոր Զարթօնք»-ը Թուրքիայում հասարակաքաղաքական գործունեություն ծավալող միակ հայկական կազմակերպությունն է: