Պատերազմը պինգ պոնգի պարտիա կամ ֆուտբոլային հանդիպում սարքելը չունի անգամ բնութագրում: Հաղթել-պարտվել ցնորամտության մեջ պետք չի ներքաշվել: 94 թվականից մինչև մեր օրերը ցույց են տալիս, որ միակ հաղթողը մանվելները, քոչարյաններն ու լիսկաներն էին: Մնացածս մեծ հաշվով պարտվել ենք: Հեղափոխությունը լավ հնարավորություն էր թոթափել այդ պարտությունը, մեր պարտվածությունը ռեժիմի գաղափարախոսության առաջ: Ռուսական պրովինցիալիզմի և հայկական օլիգարխիայի արտադրած «հայրենասիրության» կապանքներից ազատվելու վճռականությունը կլիներ կարևոր քայլ ազատագրության ճանապարհին: Մտավորական ինֆանտիլիզմը չկարողացավ գտնել այդ ճանապարհը: Ե՞րբ է գալու հասունության պահը:
Չի կարելի ընտրություն կատարել Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Պիտի հետ գնալ և հասկանալ, որ հայերը տարածաշրջանում ապրել են երկար դարեր և գտել են համակեցության ձևը: Ինչո՞ւ ենք վերջին 100 տարվա մեջ պարբերաբար բարձրացնում դրա անհնարինության հարցը: Ինքնաքննադատությունից վախենում են անմեղսունակները: Ես չունեմ այս պահին պահանջ միջազգային հանրությունից: Միջազգային հանրությունը կողմերին կոչ է արել դադարեցնել պատերազմը, դա չեմ համարում դատարկ հայտարարություն:
Ես պահանջում եմ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններից դադարեցնել պատերազմը, սա որպես սիմվոլիկ ժեստ: Իսկ եթե ավելի առարկայական, ապա որպես Հայաստանի քաղաքացի՝ ամենից առաջ ես կարող եմ պահանջ ուղղել Հայաստանի իշխանություններին՝ կառավարությանը և Ազգային ժողովին: Ես պահանջում եմ անել ամեն հնարավորը պատերազմը դադարեցնելու համար:
Պահանջում եմ չանցնել ողջամտության գիծը:
Պահանջում եմ չընկնել մաչիստական մրցակցության մեջ, առնվազն հասարակությանը չներքաշել դրա մեջ:
Պահանջում եմ էթնիկական սնափառության, քաղաքակրթական առաքելության, կրոնական հակամարտության բարոյալքված գաղափարները դագաղներից չհանել և չշրջանառել:
Պահանջում եմ հասարակությանը ներկայացնել քաղաքական իրադրության շուրջ ռացիոնալ պատկեր: Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը բարձրագույն արժեք է. սա լավ ուղենիշ կարող է դառնալ: Ես չեմ կարծում, որ 30 տարվա պետությունը լրիվ զուրկ է կամքից: Չեմ կարծում, որ ի զորու չէ գտնել իր քաղաքացիների կյանքը պահպանելու ճանապարհը և դատապարտված է ներքաշվել պատերազմի մեջ: Հայաստանի գենոֆոնդի 18-20 տարեկաններն են բարձրացվել դագաղի սեղանին: Սա ամենասարսափելի բանն է: Պատերազմը հարցադրելը սրա կողքին վախենալու չէ: Վախենալու չէ նաև խաղաղության գնալը:
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ