Հայ ժողովրդի տրագեդիան նրա մտավորականությունն է։ Այսինքն` ժողովրդի աղքատ, շահագործվող մասը չունի իր խոսքը թարգմանող և ձևակերպող մտավորականություն։ Հայկական մտավորական ռեսուրսները մեծ մասով կենտրոնացված են կապիտալի սպասարկման ապարատում։ Բարդ և ճղճիմ գաղափարական հյուսվածքների կոմբինացիայի մեջ ենք մենք ապրում, խոսքեր չկան։ Իհարկե, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտալիզմի ատամները խժռեցին բոլոր վտանգահարույց պայքարները և նացիոնալիզմը օգտագործեցին դասակարգային պայքարը թուլացնելու և կապիտալի իշխանությունը հեշտացնելու համար։ Բայց դրանով հանդերձ, որոշ տարածքներ մնացին, որտեղ հնարավոր է քննադատել կապիտալիզմը։ Այդ իմաստով Հայաստանը և պոստսովետական շատ երկրներ զրկված են այդ միջավայրերն ունենալու հնարավորությունից։ Մի կողմից` ստալինիզմը խորապես վարկաբեկել է մարքսիզմը որպես վուլգարիզմ, մյուս կողմից` սոցիալիստական շինարարության գաղափարը այլանդակել է բուրժուական նացիոնալ֊շովինիզմի և շղարշված կապիտալիզմի բուծմամբ։ Խորհրդային Միության փլուզումը ընդամենը սանձարձակեց ստալինիզմի էությունը` մրցող շուկայի լիբերալ մտրակները նրա ձեռքը տալով։ Պատերազմը լավ է ցույց տալիս գաղափարական միաբևեռությունը, որում Հայաստանը գտնվում է։ Իհարկե, այն հեշտ է մոբիլիզացնում բոլորին։ ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը շուտով կհամալրեն հայ մեծերի շարքը։ Աննա Հակոբյանը` նույնպես։ Մեր գլխին կախում են կյանքի ու մահվան հարց, գոյության հարց։ Եւ դա հարցադրելու տարածք չկա, կա դավաճանի պիտակը։ Իսկ ոչ ոք չի ուզում դավաճանի պիտակ, անգամ Աննա Հակոբյանը հասկացավ կամուֆլյաժի քաղաքական օգուտը։ Հերթական անգամ մարդիկ են զոհվում, տառապում, խոշտանգվում։ Բայց սա հայի բախտ չէ կամ աստծո անեծքը։ Պատերազմները գենետիկ չեն, դրանք ունենում են ուրիշ պատճառներ։ Դրանց մասին խոսելու ազատ հնարավորություն և ցանկություն է պետք ստեղծել։ Խնդրի շուրջ սուր էմոցիոնալ ֆոն կա ստեղծված, որից պետք է կարողանալ ազատվել։ Կոնֆլիկտը բրնձի հատիկ չէ, որ թաքցնենք ու չերևա։ Երկու հասարակությունն էլ պիտի գիտակցի, որ այն միշտ էլ պատրաստ է տրաքելու, օգտագործվելու, շահարկվելու։ Եթե համաձայն է դրան, ուրեմն ամեն անգամ չի կարող նույն կերպ զարմանալ և զայրանալ։ Իհարկե, այս անգամ էլ շանսը բաց է թողնված խաղաղության մասին մտածելու։ Վիճակը պատերազմական է։ Հաջորդ պատերազմի արանքում եղած ժամանակը կտրվի խաղաղության հասնելու համար։ Կարևոր է այդ արանքում հարցադրել պատերազմի քաղաքականությունը և փորձել հասկանալ հողի հարցը։
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ