Home / Բանակ / Հրաժարվել Ղարաբաղի շուրջ քաղցր ստերից

Հրաժարվել Ղարաբաղի շուրջ քաղցր ստերից

Լեռնային Ղարաբաղի կուռքը, որքան էլ անսասան է հայկական շրջանակներում, և վերջինիս վերաբերյալ կա անքննելիության մշուշ, այնուամենայնիվ, կոնֆլիկտը դեզի մեջ ասեղ չէ, որ կորսվի և հանգիստ մոռացվի: Հակառակ հանրային սպասումներին՝ տասնամյակները չեն հնացնում ղարաբաղյան կոնֆլիկտը, դուրս չեն դնում օրակարգից՝ պարբերաբար բորբոքելով կրքեր և անհանգստություններ առաջ բերելով: 

Վերջին այդպիսի առիթը դարձավ Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան խնդրի առնչությամբ: Դրան անմիջապես հաջորդեցին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանը, նախկինում իշխանություն ՀՀԿ, ՀՅԴ կուսակցությունների հայտարարությունները: Ակտիվությունը նկատելի էր նաև սոցիալական ցանցերում և փորձագիտական շրջանակներում: Ի՞նչն էր Լավրովի ասածի մեջ այդքան արտառոց: Ի՞նչն էր, որ Հայաստանում չգիտեին, և Լավրովը պետք է բացահայտեր:

Լավրովը հայտնեց, որ բանակցությունները շարունակվում են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ փուլային մոտեցմամբ: Հիմնարար սկզբունքները պարունակում են փոխզիջում, որը հիմնված է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, որը ենթադրում է` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում՝ իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման՝ հանրաքվեի միջոցով, ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն: 

Բանակցային փաստաթուղթը, այսպիսով, գործողությունների համալիր բազմաշերտ ծրագիր է, որը չի կարող իրագործվել մատի մի շարժումով և միանգամից: Այն նախատեսում է Լեռնային Ղարաբաղի (առանց հարակից շրջանների) ժամանակավոր կարգավիճակի որոշում՝ վերջնական իրավական կարգավիճակի հարցը թողնելով ապագային և մինչև 1989 թ. Ղարաբաղում բնակության իրավունք ունեցած քաղաքացիների կամարտահայտմանը:

Այս սկզբունքների առաջարկով Մինսկի խումբը հանդես է եկել դեռևս 1993 թ. նոյեմբերի 2-8-ը Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովը նախապատրաստող Իննյակի անպաշտոն խորհրդակցության ժամանակ. դրանք ուղղված էին հրադադարի հաստատմանը, գրավյալ տարածքներից զորքերի ետքաշմանը, փախստականների ու տեղահանվածների վերադարձին, շրջափակումների վերացմանն ու բանակցությունների միջոցով ԼՂ կարգավիճակի ճշտման նպատակով Մինսկի խորհրդաժողովի բացմանը:

1996 թ. դեկտեմբերին Լիսաբոնյան գագաթնաժողովում հետընթաց է արձանագրվում այս առաջարկներից: Գագաթնաժողովի անդամ երկրները հանդես են գալիս հայտարարությամբ՝ ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջինիս կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն շնորհելու: Այս սկզբունքները արժանանում են Մինսկի խմբի բոլոր անդամների հավանությանը` բացի մեկից: Հայաստանի նախագահը օգտագործում է իր վետոյի իրավունքը՝ դառնալով միակ երկիրը, որ դեմ է քվեարկում այս հայտարարությանը: 

Հայկական պատվիրակությունը հանդես է գալիս սեփական հայտարարությամբ՝ հավատարիմ մնալու Մինսկի խմբի մանդատի էությանը և ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշմանը, համաձայն որի` ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի խորհրդաժողովի ժամանակ՝ քաղաքական համաձայնության հաստատումից հետո: 

1998-ի վերջին ի հայտ է գալիս Ընդհանուր պետության առաջարկը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հետ միասին կազմավորելու էր «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ղարաբաղը անվանապես կոչվում էր հանրապետություն, բայց ավելի շատ օժտված էր ինքնավարությամբ: Դրանից հետո Ադրբեջանը և Ղարաբաղը որպես երկու հավասար միավոր պետք է ճշգրտեին հարաբերությունները և ԼՂ կարգավիճակը: 

Հայկական կողմը ոչ միայն ընդունել է այս առաջարկը, այլև ակտիվորեն ջատագովել, առաջարկը մերժվել է Ադրբեջանի կողմից:

2001-ի Քի Ուեսթի բանակցությունների արդյունքում հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը անցնում էր Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը: Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը ափսոսանքով այս փաստաթուղթը կոչել է «չիրացված հնարավորություն», որը հայկական կողմի համար անսպասելիորեն չի ընդունվել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կողմից: 

2007 թվականին արդեն, ի դեմս Մադրիդյան սկզբունքների, կարգավիճակի հարցում վերադարձ եղավ բանակցային գործընթացի սկզբի տրամաբանությանը: Ինչպես երևում է, ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը չի լուծվել քննարկված սկզբունքներից և ոչ մեկի ժամանակ: Թերևս գաղտնազերծվածից կարելի է կռահել, որ միայն Փարիզյան սկզբունքներն էին Հայաստանին տալիս հնարավորություն Մեղրին հանձնելու դիմաց իրեն կցել Ղարաբաղը:

Փուլայի՞ն, թե՞ փաթեթային շփոթը, այսպիսով, հայկական քաղաքականության կոնսպիրոլոգիան է, քան առնչություն ունի ռեալ քաղաքականության հետ: Հայտնի է, որ 1998 թ. սկզբին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով հարցի կարգավորման փուլային տարբերակի ջատագով, հրաժարական տվեց կոնֆլիկտի շուրջ առաջացած ներհայկական ճգնաժամի բերումով: Նրան ընդդիմադիր ուժերը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որքան էլ մաքսիմալիստական հայտարարություններ էին անում՝ մեղադրելով Տեր-Պետրոսյանին պարտվողականության մեջ, իշխանության գալով՝ ոչ միայն անկախություն չբերեցին Ղարաբաղին, այլև բանակցային գործընթացում չհասան լուրջ առաջընթացի, հակառակը՝ նրանց իշխանության տարիներին բանակցային սեղանին հայտնվեցին շատ ավելի խնդրահարույց՝ Ընդհանուր պետության և Քի Ուեսթի նախագծերը, որոնք կարող են ցանկացած պահի հետ բերվել և դրվել քննարկման: Փաթեթային լուծում ձևակերպումը հենց այս ձախողման պարտակմանն ուղղված հնարք է: 

Ավելին՝ պատմականորեն փաթեթային լուծում ասվածը Ղարաբաղին կարգավիճակ է տվել սկզբում Ադրբեջանի կազմում: Այս տարբերակը երկու փուլով առաջարկվել է դեռևս 1997 թ. հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այն կազմված էր երկու համաձայնագրից՝ նվիրված զինված հակամարտության դադարեցմանը, որը ներառում էր զինված ուժերի դուրս բերում երկու փուլով, Բաժանարար գոտու ստեղծում, տեղահանված անձանց վերադարձ նրանց նախկին մշտական բնակության վայրեր՝ Բաժանարար գոտում, և անվտանգության մի շարք հարցեր: Լաչինի միջանցքը նախատեսվում էր հանձնել ԵԱՀԿ-ին վարձակալությամբ, միայն ԼՂ իշխանությունների կողմից օգտագործվելու պայմանով։ Երկրորդ համաձայնագիրն ուղղված էր ԼՂ կարգավիճակի որոշմանը և նախատեսում էր Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն, այդ թվում՝ սեփական սահմանադրություն ունենալու իրավունք։ Առաջարկված փաթեթայինը չի բավարարել կողմերին, ուստի 1997 թ. դեկտեմբերի 2-ին համանախագահները կողմերին առաջարկել են ԼՂ կարգավորման փուլային տարբերակը՝ բաղկացած երկու մասից: Առաջին մասը վերաբերում էր գրավյալ տարածքները փոխադարձաբար վերադարձնելուն, ԵԱՀԿ տարանջատիչ ուժերի տեղակայմանը, փախստականների վերադարձին իրենց բնակության վայրեր և հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակմանը, երկրորդ մասը՝ անկլավի ապագա կարգավիճակին: 

Դժվար չէ նկատել, որ մինչ օրս Ղարաբաղյան կարգավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ է առաջարկվել․ մեկը՝ Լեռնային Ղարաբաղը վերադառնում է Ադրբեջանի կազմ՝ ինքնավարության կամ անվանապես հանրապետության կարգավիճակով (1996 թ. Լիսաբոնյան փաստաթուղթ՝ մերժված, 1997 թ. հուլիսի փաթեթային տարբերակ՝ մերժված Ղարաբաղի կողմից, 1998 թ. Ընդհանուր պետության առաջարկ՝ ընդունված), մյուսը՝ Լեռնային Ղարաբաղին տրվում է ժամանակավոր կարգավիճակ՝ վերջնական իրավական կարգավիճակի հարցը թողնելով ապագային (1993 թ. նոյեմբերին Իննյակի առաջարկ՝ ընդունված, 1997 թ. դեկտեմբերի 2-ի փուլային տարբերակ՝ ընդունված Հայաստանի, մերժված Ղարաբաղի կողմից, 2007 թ. Մադրիդյան սկզբունքներ՝ ընդունված):

Հայկական դիվանագիտության ընտրությունը այս երկու մոտեցման մեջ է, ուրիշ ճանապարհ վերջինս չունի: Թերևս կարող է միայն երկնել քիուեսթյան բանաձևի նման առուծախի լուծումներ Հայաստանի տարածքի հաշվին: 

Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների բոցաշունչ հայտարարությունները ոչ թե Լավրովի, այլ ներքին լսարանի համար էին: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը վաղուց էլիտար է, այն հասկանալի չէ հասարակության լայն շրջանականերին, հասու չէ վերջիններիս: Տարիներ ի վեր կոնֆլիկտի էությունը խնամքով թաքցվում է հանրությունից, փոխարենը չի դադարում հանրությանը թմբիրի մեջ պահելու հետևողական պրոպագանդան: Մարդկային ողբերգությունները չեն սթափեցնում ռազմական և տնտեսական վերնախավերին: Հայաստանյան հասարակությունը պիտի կարողանա հրաժարվել Ղարաբաղի շուրջ ծավալապաշտական խոստումների քաղցր ստերին հավատալուց: Հայաստանի քաղաքացիների կյանքի գնով է տարիներ շարունակ կերակրվում այս կոնֆլիկտը, նրանք արժանի են իմանալ իրողություններն այնպես, ինչպես դրանք կան: Հեղափոխությունը կոնֆլիկտի հարցում հենց այս մոտեցումը որդեգրելը կլինի, գոյություն չունեցող սկզբունքները, երազախաբությունները, կեղծ հայրենասիրական հայտարարություններն ու հոխորտախոսությունները օգուտ չեն բերում հասարակությանը, որ մի օր պիտի առերեսվի կոնֆլիկտի հանգուցալուծմանը: 2018 թ. Թավշյա հեղափոխությունը կմնա էմոցիոնալ գեղեցիկ պոռթկում և կդառնա հիշողություն, եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ խորքային պետության ձևավորած կեղծ կռապաշտությունը արմատապես չջարդվի: Հանրային էմոցիոնալ ուժեղ ֆոնը Ղարաբաղի հարցում հիանալի հնարավորություն է ավանտյուրայի ավանդույթը Հայաստանում միշտ կենսունակ պահելու և անվերջ վիժեցնելու համար քաղաքական ռացիոնալ միջավայրի ձևավորման հեռանկարը: 

Գայանե Այվազյան