Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ադրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ այսօր հնչեցրած հայտարարություններին, համաձայն որոնց ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ քննարկում են նախագծեր (այդ թվում՝ ներկայացված մոտ մեկ տարի Մոսկվայում), որոնք առաջարկում են հակամարտության կարգավորման փուլային մոտեցում։ «Առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը՝ ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ», – ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ «Անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ [տարածքային] զիջումների, որոնք կարող են կրկին վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը», – նշել է Զոհրաբ Մնացականյանը։
Մնացականյանի խոսքերով, Լավրովի մեկնաբանության մեջ «եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի», նրա ներկայացրած մոտեցումներն ի հայտ են եկել 2014, 2016 թվականներին, և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018 թվականից ի վեր, ըստ Մնացականյանի, քննարկումները տարվել են առանձին տարրերի՝ կողմերի մոտեցումների, քննարկման, գնահատման շուրջ։
«2014 թվականի առաջարկած տարբերակը այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին․ հայկական կողմերի համար ընտգծված և առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը։ Ինչ վերաբերում է տարածքներին՝ ամենից բացի դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր։ Որևէ կերպ, որևէ հայկական կողմ չի կարող նույնսիկ ենթադրել, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգության խնդիրը։ Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կրկին կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը», – նշել է Հայաստանի արտգործնախարարը։
Ըստ նրա, «հայկական կողմերի» համար ինքնորոշման սկզբունքը առաջնային, գերակա տարրն է այս բանակցային գործընթացում․ «Մենք դա կոչել ենք անվտանգություն և ստատուս։ Ես հիմա նորից ասում եմ, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների։ Խաղաղ կարգավորումը հնարավոր է փողզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել և չեն լինելու։ Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, ԼՂՀ բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել ևս այն դեպքում, երբ այդ սպառնալիքը մնում է ռեալ և էքզիստենցիալ», – հայտարարել է Մնացականյանը՝ ըդգծելով որ «փողզիջումները պետք է լինեն համաչափ», դրանց մեջ «հայկական կողմերը» պետք է տեսնեն «լիարժեք արտահայտություն՝ անվտանգության և ստատուսի տարրերի»։
Սա եղել է և մնում է հայկական կողմի մոտեցումը, նշել է Մնացականյանը․ «Այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք այս մասին։ Բանակցությւոնների ժամանակ նույնպես խոսել ենք այս մասին։ Եթե որևէ մեկը ենթադրում է, որ բանակցությունների ժամանակ կարող ենք ասել մի բան, և մեկ այլ բան խոսել հասարակության հետ՝ խորապես սխալվում է։ Նման բան չի եղել և չի լինելու, տրամաբանորեն չի կարող լինել։ Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել՝ անկախ ամեն ինչից»։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան, ըստ նախատեսվածի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հեռակա տեսակապ կանցկացնեն, որին ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: