Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ քննարկում են նախագծեր (այդ թվում՝ ներկայացված մոտ մեկ տարի Մոսկվայում տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ), որոնք առաջարկում են հակամարտության կարգավորման փուլային մոտեցում։
«Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին` այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ուենցած՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, և որոնք այժմ ակտիվորեն քննարկվում են», – Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ընթացքում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը նշել է նաև, որ այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման գործընթացի առաջմղում փուլային մոտեցման հիման վրա, համաձայն որի «առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը՝ ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ»։
Ըստ նրա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով պահանջվում էր դադարեցնել պատերազմն ու գալ համաձայնության, և Ռուսատանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագախող երկիր, հենց դրան է ձգտում։ «ՄԱԿ-ի Անվտաnգության խորհրդի բանաձևերի կատարման հարցում կարևոր քայլ կլինի, եթե մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրման շուրջ որոշման», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան, ըստ նախատեսվածի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հեռակա տեսակապ կանցկացնեն, որին ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: