Home / Առողջապահություն / Վլադիկավկազի երեկվա ցույցի կազմակերպիչը հացադուլ է հայտարարել

Վլադիկավկազի երեկվա ցույցի կազմակերպիչը հացադուլ է հայտարարել

Համավարակին չհավատացող ու ցույցեր կազմակերպող ընդդիմադիրը հացադուլ է հայտարարել

Հյուսիսային Օսետիայում կորոնավիրուսի գոյությունը հերքող ընդդիմադիր Վադիմ Չելդիևը մեկուսարանում հացադուլ է հայտարարել։ Դատարանը Չելդիևին երկու ամսով ազատազրկելու որոշում էր կայացրել՝ ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով։ Նա նաև մեղադրվում է կորոնավիրուսային համավարակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ։

Հետաքննության տվյալներով, ապրիլի 18-ին ոստիկանական մեքենայով Մոսկվա տեղափոխվելիս Չելդիևը հարվածել է իր կողքը նստած ոստիկանի դեմքին։ Ընդդիմադիր ակտիվիստը մեղադրանքը չի ընդունում, պնդելով, որ ոստիկանության մի աշխատակիցը խփել է մյուսին՝ հարձակում բեմադրելու ու մեղքն իր վրա բարդելու նպատակով։

Նախկին օպերային երգիչ Վադիմ Չելդիևը պարբերաբար Հյուսիսասային Օսետիայի բնակիչներին կոչ է անում բողոքի ակցիաներ իրականացնել՝ տեղի իշխանությունների հրաժարականի պահանջով։ Նրա նախաձեռնությամբ երեկ Վլադիկավկազում զանգվածային չարտոնված հանրահավաք է անցկացվել։ Մարդիկ բողոքում էին տեղական իշխանությունների՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված գործելաոճից։ Հավաքվածները պնդում էին, որ իրենց բավարար չափով չեն տեղեկացնում իրավիճակի ու ձեռնարկվող միջոցների մասին։ Նաև պահանջում էին Հյուսիսային Օսետիայի առաջնորդ Վյաչեսլավ Բիտարովի հրաժարականը։

Հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Ալան Տիբիլովը մտավախություն է հայտնել, որ նման բազմամարդ ցույցից հետո երկրում «կորոնավիրուսային աղետից» խուսափել չի ստացվի։ Նույն կարծիքն ունեն նաև Հյուսիսային Օսետիայի հիմնական բժշկական հաստատությունների գլխավոր բժիշկները։ Հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աստան Միտցիևն իր պաշտոնական տեսաուղերձում նշում է, որ նախնական հաշվարկներով, եթե անգամ ցուցարարների շրջանում մեկ վարակակիր լինի, հանրապետության միջոցները չեն բավարարի շփման ողջ շրջանակը մեկուսացնելու համար։

Tekali Taxi