Home / Առողջապահություն / Համավարակը հեչ․ փողոցային բողոք Վլադիկավկազում

Համավարակը հեչ․ փողոցային բողոք Վլադիկավկազում

Մինչ Ռուսաստանի մի շարք շրջաններում խստացնում են կարանտինային սահմանափակումները, Հյուսիսային Օսետիայի բնակիչները բոյկոտում են ինքնամեկուսացման ռեժիմն ու մարդաշատ ցույցեր կազմակերպում, հրաժարվելով հավատալ կորոնավիրուսի գոյությանը։ Բի-բի-սի-ն փորձել է պարզել, թե ինչպես է տնտեսության վատ վիճակը նպաստում դավադրության տեսությունների տարածմանը։

Վլադիկավկազի կենտրոնում առավոտվանից մի քանի հարյուր քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ինքնամեկուսացման ռեժիմի դեմ։ Ցուցարարները պահանջում են Հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի հրաժարականը։

Բիտարովը կառավարության մի քանի ներկայացուցիչների ուղեկցությամբ իջնում է կառավարության շենքի մոտ՝ հավաքվածներին բացատրելու, որ կորոնավիրուսային հիվանդության վտանգն իրական է, և անհրաժեշտ է ինքնամեկուսանալ․ «Այս քաղաքականությունը ես չեմ մտածել․ հիվանդության դեմ միակ միջոցը տանը նստելն է»։

Ցուցարարնեը պահանջում էին ազատ արձակել ակցիայի ընթացքում ձերբակալվածներին, նաև ակցիայի նախաձեռնող Վադիմ Չելդիևին։

Բիտարովին չհաջողվեց համաձայնության գալ ցուցարարների հետ։ Որոշվեց, որ ակցիայի մասնակիցները հինգ հոգանոց խումբ կձևավորեն ու ևս մեկ անգամ կհանդիպեն հանրապետության ղեկավարին։

«ԽՍՀՄ քաղաքացիներ»

Ակցիայի նախաձեռնողը օպերային երգիչ Վադիմ Չելդիևն է, ով չի հավատում կորոնավիրուսի գոյությանը։ Չելդիևն իրենց ԽՍՀՄ քաղաքացի է անվանում, ռուսական օրենքները համարում է ոչ լեգիտիմ, մարդկանց կոչ է անում չվճարել կոմունալ ծառայությունների համար։

Սանկտ-Պետերբուրգում բնակվող Չելդիևի դեմ Հյուսիսային Օսետիայում արդեն քրեական գործ է հարուցվել՝ «քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը սպառնացող հանգամանքների վերաբերյալ ապատեղեկատվության հանրային տարածման» հոդվածով։

Ապրիլի 17-ի գիշերը Օսետիայի “Крылья TV” տեղեկատվական տելեգրամ ալիքը հաղորդեց Չելդիևի ձերբակալության մասին։

«Ցույց տվեք հիվանդներին»

Երկու շաբաթ առաջ Վլադիկավկազի մի խումբ բնակիչներ հավաքվել էին հանրապետական հիվանդանոցի դիմաց, պահանջելով տեսնել կորոնավիրուսով վարակվածներին։

«Իրոք կա՞ն հիվանդներ։ Եթե կան, ապա ի՞նչ անեմ, որ ես ու ընտանիքս ապահով լինենք։ Չեմ կարողանում այս հարցի պատասխանը ստանալ։ Ես երեք երեխա ունեմ ու չգիտեմ ինչ անել։ Կարծում եմ կորոնավիրուսով հիվանդներ չկան», – այդ հավաքից հետո տարածված տեսանյութում ասում է մի տեղամարդ։

Վիրուսի գոյությանը չհավատացողներն այդպես էլ չկարողացան հիվանդների մասին ապացույցներ ստանալ։

Մուսլիմ Մագոմաևի անվան մրցույթի ֆինալիստ, Մերիինի թատրոնի երիտասարդ կատարողների ակադեմիայի և կոնսերվատորիայի շրջանավարտ Չելդիևը 18 տարի ապրել է Սանկտ Պետերբուրգում։ 2016 թվականին վերադարձել է հայրենիք ու բարեգործական նախագծեր սկսել։ Երեք տարի անց վերադարձել է Պետերբուրգ։ 2019-ին հրաժարվել է Հյուսիսային Օսետիայի վաստակավոր արտիստի կոչումից՝ ի նշան կեսնաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի։

Բի-բի-սի-ի հետ զրույցում Չելդիևը հայտարարել է, որ չի հավատում Covid-19-ի գոյությանը։ Նրա կարծիքով, այդ մասին տեղեկատվության տարածման պատճառ կարող է լինել տնտեսական ճգնաժամն ու մարդկանց չվճարելու ցանկությունը։

«Կորոնավիրուսի մասին իշխանությունների տարածած ինֆորմացիան վերջին կաթիլը դարձավ, բայց դա այսօրվա հավաքի հիմնական պատճառը չէ, – պատմում է Վադիմը։ – Բողոքի ակցիայի հիմնական պահանջը տեղական իշխանությունների հրաժարականն է, վերադարձը Խորհրդային Միության իրավական նորմերին»։

Վադիմ Չելդիևը խոստովանում է, որ միշտ է ԽՍՀՄ երկրպագու է եղել։ Իր անձը հաստատող փաստաթուղթը համարում է 1981 թվականի ծննդյան վկայականը, իսկ ռուսական անձնագիրը որպես «աուսվայս» է որակում։ Հյուսիսային Օսետիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության վերականգման գաղափարով տարվել է Օսետիայի մեկ այլ բնակիչ Ռամիս Չերկինովի հետ սոցիալական ցանցերում ծանոթանալուց հետո։

Վերջինս ազգությամբ թուրք է, ամբողջ կյանքում ապրել է Օսետիայում։ Նա ևս իրեն ԽՍՀՄ քաղաքացի է համարում։ Բի-բի-սի-ի հետ զրույցում նշել է, որ քաղաքական գործունեությունն իր համար խորթ է։

Ավելի քան երկու տարի նա ինչ որ մարդկանց օգնում է խուսափել կոմունալ վճարումներից, Օսետիայի բնակիչներին բացատրում է, թե ինչու պետք չէ վարկերը վճարել։

Երբ Ռասիմը սոցիալական ցանցերի միջոցով ընկերացավ Վադիմ Չելդիևի հետ (երբեք անձամբ չեն հանդիպել) և սկսեց ավելի ակտիվորեն շարունակել իր գործունեությունը՝ սկսեց սպառնալիքներ ստանալ։ Ապրիլի 16-ի գիշերը անհայտ անձինք այրել էին նրան պատկանող մեքենան։ Իր տելեգրամ ալիքում նամակի սքրինշոթ էր տեղադրել, որում ասվում էր, որ մեքենան այրել են Վլադիկավկազը Օրջոնիկիձե (խորհրդային շրջանի անվանումը) անվանելու համար։

Իրենց ԽՍՀՄ քաղաքացիներ անվանում են ոչ միայն Չելդիևի ու Չիրկինովի համակիրները։ Գաղափարը, որ Խորհրդային Միությունը դեռևս գոյություն ունի, իսկ Ռուսաստանի Դաշնությունն իր բոլոր ենթակառուցվածներով անօրինական է, մեծ ժողովրդականություն է վայելում մի շարք շրջաններում։ Այդ մտքի հետ համակարծիք են տասնյակ հազարավոր մարդիկ։ Որպես իրենց վարկածի հիմնական ապացույց, նրանք նշում են ԽՍՀՄ փլուզման մասին Բելովեժյան համաձայնության բնագրի կորուստը։

Օսետինական “ОсНова” տեղեկատվական գործակալության խմբագիր Ռուսլան Տոտրովը կարծում է, որ «ԽՍՀՄ քաղաքացիներն» ու դավադրության տեսությունների սիրահարները շատ հարմար ձևով գտել են իրար համավարակի պայմաններում։

«Այստեղ սև գործ անողների թիվը շատ մեծ է։ Բնականաբար, ինքնամեկուսացման յուրաքանչյուր հորդոր ուղղակի կամ անուղղակի ձևով կպնում է բոլորին։ Այսպիսի իրավիճակներում մարդիկ սկսում են մտածել «կամ սով, կամ վիրուս, որի գոյությունը ես չեմ տեսնում» կատեգորիաներով», – պատմում է Ռուսլանը։

Տոտրովի կարծիքով, դրանից հմտորեն օգտվում են Covid-19-ի գոյությանը չհավատացողները։ Լրագրողը նշում է, որ Հյուսիսային Օսետիայում այժմ հազարավոր մարդիկ կարծում են, որ կորոնավիրուսը հասարակությանը չիպավորելու և վերահսկողության տակ առնելու պատրվակ է։

Վլադիկավկազցի բլոգեր Ալիկ Պուխաևը նշում է, որ նեոկոմունիստական գաղափարախոսությունը Հյուսիսային Օսետիայում հանրահայտ է դարձել հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում։ Պուխաևը կարծում է, որ մարդիկ համալրում են «ԽՍՀՄ քաղաքացինեի» շարքերը երկրում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով։

Բլոգերի կարծիքով, մարդիկ զանգվածաբար միանում են «ԽՍՀՄ քաղաքացինեին», քանի որ նրանք բարդ ֆինանսական իրավիճակից լուծում են առաջարկում։ «Փող չկա, շատերն անաշխատանք են մնացել։ Իրոք չեն կարողանում վարկերը վճարել, չեն կարողանում լույսի համար վճարել, իսկ այստեղ ասում են, որ իրենք ունեն դրա իրավունքը»,- բացատրում է Պուխաևը։

«Անտառից չենք դուրս եկել»

Հանրահավաքը կորոնավիրուսի գոյությանը չհավատացողների առաջին բողոքի ակցիան չէր։ Առաջին ցույցը ապրիլի 5-ին էր՝ Դիգորա քաղաքում։ Տասնյակ մարդիկ հավաքվել էին հրապարակում, պահանջելով վերացնել տեղաշարժման ու աշխատանքային սահմանափակումները։ Ակցիայի ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել ցուցարարներից Ալան Աբոևին։

«Անտառից չենք դուրս եկել։ Ես բժիշկների հետ էլ եմ խոսել, մասնագետների հետ էլ։ Ում հարցնում եմ՝ որ ոք չգիտի։ Ոչ մի [կորոնավիրուսով] հիվանդ էլ չկա», – պնդում էր Դիգորայի ցույցի մասնակիցներից Իբրահիմը։

Բլոգեր Ալիկ Պուխաևը նշում է, որ երկրում տեղեկատվական քաոս է, վիրուսի մասին հասանելի ինֆորմացիա չկա, իսկ իշխանությունները հակասական որոշումներ են կայացնում․ «Փոքր խանութները փակում են, մեծ սուպերմարկետը՝ ոչ։ Մեծ այգիները, որոնցում վարակվելու հավանականությունն ավելի փոքր է, ժապավեննորով փակված են, իսկ հսկայական առևտրական կենտրոնները շարունակում են աշխատել»։

Նրա խոսքով, սկզբում, երբ կարանտին էին հայտարարել, մարդիկ մնում էին տանը, բայց մի շաբաթ անց սկսեցին դուրս գալ՝ փողերը վերջացան։ Ալիկն ինքը հանրահավաքին չի մասնակցել, բայց նշում է, որ եթե կորոնավիրուսը չլիներ՝ կմիանար։ «Մարդիկ ագրեսիվ են տրամադրված իշխանությունների նկատմամբ։ Հասկանում եմ, որ այս հավաքը կարող է վարակի նոր օջախ դառնալ, բայց մարդկանց էլ եմ հասկանում»։

Այն, որ Հյուսիսային Օսետիայում այսօր մարդիկ ազատորեն արտահայտում են իրենց կարծիքն ու անգամ հավաք իրականացնում, օսետինները համարում են իրենց փոքրաթիվ առավելություններից։ «Օսետիայում տեղեկատվական դաշտը բավականին ազատ է։ Ես վախենում եմ, որ ներկա իրավիճակը կօգտագործվի մարդկանց այդ ազատությունից զրկելու համար»,- մտավախություն է հայտնում Պուխաևը։

հոդվածն ամբողջությամբ՝ բի-բի-սի ռուսական ծառայության կայքում