Վրաստանի համաճարակաբանները զգուշացնում են, որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված վիճակը կարող է Իտալիայի դրությանը նմանվել, եթե Զատիկի առիթով մարդիկ շաբաթ և կիրակի օրերին զանգվածաբար եկեղեցի այցելեն։ Վրաց ուղղափառ եկեղեցին պատրաստվում է հավատացյալներին եկեղեցիներում ընդունել գիշերային ժամերին, պնդելով, որ այպիսի որոշումը համաձայնեցվել է կառավարության հետ։
«Մենք կկազմակերպում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի այս դժվարին իրավիճակում եկեղեցիները չփակվեն և հավատացյալները կարողանան սովորականի պես մասնակցել այս տոնակատարությանը», – Թբիլիսիում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաց ուղղափառ եկեղեցու հանրային կապերի պատասխանատու Անդրիա Ջաղմայիձեն։
«Մենք հաշվի կառնենք կառավարության և առողջապահության նախարարության խորհուրդները»,- հավելել է նա։
Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հանրային հեռուստատեսությամբ հայտնել է, որ կառավարությունը փորձում է խուսափել եկեղեցու հետ համարտություններից․ «Բժիշկները ֆիզիկական առողջության մասին են հոգում, եկեղեցին՝ հոգևոր»։
Ավելի ուշ Թբիլիսիի Վակե շրջանի Սուրբ Էնդյու Ա եկեղեցու առաջնորդ Շալվա Կեկելիան հայտարարել է, որ իրենք Զատիկի տոնակատարության համար շուրջ 2000 հավատացյալների տեղավորող սրահ են նախապատրաստում։
Առողջապահության ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և մասնավոր բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ քաղաքացիներին հորդորել են Զատկի տոնակատարություններն անց կացնել տանը և խուսափել մարդաշատ հավաքներից, անգամ՝ եկեղեցիներում։
«Ուզո՞ւմ եք ողջ մնալ՝ մնացե՛ք տանը: Ուզո՞ւմ եք, որ մեր ազգը վերապրի այս ամենը՝ մնացե՛ք տանը: Ուզո՞ւմ եք, որ եկեղեցին փրկվի՝ մի՛ գնացեք եկեղեցի: Հակառակ պարագայում Վրաստանը սարսափելի դրության մեջ կհայտնվի, մենք դագաղները հաշվել ուղղակի չենք հասցնի: Պարզ ասած` Վրաստանում ընդհամենը 3 շաբաթ անց կարող է կատարվել այն, ինչ տեղի ունեցավ Իտալիայում», – չորեքշաբթի երեկոյան Վրաստանի հեռուստատեսության Առաջին ալիքի եթերում հայտարարել է երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի գլխավոր համակարգողներից մեկը` Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն, Վաշինգտոնի օգնությամբ ստեղծված Կենսաբանական հետազոտությունների կենտրոնի՝ այսպես կոչված «Լուգարի լաբորատորիայի» ղեկավար Պաատա Իմնաձեն:
Զատիկի բազմամարդ տոնակատարություններ իրականացնելու՝ եկեղեցու որոշումը քննադատվել է նաև մի շարք թեոլոգների կողմից։
Վրաց Ուղղափառ եկեղեցու քննադատությամբ արդեն հայտնի աստվածաբան Բասին Կոբախիձեն ևս ֆեյսբուքի իր գրառմամբ քննադատել է եկեղեցու պահվածքը։
«Ցանկացած քահանա, ով պատարագ կանց կացնի ու մարդկանց թույլ կտա հավաքվել՝ ծառայությունի կմատուցի սատանային։ Բոլորը, ներառյալ Պատրիարխ Իլյա Բ-ն, պետք է ձերբակալվեն»,- գրում է Կոբախիձեն։
Ապրիլի 14-ին վարչապետ Գեորգի Գախարիան նշեց, որ անկախ կորոնավիրուսի տարածումից, եկեղեցիները բաց են մնալու։ Երեքշաբթի օրվա դրությամբ երկրում արդեն կորոնավիրուսի թեստի դրական պատասխան ունեցող քահանա կար։
«Մենք Ուղղափառ պետություն ենք, որը եկեղեցու և պետության իջև համագործակցության հազարավոր տարիների պատմություն ունի»,- նշել է Գախարիան, մոռանալով, որ Վրացական Սահմանադրությունը երկիրը չի սահմանում որպես Ուղղափառ․ ըստ Սահմանադրության, Վրաստանը պետական կրոն չունեցող աշխարհիկ պետություն է։
Հիշեցնենք, որ Վրաստանում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնովիրուսային հիվանդության 370 դեպք, որից 77-ն ապաքինվել են, 3-ը՝ մահացել։