Արարատի Մարզի Նորաշեն գյուղը ամբողջությամբ մեկուսացվել է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց կառավարության ապրիլի 16-ի նիստին։ «Եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, կարող ենք իսկապես ունենալ համաճարակի նոր բռնկում», – նշել է նա և պատմել, որ Նորաշենում վիճակը սրվեց թաղման արարողությունից հետո։
«Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա՝ մեկուսացման մեջ գտնվող անձը ուղեկցվել է թաղման արարողության՝ իհարկե, նախապես զգուշացվելով, որ պետք է պահպանել հեռավորություն և որոշակի կանոններ։ Ոստիկանության և մասնագետի ուղեկցությամբ է նա գնացել հուղարկավորության արարողությանը, բայց շատ հուզումնալից պահ է եղել, և նրանք, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, չեն պահել պայմանները և հարազատների հետ, ինչպես սովորական դեպքերում, գրկախառնվել են։ Երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել, հաստատվել է կորոնավիրուսի վարակի դեպք»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց համաճարակի վերջին վիճակագրությունը․ «Ունեցել ենք նոր 48 հաստատված դեպք և 61 առողջացած։ Իրականացրել ենք 24-ժամյա ցիկլով 537 թեստ։ Թեստերի մի մասը հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, ընդհանուր թիվը 810 է։ Հետևաբար, կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը։ Այսինքն՝ մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է։ Ընդհանուր դեպքերի թիվը 1159 է։ Մոտավորապես 1500 հոգուց ավելի այս ընթացքում կարանտինից դուրս է եկել։ Կարանտինում գտնվող մոտավորապես 300 անձանց մոտ հաստատվել է դրական արդյունք»։
Ըստ Թորոսյանի՝ մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված։ «Եթե կարողանանանք այս տեմպը պահել, հանրությունը մեր խորհուրդներն իրականացնի, բացվող գործատուները պահպանեն բոլոր սանիտարահամաճարակային կանոնները, կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»։
Նշենք, որ ապրիլի 16-ի 11։00-ի դրությամբ Հայաստանում ըդհանուր առմամբ արձանագրվել է վարակվածության 1159 դեպք, որոնցից 358՝ արդեն առողջացած, իսկ 18-ը՝ մահվան ելքով։ Անցած մեկ օրում հաստատված դեպքերի թիվն աճել են 48-ով, բուժվածներինը՝ 61-ով, արձանագրվել է մահվան մեկ դեպք։ Փաստացի բուժվում է 783 պացիենտ։ Ընդհանուր առմամբ մինչ այժմ արվել է 10 791 թեստ։