Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է։ Այժմ շահառու կարող են լինել նաև մասնավոր մանկապարտեզների, սպորտային կենտրոնների, տրանսպորտի ոլորտի աշխատողները։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ «տրանսպորտային ոլորտ» ասելով նկատի ունի ԱՁ և ՍՊԸ հանդիսացող տրանսպորտային ընկերությունների աշխատողներին։
Հիշեցնենք, որ մինչ այս հակաճգնաժամային 8-րդ միջոցառմամբ 68 հազար դրամ էին ստանում մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը, մասնավորապես, հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ իրականացնողները։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով լրացուցիչ միանվագ աջակցություն կտրվի։ Ըստ Փաշինյանի, մինչև հիմա նպաստառու ընտանիքներին դեռևս որևէ աջակցություն չի հատկացվել այն կանխավարկածով, որ իրենք նպաստ են ստանում։
«Այսօր որոշում ենք կայացրել, որ նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն։ Ընդ որում, միանվագ աջակցության 30 տոկոսը կփոխանցվի կոմունալ ծախսերի նրանց հաշիվներին, անկախ նրանից, թե նրանք 11-րդ միջոցառման շահառու են, թե ոչ։ Իսկ մնացած մասը առձեռն՝ որպես միանվագ աջակցություն, կտրամադրվի նրանց»,- ավելացրեց վարչապետը։