«Հայփոստի» բաժանմունքներում մաքրման աշխատանքներ կատարող «Սքայ գրուպ մաքրման ծառայություն» ընկերությունը չի վճարել փետրվարի և մարտի աշխատավարձները, անգամ այն դեպքում, որ աշխատողներն համաճարակի և արտակարգ դրության պայմաններում շարունակել են մաքրել և ախտահանել մարդկանց սպասարկող բաժանմունքները։
Չստանալով փետրվարի աշխատավարձը՝ աշխատողները էլեկտրոնային նամակներ էին գրում լրատվամիջոցներին, խնդրում բարձրաձայնել խնդիրը։ Ընկերության հեռախոսահամարը պատասխանեց մարտի վերջին օրերին․ Epress.am-ի լրագրողին ասացին, որ քարտերի և փոխանցումների հետ խնդիր կար, որը շտկվել է և գումարները փոխանցվել են։ Ապրիլի 1-ին աշխատակիցները տեղեկացրեցին, որ դա սուտ է, և ընկերությունը արդեն պարտք է 2 ամսվա համար։
Աշխատակիցներն ահազանգում են, որ որևէ պետական կառույց լիազորություն չունի ներազդելու մասնավորի վրա:
Ընկերության ներկայացուցիչ Անի Մաթևոսյանի խոսքով՝ մարտի 31-ի դրությամբ բոլոր աշխատավարձերը փոխանցվել էին։ «Ուշացել եք», – նկատեց զրուցակիցը՝ բացատրելով․ խնդիրը նրանում էր, որ գրասենյակը «կարանտինի տակ էր»։
«Իրենք էլ sms-ը չեն ակտիվացրել, դրա համար տեղյակ չեն եղել, որ գումարները փոխանցվել են», – ասաց նա։
Երբ այս տեղեկությունը փոխանցեցինք մեզ դիմած աշխատակիցներին, հետևյալ պատասխանը ստացանք․ «Երեկ չգրեցի ձեզ, որ չսխալվեմ: Այսօր կրկին ստուգեցինք մի քանի աշխատողներով: Ոչ, հաստատ չի նստել գումարը: Քարտերի հետ կապված խնդիր չկա: Պարզապես գումարը չկա: Արդեն ապրիլն է, փաստորեն, արդեն երկու ամսվա աշխատավարձը չկա»:
Նշենք, որ ընկերության ներկայացուցիչները լրագրողից փորձում էին ճշտել, թե կոնկրետ ովքեր են նամակի հեղինակները։
Իսկ Մաթևոսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինս խոսեց կայքի հետ համագործակցելու ցանկության մասին․ «Մի քանի օր․․․ հեսա մի հատ հանդարտվի, համագործակցության առաջարկ եմ ուզում դուք ինձ անեք»։
– Մե՞նք` ձեզ։
– Ըհը։
– Լավ․․․ դա արդեն մեր խմբագրին կգրեք, ես էլեկտրոնային հասցե կտամ․․․
– Որ համարն ինձ ուղարկեք, նենց լավ կլինի։
– Հա, լավ։
– Հա, ինձ բաներ ա պետք լինելու՝ գովազդային, փորձենք համագործակցել։