Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք պայմանագրային զինծառայողից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում 3 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Վարակված զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարզավանում է՝ վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ են իրականացրել։ Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված (պայմանագրային կազմը) ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ:
Ըստ Տոնոյանի, հաստատված 3 դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ:
Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Պարզված է նաև զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։
Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում։
«Միաժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել:
ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին,» – ասված է ՊՆ նախարարի պարզաբանման մեջ:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2776552699047539
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ից Զինված ուժերի զորամասերում արգելվել են ժամկետային զինծառայողների տեսակցությունները, անժամկետ սառեցվել են նրանց արձակումներն ու արձակուրդները։ Պայմանագրային զինծառայողներին այս սահմանափակումները, սակայն, չեն վերաբերել։