Կորոնավիրուսի (COVID-19) թեստավորման համար նմուշառում է իրականացվել 3 պայմանագրային զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, հայտնում է Պաշտպանության նախարարության նորանշանակ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ՊՆ խոսնակի փոխանցմամբ, վերոնշյալ 3 զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։ Նրանց հետ սերտ շփում ունեցածները մեկուսացվել են, շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։
«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ:
․․․ ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը», – ասված է Ստեփանյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ից Զինված ուժերի զորամասերում արգելվել են ժամկետային զինծառայողների տեսակցությունները, անժամկետ սառեցվել են նրանց արձակումներն ու արձակուրդները։ Պայմանագրային զինծառայողներին այս սահմանափակումները, սակայն, չեն վերաբերել։
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2774978079205001