Գագիկ Ծառուկյանի աղմկահարույց հայտարարությունից հետո, թե ինքը չի պատրաստվում վճարել իր բիզնեսներում պարտադրված պարապուրդի մատնված աշխատողներին, այսօր ԲՀԿ խմբակցությունը Կառավարությանը կոչ է արել ամենամսյա նվազագույն գումարով ապահովել եկամտից անակնկալ կերպով զրկված մարդկանց, նաև ներել երեք ամսվա վարկային պարտավորությունները։
Օրեր առաջ ԲՀԿ խմբակցության նախագահ, խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կոռոնավիռուսի պատճառով պարապուրդի մատնված քաղաքացիներին պետք է վճարի ոչ թե գործատուն, այլ պետությունը։ Ըստ Ծառուկյանի պետությունն է արտակարգ իրավիճակ հայտարարել, հետևաբար, պետությունն էլ պարտավոր է վճարել։ Ծառուկյանը պետություն չէ, Ծառուկյանը սեփականատեր է։
Այսօր ԱԺ նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը բարձրացրեց վարկային պարտավորությունները երեք ամսով ներելու հարցը։ Ի պատասխան պատգամավորի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա շատ հեշտ է․ հնարավոր է ազատել թե՛ վարկերից, թե՛ հարկերից։ Վարչապետը հեգնանքով առաջարկեց ԲՀԿ֊ին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ամսեկան 50 հազար դոլար կտրամադրվի։
Փաշինյանը նաև խորհուրդ տվեց պատգամավորին գնալ և իր շրջապատի հարստությունը բաժանել մարդկանց։ «Կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու։ Սահմանադրական հանրաքվեն էլ նշանակել ենք, որ մաֆիոզներն իրենց մաֆիաները մաֆիոզ կառույցներով և մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն: Կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում՝ այն տեղերից, որտեղից մտածում եք, որ չենք հասնի և չենք բերի: Որ բերենք, այդ ժամանակ վարկառուներին անպայման միջոցներ կտրամադրենք», ֊ ավելացրեց վարչապետը:
Ավելի վաղ Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը ParliamentMonitoring.am կայքին տված հարցազրույցում անդրադարձել էր Ծառուկյանի հայտարարություններին։ Պատգամավորը նշել է, որ խոշոր բիզնեսն օդից չի ընկել, այն կայացել է պետության սահմաններում, պետության հանրային ռեսուրսների շնորհիվ, պետության մեջ ապրող աշխատողների ուժերով։
«Այս հայտարարությունը բացահայտում է, թե ինչպես է խոշոր բիզնեսը դիրքավորվում և իր մասնավոր շահը պաշտպանում։ Մյուս կողմից՝ սա հնչեղ ազդակ է աշխատավորներին, որ նրանք էլ կարող են և պետք է համախմբվեն ու դիրքավորվեն՝ որպես իրենց շահերը հետապնդող սուբյեկտ, միավորվեն արհմիություններում ու նմանատիպ իրավիճակներում բարձրաձայնեն իրենց գործողությունների մասին», ֊ ասել է Նազարյանը: