հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Աշխատողների իրավունքները արտակարգ դրության պայմաններում

Աշխատողների իրավունքները արտակարգ դրության պայմաններում

2020 թ.-ի մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը մի շարք հարցեր է առաջացրել տվյալ իրավիճակում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումների վերաբերյալ։ Բազմաթիվ ահազանգեր կային, որ գործատուները կամ չէին վճարում պարտադիր պարապուրդի մատնված աշխատողներին կամ ստիպում աշխատել՝ անտեսելով պարետի ցուցումները։

​Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու հանգամանքով պայմանավորված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և հրատապ ռեժիմով շրջանառության է դրվել Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ: Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝

 – հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողներին չհամարել պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանել,

 – հեռավար եղանակով աշխատանքերի կազմակերպումը և աշխատանքի ու հանգստի ռեժիմի փոփոխությունը չհամարել աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ավելի ճկուն և նախապես չծանուցել այդ փոփոխությունների մասին.

 – այն դեպքերում, երբ մասնավոր ոլորտի գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված, չկարողանա այլևս աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով, այնուամենայնիվ շարունակի վարձատրել աշխատողին՝ չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է․

 – այն դեպքերում, երբ աշխատողն ունի չօգտագործված արձակուրդ, և հնարավոր չէ շարունակել աշխատանքները արտակարգ դրության ժամանակահատվածում, գործատուի համար նախատեսել պարտադիր պահանջ, որ աշխատողի ցանկության դեպքում վերջինիս տրամադրի իր չօգտագործված արձակուրդը․

 – այն դեպքերում, երբ արտակարգ դրությամբ պայմանավորված, աշխատողն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ներկայանալու աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ուշացումով կամ ոչ լրիվ աշխատանքային օրով, արգելել գործատուին իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։ Այս դեպքերում, նախատեսել վարձատրություն առնվազն աշխատողի փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան

 – այն դեպքերում, երբ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ տրամադրման ժամանակահատվածում, երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով՝ աշխատողը աշխատանքի է ներկայացել ուշացումով կամ ոչ լրիվ աշխատանքային օրով, արգելել գործատուին իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։ Այս դեպքերում, նախատեսել ամբողջական վարձատրություն։

 – նախատեսել դրույթ, որ արտակարգ դրության ժամանակ արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում կարող է կազմել մինչև 8 ժամ՝ ներկայիս 4-ի փոխարեն։

 – անցումային դրույթներով նախատեսվելու է նաև, որ վերը թվարկված կարգավորումները տարածվելու են գործատուների և աշխատողների վրա սկսած 2020 թվականի մարտի 16-ից, երբ հայտարարվեց արտակարգ դրություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ անդրադառնալով վերջին օրերին հնչած այն տեսակետին, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման մասով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ տնաշխատների՝ աշխատանքի և վարձատրության հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Աշխատանքային օրենսգրքով, մասնավորապես 98-րդ հոդվածով, տեղեկացնում է, որ գործող կարգավորմամբ՝ աշխատանքի վայրը համարվում է աշխատանքային պայմանագրի էական պայման, որի փոփոխման դեպքում գործատուն պարտավոր է նախապես ծանուցել աշխատողին կախված նրա ստաժից համապատասխան օր առաջ (Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մաս):

Հաշվի առնելով, որ արտակարգ դրության պայմաններում գործատուն պետք է արագ արձագանքի ստեղծված մարտահրավերներին և հնարավորության դեպքում աշխատանքները կազմակերպի հեռավար եղանակով, նախագծով առաջարկվում է, որ այս իրավիճակում հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքի վայրի փոփոխություն:

Ինչ վերաբերվում է հեռավար աշխատանքի՝ Աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորված լինելուն, այդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ ի սկզբանե, աշխատանքի բնույթից ելնելով, գործատուի և աշխատողի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր աշխատանքները տանից կատարելու վերաբերյալ:

Արտակարգ դրության պայմաններում ոչ թե կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ աշխատանքները հեռավար իրականացնելու համար, այլ ուղղակի փոփոխվում է աշխատանքի վայրը: Հետևաբար՝ ճիշտ չէ որևէ կերպ նույնականացնել տնաշխատների համար նախատեսված կարգավորումը՝ հեռավար եղանակով աշխատանք կատարելու կարգավորման հետ: