Բժշկության հիվանդությունը՝ կրոնավիրուս
Կրոնավիրուսը կամ ինչպես հայաբաններն են ասում՝ թագաժահրը նոր և գրիպի հին տեսակներից ավելի վտանգավոր է: Բայց ինչո՞ւ է նորը ավելի վտանգավոր, քան հինը: Բորիս Ակունինը գրում է.
«Իրական համաճարակը, ոչ պանդեմիան, այժմ, իմ կարծիքով, ոչ թե «Կորոնավիրուսն» է, այլ համաշխարհային հիստերիան, որն առաջացել է այս աներևակայելի վտանգավոր վարակի պատճառով, որը հարվածեց (դա սարսափելի է նույնիսկ արտաբերել) աշխարհի բնակչության 0.000013%-ին:
Եվրոպայում ամենաշատը տուժեց Իտալիան, որտեղ 197 մարդ մահացավ, և իտալացիները, կարծես, լիակատար խուճապի մեջ են: (Ընդ որում, 2013-17 թվականներին սովորական գրիպից մահացել է ավելի քան 68,000 մարդ):
Այս նյարդային վիճակից սկսվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը կազդի միլիոնավոր մարդկանց վրա, շատերին սննկացնելով, շատերին թողնելով առանց աշխատանքի: Եվ սա, անկասկած, միայն սկիզբն է: Հիմնականը առջեւում է:
Ես ավելի ու ավելի համոզվում եմ. ժամանակակից մարդկության հիմնական խնդիրը մարդկանց միամտությունն է և հոտային վախը»:
Ի՞նչ է փորձում ասել Բորիս Ակունինը։ Ինչո՞ւ հին գրիպից մահանալը այդքան վախենալու չէ, որքան նոր վիրուսից: Ինչո՞ւ մարդկանց թույլատրված է սովորական հիվանդությամբ մահանալ, իսկ անսովոր վիրուսից՝ ոչ: Դա խոսում է այն ակնհայտ փաստի մասին, որ երբ կապիտալիզմը մտնում է բժշկություն, արժեհամակարգը փոխվում է:
Գի Դեբորը խոսում է ցուցադրանքի հասարակության մասին իբրև կապիտալիզմի գոյության ժամանակակից եղանակ: Կապիտալիստական բժշկությունը նույնքան ցուցադրանք է, որքան տուրիզմը կամ պոռնոգրաֆիան:
Բժշկությունը քաղաքական շոու է, երբ բժշկական իշխանությունները ցուցադրում են իրենց մտահոգությունը, ստեղծում խուճապ, ավելացնում իրենց կորսված հեղինակությունը, թելադրում գործադիր իշխանություններին և – վերջինը, բայց ոչ անկարևորը – հայտնվում են ԶԼՄ-ներում, սոցանցերում, էկրանների վրա:
Այս դեպքում ես կասկածում եմ բժիշկների վրա, որ նրանք չափազանցեցնում են:
Վեց հարյուր տարի առաջ Եվրոպայում հայտնվեց սև ժանտախտը: Խուճապը անհամեմատելի մեծ էր: Այդ ժամանակ Բոկաչոն գրում է Դեկամերոնը․ էրոտիկ և զվարճալի մի գիրք՝ ի պատասխան բնական արհավիրքի: Աշխարհի պատմության մեջ հայտնվում է ոչ ստանդարտ պատասխան համաճարակներին: Դեկամերոնը ջրբաժան է կյանքի և մահվան միջև ժամանակակից և միջնադարյան ըմբռնումների միջև: Դեկամերոնը ժամանակակիցներին սովորեցնում էր լավատեսություն, երբ միջնադարյան քարոզչությունը և բժշկությունը համոզում էին պատրաստվել աշխարհի վերջին:
Մեսրոպ Հարությունյանը Գրողուցավ կայքում դեկամերոնյան ոգով մի պատմվածք է գրել. «Ա, դե տանձիս ձեր վիրուսը, հա՞…»
Որքան հասկանում եմ, Դեկամերոնի բերած նոր աշխարհայացքը ավերեց ֆեոդալիզմը: Նոր աշխարհայացքն ընդեմ նոր հիվանդության: Ինձ թվում է, զուգահեռը հնարավոր է: Ինձ թվում է, որ այդպիսի մի բան է ծնվում, բայց արդեն կապիտալիզմի հանդեպ, երբ հասկանում ենք, որ մարդիկ չեն հիվանդ կրոնավիրուսով, այլ՝ կապիտալիստական բժշկությունը:
Վարդան Ջալոյան
Հ. Գ. Լուրջ չէի վերաբերվում այս համաճարակին: Միայն, մի տասը օր առաջ սկսեցի ձանձրանալ: Ու այսպիսի պսևդոմանիֆեստ գրեցի.
Ժամանակին Միշել Ֆուկոն գրել է բիոպոլիտիկայի մասին, հասարակությունը վիրուսներով վախեցնելու և համաճարակներով հասարակությանը իր կարգապահությանը ենթարկելու համար:
Հիմա. ի՞նչն է վախեցնում ինձ կրոնավիրուսի մեջ: Իր գլոբալ իշխանությունը:
Կրոնավիրուսը մեզ հիշեցնում է ազգային իշխանության անզորության մասին:
Կրոնավիրուսը հիշեցնում է, որ քաղաքացիական հասարակությունը անզոր է այսպիսի լուրջ մարտահրավերների առջև:
Կրոնավիրուսը, ինչպես միգրանտների հանդեպ ատելությունը, անհաղթահարելի է:
Այդ պատճառով հասկանանք, թե ինչի՞ նման է կրոնավիրուսը.
Կրոնավիրուսը նման է մեր տարվածությանը ինտերնետով
Կրոնավիրուսը նման է ֆեյսբուքում ստատուսներ գրելուն։
Կրոնավիրուսը նման է այն վիրուսներին, որ ունենք, բայց չենք տեսնում և զգում։
Հիվանդացեք միայն ճիշտ վիրուսներով։
Առողջներ, դուք գլոբալ դեղագործական, ինտերնետային, հեռուստատեսային, պատկերային տնտեսության համար ավելորդ եք:
Այդպիսիներն՝ առողջները, պետք է գենոցիդի ենթարկվեն, ըստ վիրուսային տարածման գլոբալ կապիտալիզմի օրենքի: Դեռ վիրուսակիր չե՞ք: Գլոբալ կապիտալիզմը, ինչպես ՏԱՅԴ-ի գովազդում, արդեն գալիս է: