«ՍԱՍ Գրուպ» ընկերությունը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել. աշխատողներին կանչում են, պարտադրում դիմում գրել, որ իրենց հաշվին են արձակուրդ գնացել, և սպառնում, որ հակառակ դեպքում կհեռացնեն աշխատանքից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ահազանգում է լրագրող Հասմիկ Համբարձումյանը։ Նրա խոսքերով՝ ծանր վիճակում հայտնված աշխատողները զանգում են տարբեր պետական հիմնարկներ, հարցին ոչ ոք լուծում չի տալիս։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զանգերին առհասարակ չի պատասխանում:
Գործող աշխատանքային օրենսգիրքի 186-րդ հոդվածում՝ Վճարումը պարապուրդի ժամանակ, գրված է․ «Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը»:
Գործնականում, հարկադիր պարապուրդի համար աշխատավարձի 2/3-րդը վճարում են հիմնականում արտասահմանյան մասնավոր ընկերությունները։ Տեղական գործատուների առնվազն մի մասը փորձում է խուսափել այս պարտականությունից․ Հասմիկ Համբարձումյանի բերած օրինակը բացառիկ չէ։ Խոսքը, իհարկե, միայն միջին և մանր տնտեսվարողների մասին չէ, որոնք՝ հայտնվելով կարանտինի տակ, զրկվում են ամենօրյա եկամուտից և աշխատողներին վարձատրելու հնարավորությունից, այլ նաև խոշոր ձեռնարկատերերի։
Օրինակ, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի։ Նրան պատկանող կարի արտադրամասերի աշխատողները, որոնց տուն են ուղարկել մարտի 17-ին, մինչ օրս չգիտեն՝ վարձատրվելո՞ւ են արդյոք, թե՞ ոչ։
Նույն Ալեքսանյանին պատկանող մեկ այլ արտադրամասում աշխատանքը շարունակվում է։ Մարտի 18-ին առաջին անգամ արտադրամասի տարածքը ախտահանվել է, լվացարանի մոտ ալկոգել են դրել, աշխատողներին դիմակներ են բաժանել։ Մարդիկ երեք օր շարունակ նույն դիմակն են կրում։ Համարվում է՝ անվտանգությունն ապահովված է։
Մարտի 17-ից սկսած գործարանի աշխատողները (զգալի մասը՝ տարեց կանայք) աշխատում են արտակարգ ռեժիմով, օրական 18-20 ժամ։ Մարտի 18-ին, օրինակ, առավոտյան 9։00-ից մինչև գիշերվա 03։00-ն։ Ընդ որում, տղամարդկանց որպես հավելավճար վճարվել է իրենց օրական աշխատավարձի ամբողջ չափը (7000 դրամ օրավճար + 7000 դրամ հավելավճար), իսկ կանանց ավելացված ժամերի նույն քանակի համար վճարվել է օրական աշխատավարձի կեսից քիչը (5000 դրամ օրավճար + 2000 դրամ հավելավճար)։
Հայտարարված արտակարգ դրությունը սահմանափակում է աշխատողների՝ գործադուլ կամ բողոքի ցույցեր անելու իրավունքը, գործատուների «իրավունքները» փաստացի թողնելով անսահմանափակ։
Պայքարելու հնարավորությունները սահմանափակված են ոչ միայն մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությամբ, այլև այն արտակարգ դրությամբ, որը հայաստանյան աշխատանքային շուկայում գործում է տասնամյակներ շարունակ և որի պայմաններում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը անմիջականորեն կապված է աշխատանքը կորցնելու վտանգի հետ։ Որպես օրինակ կարելի է հիշել Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասի գործադուլը, որը բացառիկ էր այն իմաստով, որ՝ գիտակցելով բոլոր վտանգները, աշխատողները, այնուամենայնիվ, համարձակվել էին բարձրաձայնել խնդիրների մասին և լուծում պահանջել։ Բացառիկ էր նաև այն իմաստով, որ նրանց բողոքին աջակցություն էին հայտնել պետական պաշտոնյաները։ Եվ բոլորովին բացառիկ չէր այն իմաստով, որ պայքարի հետևանքով աշխատողները հեռացվեցին աշխատանքից։ Այլ հետևանքներ չեղան։
Կարանտինային պայմաններում աշխատանքային խոցելիությունը, իհարկե, միայն սրվում է։
Մարտի 13-ից սկսած մեկը մյուսի հետևից փակվեցին ուսումնական և մշակութային հաստատությունները, մի շարք պետական գերատեսչություններ, մասնավոր գրասենյակներ, առևտրի և ժամանցի կենտրոններ։ Ով հնարավորություն ունեցավ՝ անցավ հեռահար աշխատանքի։ Համատարած ինքնամեկուսացումների պայմաններում ինքնաբերաբար անգործ մնաց սպասարկման ոլորտը։
Մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունն ինքնին չէր պարտադրում դադարեցնել կամ կրճատել աշխատանքը։ Ենթադրվում էր, որ նման սահմանափակումները անհրաժեշտության դեպքում կկիրառվեն պարետի հատուկ ցուցումով։ Ցուցումներ դեռևս չկան։ Իրավիճակը կարգավորվում է կոչերով։ Ահազանգեր կան, որ մասնավոր գործատուները սպառնում են աշխատանքից հեռացնել նրանց, ովքեր «ինքնամեկուսացման պատրվակով չեն ներկայանա աշխատանքի»։ Օրինակ, երբ Էջմիածնի մուտքերն ու ելքերը հատուկ հսկողության տակ էին, Երևանում աշխատող էջմիածնեցի շինարարները աշխատանքի էին գալիս «չոլերով»՝ շրջանցելու համար վերահսկվող ճանապարհները։ Մինչ օրս էլ շարունակում են։
Գործատուն, այսինքն, իրավունք ունի․ կարող է դադարեցնել աշխատանքը, կարող է չդադարեցնել, կարող է կրճատել, կարող է չկրճատել, կարող է տարեցներին և հիվանդներին տուն ուղարկել, կարող է և չուղարկել։
Պետական աշխատողների բախտը բերեց․ ինչ կարող էին փակել՝ փակում էին։ Այն դեպքերում, երբ փակել չէին կարող, տուն էին ուղարկում 60-ն անց և/կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցներին, հղի կանանց, բազմազավակ մայրերին։ Ամենակարևորը՝ հայտարարվեց, որ պետաշխատողների աշխատավարձի կրճատում կամ պահում չի լինելու։
Մասնավորում՝ ըստ գործատուի․ որոշները անցան հեռահար աշխատանքի կամ փակվեցին, որոշները՝ շարունակում են աշխատել։ Որոշները՝ կվարձատրեն, որոշները՝ ոչ։
Օրավարձով աշխատող և չգրանցված հազարավոր աշխատողներ՝ մատուցողներ, խոհարարներ, բարմեններ, բանվորներ, վաճառողներ, դայակներ և այլն, կմնան առանց աշխատավարձի։ Ինչի՞ հաշվին են անփող մնացած մարդիկ սնվելու, կոմունալ և տան վարձ վճարելու՝ պարզ չէ։
Պարզ չէ նաև՝ ինչու է գրանցված չլինելու համար պատասխանատվությունը բարդվում աշխատողի ուսերին, այլ ոչ՝ նրան չգրանցած, այսինքն՝ նաև հարկերից խուսափած գործատուի։
Դիմեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմին։ Սոցապից ասացին․ «Խնդրից տեղյակ ենք, աշխատավարձի ⅔-րդը պետք է վճարեն, եթե, իհարկե, ձևակերպեն որպես պարապուրդ։ Չգրանցվածներին, ցավոք, սա չի վերաբերում։ Մենք աշխատանքային օրենսգրքի հրատապ փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք հիմա շրջանառում ենք։ Մանրամասները՝ շուտով»։
Տեսչական մարմնի պատասխանը ավելի կարճ էր՝ «կորոնավիրուսի հետ կապված ու դրանով պայմանավորված բոլոր հարցերը գրավոր ուղղեք պարետին»։ Ուղղեցինք։ Պարետը վերահասցեագրեց Արդարադատության նախարարություն։ Պատասխան դեռևս չկա։
Կառավարությունը հայտարարեց, որ 150 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի տնտեսությանը, որից 25 մլրդ՝ անտոկոս վարկ գործատուներին՝ աշխատակիցների աշխատավարձի, հարկերի վճարման համար, 30 մլրդ-ն էլ՝ «զուտ սոցիալական աջակցություն» (ի՞նչ տեսակի սոցիալական աջակցություն՝ դեռևս պարզ չէ)։
Եթե ենթադրեինք, որ խոշոր բիզնեսը հետևում է օրենսդրությանը և իսկապես վճարում պարապուրդի մատնված աշխատողների աշխատավարձերը, իսկ մանրն ու միջինը՝ չունենալով բավարար պահուստային ֆոնդ, չի կարողանում վարձատրել աշխատակիցներին (իսկ երբ կարողանում է՝ հայտնվում է սնանկության եզրին) անտոկոս վարկերը կարող էին մասամբ մեղմել դրությունը (և հետվիրուսային շրջանում կապիտալի լուրջ վերադասավորության հեռանկարը)։ Բայց նման ենթադրությունների համար հիմքեր դեռևս չկան․ օլիգարխները ու խոշոր ձեռներեցներն անտոկոս վարկի խնդիր չունեն, և նրանց ձգտումը չվճարել այն, ինչը պարտավոր են վճարել, պայմանավորված չէ գումարի պակասով։