Home / Առողջապահություն / Նախարար․ կհաջողենք, եթե հիվանդության դեպքերը կարողանանք տարածել ժամանակի մեջ

Նախարար․ կհաջողենք, եթե հիվանդության դեպքերը կարողանանք տարածել ժամանակի մեջ

Մարտի 18-ին, ժամը 23:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 110 դեպք (որոնցից մեկը՝ արդեն առողջացած): Վերջին մեկ օրվա ընթացքում՝ 32 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ, 110 դեպքերից 94-ը փոխկապակցված են Էջմիածնի հայտնի նշանդրեքի և մարտի 15-ին Երևանի խոշոր արտադրամասերից մեկում արձանագրված դեպքերի հետ։

Պացիենտներից 2-ը ունեն թոքաբորբ։ Բոլորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հանրային հեռուստատեսության եթերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասել է, որ թոքաբորբով երկու պացիենտների վիճակը միջին ծանրության է։ Մի մասը հիվանդության որևէ ախտանշան չունի, մի մասն էլ ուղղակի ջերմում է։ Վարակվածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Նախարարի խոսքերով, հետազոտվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան բժշկական և էպիդեմիոլոգիական ցուցում․ «Էպիդեմիոլոգիական ցուցումը դեռևս հետևյալն է․ ռիսկի երկրներից ժամանելու փաստ և Հայաստանում արդեն եղած դեպքերի հետ որևէ շփում»։

Օրական 100-ից ավելի թեստ է արվում։ Ճնշող մեծամասնությունը, ասում է Թորոսյանը, բացասական է։ Նախարարությունն այս պահին ունի թեստերի բավարար քանակ՝ մոտ 3000։ Եվս 1000-ը կստանան վաղը կամ մյուս օրը, ևս 1000-ը՝ մյուս շաբաթ։

«Երբ ստանում ենք ահազանգ՝ քաղաքացու մոտ հնարավոր վարակվածության, մենք թեստ ենք անում։ Այդ թեստի ժամանակ քաղաքացին պետք է մնա առանձնացված սենյակում, որևէ մեկի հետ չշփվի, որպեսզի եթե հանկարծ արդյունքը դրական ինի, մենք այդ ընթացքում ուրիշ մեկին չվարակենք։ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին զբաղված պալատների մեծ մասը չհաստատված դեպքերով քաղաքացիներ են, որոնց մեծ մասը թեստի բացասական լինելու դեպքում գնալու է տուն։ Ավելի էֆեկտիվ աշխատելու համար մենք որոշեցին 40 առանձնացված պալատ կառուցել, որպեսզի սպասող քաղաքացիները հիվանդանոցի հիմնական աշխատանքին չխոչընդոտեն»։
Նախարարությունը երեկվանից սկսել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի «մոդուլային ընդունարանի» շինարարությունը։ Նախատեսվում է, որ 3 օրում կկառուցվի 40 նոր պալատ։

Հաստատված վարակվածության բոլոր դեպքերը ենթարկվում են համաճարակաբանական հետաքննության․ հայտանբերվում և մեկուսացվում է հաստատված դեպքի սերտ շփման ողջ շրջանակը անկախ նրանից՝ կան վարակվածության ախտանիշներ, թե ոչ։ Նպատակն է՝ կտրել վիրուսի փոխանցման կապերը, դանդաղեցնել տարածումը։ Հավանական է, որ հետագայում այս մոտեցումը վերանայվի (օրինակ, գանգատներ չունեցող քաղաքացիները մեկուսացնելու փոխարեն ուղարկվեն ինքնամեկուսացման)։ Ըստ իրավիճակի զարգացման և փոփոխության, պարբերաբար վերանայվում է նաև գործողությունների պլանը․

«Առողջապահական համակարգի պատրաստավծության հիմնական խնդիրը, որ բարձաձայնվում է, թոքերի արհեստական օդափոխության սարքերի առկայությունն ու քանակն է, և հարցը՝ արդյոք մենք կկարողնանք այդքան քանակի պացիենտի բուժել։ Ո՞րն է մեր խնդիրը այս հարցը լուծելու շրջանակներում։ Դժվար է ապահովել մի քանի 100 ազատ սարք, բայց հեշտ է այդ մի քանի հարյուր պոտենցիալ դեպքերը տարածել ժամանակի մեջ։ Բոլոր այն երկրները, որոնք կարողացել են հիվանդության դեպքերը տարածել ժամանակի մեջ, հիմնականում հաջողել են։ Երբ ունենում ես պիկ, և հատկապես ծեր մարդկանցով պիկ, առողջապահական որևէ համակարգ դրան պարզապես չի կարող դիմանալ, որովհետև այդ ժամանակ գործում են պատերազմական օրենքները։ Իտալիան մահերի թվով 3000-ին է մոտենում, և եթե Իտալիան պիկը հարթեցներ, խնդիր չէր ունենա։ Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ այդ պիկերը հարթեցնենք և չունենանք ծանր դեպքեր»։

Այս պահին Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի անբավարարության խնդիր չկա։ Ավելի վաղը Արսեն Թորոսյանը նշել էր, որ երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 և ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։ Մի քանի օրից Հայաստանում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված Ռուսաստանից, 10-15 օրից՝ ևս 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից։

https://www.facebook.com/lurer.1tv/videos/542405429736419/