Մարտի 16-ին, ժամը 13:00 դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք. 2-ը հաստատվել է այսօր, 8- ը՝ երեկ, մարտի 15-ին, 7-ը՝ մարտի 14-ին։
30 վարակվածներից 19-ը, այդ թվում՝ դպրոցահասակ երեխան, Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են (կամ նրանց հետ սերտ շփում ունեցած մարդիկ), որոնք արդեն 5 օր է` մեկուսացված են։ Երեկ մեկուսացվել են նաև երեխայի դասընկերներն ու ուսուցիչները։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/520117422215075/
_Դեպքերից մեկը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերադարձած քաղաքացու մոտ: Վերջինիս հետ շփում է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ընտանիքի հետ միասին գտնվում էր Սևանում՝ ինքնամեկուսացման մեջ։ Թեստ հանձնելուց և բացասական պատասխան ստանալուց հետո Փաշինյանն այսօր առավոտյան վերադարձել է Երևան։
_ Վարակվածության հաստատված դեպքերից ևս մեկը արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, գիշերը աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանակում՝ հասկանալու համար, թե ովքեր են վարակվածի հետ կոնտակտ ունեցել։ Նրանք ևս կմեկուսացվեն։
_ Վերջին տվյալներով, 300 հոգի մեկուսացված է: Նրանցից 125-ի թեստի արդյունքները բացասական են։ Վերջին թարմացման համաձայն (մարտի 15), մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն:
Վարակվածներից 2-ը թոքաբորբ ունի։ Մնացածը ջերմում են կամ նույնիսկ ջերմություն չունեն։ Երկու հոգի՝ 61 և 70 տարեկան, ռիսկային գոտում են։ Փաշինյանի հաղորդմամբ, նրանց ինքնազգացողությունը լավ է։
_ Հայաստանում մարտի 15-ին արձանագրվել է կորոնավիրուսի բուժման առաջին դեպքը․ Իրանից ժամանած 28-ամյա տղամարդը ապաքինվել է։ 14 օր կարանտինում մնալուց հետո նրա մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։ Թորոսյանի հաղորդմամբ, երեկ և այսօր արված թեստերի արդյունքները եղել են բացասական։
_ Ժամը 15:00-ին Կառավարությունում խորհրդակցություն կհրավիրվի, որի ընթացքում կքննարկվի Հայաստանում կամ Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում, կչեղարկվի (կհետաձգվի) նաև հանրաքվեն։
Անվտանգության նկատառումներից ելնելով, երեկ որոշվել է
― փակել առևտրի կենտրոնները․ մարտի 16-ից 23-ը չեն գործի «Երևան մոլը», «Դալմա գարդեն մոլը», «Ռիո մոլը», «Մեգամոլը», «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը», «Տաշիր» և «Ռոսիա» առևտրի կենտրոնները։
Առևտրի կենտրոններում գտնվող սուպերմարկետները և դեղատները չեն փակվի։
― փակել Էջմիածին քաղաքի ելքերից 24-ը՝ բաց թողնելով միայն Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս ավտոճանապարհները։ Էջմիածինը այս պահին շարունակում է մնալ Հայաստանի ամենառիսկային քաղաքը։ Քաղաքի ելումուտերը երեկվանից վերահսկվում են․ բոլոր քաղաքացիները ջերմաչափում են անցնում, ջերմություն կամ այլ գանգատներ ունեցողներին քաղաքը լքել չի թույլատրվում։
― Պետաշխատողների մի մասի աշխատանքը կազմակերպել հեռահար եղանակով․ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի փոխանցմամբ, պետական գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել հեռահար աշխատելուն անցնելու հնարավորությունը։ Այս հանձնարարությունը վերաբերելու է նախևառաջ 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող աշխատակիցների, հղի կանանց և բազմազավակ մայրերին։
Ավելի վաղ որոշվել էր նաև
― փակել բոլոր ցամաքային սահմանները․ մարտի 14-ից մինչև մարտի 24-ը կկասեցվի Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը։ Չի գործի նաև եկաթուղին։ Տեղաշարժի սահմանափակումները չեն տարածվի միայն բեռնափոխադրումների վրա։ Հիշեցնենք, որ Իրան֊Հայաստան սահմանը ևս փակ է, նաև՝ բեռնափոխադրումների համար։
Հայատսանում գտնվող Վրաստանի կամ Իրանի քաղաքացիների և Վրաստանում կամ Իրանում գտնվող հայաստանցիների հայրենիք վերադառնալու իրավունքը չի սահմանափակվի։
«Զվարթնոց» օդանավակայանը կշարունակի գործել։ Որոշ չվերթներ կչեղարկվեն։ Ռիսկային երկրներից ժամանող բոլոր քաղաքացիները կմեկուսացվեն։
― փակել մշակութային և կրթական հաստատությունները․ բոլոր տեսակի՝ պետական, միջազգային և մասնավոր, ուսումնական հաստատությունները փակվել են մարտի 13-ին։ Դասերը կդադարեցվեն մինչև մարտի 23-ը։ Անհրաժեշտության դեպքում, ժամկետը կերկարաձգվի։
Փփակվել են նաև ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր թատերական և համերգային կազմակերպությունները, թանգարանները, գրադարանները։ Չի գործում նաև կենդանաբանական այգին։
― Հետաձգել և չեղարկել զինծառայողների արձակուրդները։
― Չեղարկել հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում նախատեսված մարդաշատ միջոցառումները։
Հիշեցնենք, որ, ըստ օրենքի, հանրաքվեն կարող է կասեցվել միայն ռազմական կամ արտակարգ դրության հայտարարման դեպքում։
Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը (մետրոպոլիտենը, տրոլեյբուսները և շուրջ 150 ավտոբուս) պարբերաբար ախտահանվում է։
Խոշոր առևտրային ցանցերը հայտնում են, որ ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ։ Պարենային ճգնաժամ չի սպասվում․ մեծաքանակ գնումների անհրաժեշտություն չկա։
Սուպերմարկետներում հերթերից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտվել առաքումից։ Նախընտելի է վճարումներն անել առցանց կամ տերմինալներով։
Հ․գ․ Պետական մարմինների, այդ թվում՝ Առողջապահության նախարարի՝ կիրակնօրյա կրոնական ծեսերը չեղարկելու կոչերն երեկ մնացին անպատասպան։ Որոշ եկեղեցիներ կիրակի օրը՝ մարտի 15-ին, պատարագ են մատուցել՝ անտեսելով մարդաշատ հավաքներ չիրականացնելու և դրանցից խուսափելու հորդորը։
Պատարագներից հետո Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված ժողովը, ճիշտ է, հանդես է եկել հայտարարությամբ՝ «կոչ անելով հետևողականությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված ցուցումները և իրականացնել համաճարակի կանխարգելման բոլոր միջոցառումները»: Մոտակա ժամանակներում պատարագներ էլ չեն լինի։